Ներքին 2 տարի առաջ - 14:35 28-12-2023

«Արցախ. վտանգված ժառանգություն» պատկերագիրքը համազգայինի փոքրիկ ներդրումն է Ադրբեջանի կեղծ քարոզչության դեմ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի աշխատասիրությամբ:

«Այս պատկերագիրքը Համազգայինի փոքրիկ ներդրումն է Ադրբեջանի կեղծ քարոզչության դեմ, ասել է թե՝ մեր խոսքը՝ ուղղված միջազգային հանրությանը»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, երախտագիտություն հայտնելով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամին, հանձին Րաֆֆի Քորթոշյանի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին, հատկապես՝ Արմինե Հայրապետյանին համագործակցության համար, հովանավորներին և Համազգայինի Կենտրոնական վարչությանը, որ միշտ կարևորում ու սատար է կանգնում նման ծրագրերի իրականացմանը։

«Ի սկզբանե որոշել էինք, որ գրքում պետք է ընդգրկվեն Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը։ Ընտրվել են իրենց ճարտարապետությամբ, նշանակությամբ և ունեցած դերով առավել աչքի ընկնող 250 հուշարձան։ Ցավոք, դեռևս չէինք հրատարակել, երբ վրա հասավ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունը և արձանագրեց ամբողջական Արցախի բռնազավթումը, ինչը ցավոք սրտի՝ հանգեցրեց երկրորդ հատորն ունենալու անհրաժեշտությանը»,- ասում է Հերմինեն, ում խոսքով այսօր բոլորս պարտավոր ենք պայքարել մեր մշակույթի, մեր ինքնության պահպանման, մեր ազգային արժանապատվության համար։

Պատկերագրքի հեղինակ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պարտադրանքով, բոլոր միջոցներով, բոլոր հարթակներից բոլորս պարտավոր ենք խոսել մեր վտանգված մշակութային ժառանգության մասին։

«Սա պատկերագրքի առաջին հատորն է։ Երկրորդ հատորը, որը դեռ կազմվում է, կներառի սեպտեմբերի վերջին բռնի տեղահանության հետևանքով Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգությունը։ Ու քանի որ, Ադրբեջանը Արցախը հայաթափելուց հետո անցել է մշակութային զտման և մշակութային ցեղասպանության ակտիվ քաղաքականությանը, այս պատկերագիրքը այդ քաղաքականության դեմն առնելու մի փոքրիկ փորձ է»,- մասնավորապես նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցեցին գրքի լույս ընծայմանը, իր խոսքում մտահոգություն հայտնեց, որ գիրքը տպագրվել է հասարակական միջոցներով։ Մինչդեռ շատ ավելի լավ կլիներ, որ այն դառնար պետական քաղաքականության մաս։

«Դատելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունից, մինչ դուք կընթերցեք գիրքը, Արցախի վտանգված հուշարձանների մի մասն արդեն ավերված կլինի։ Գրքի նախաբանում գրված այս տողերն ուղերձ են թե՛ մեզ, թե՛ առաջադեմ մարդկությանը։ Իսկ մենք մաղթենք, որ մինչև երկրորդ հատորի տպագրումը, առաջին հատորի շապիկը փոխելու անհրաժեշտություն առաջանա»,- ասաց Արմինե Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը