Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:37 20-04-2023

Հայաստանը և Իրանը ադրբեջանաթուրքական քարոզչության դեմ կարող են հանդես գալ մեկ ճակատով

«Ինչպես ցանկացած երկիր, Իրանը ևս իր շահերն ունի։ Պարզապես հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո Իրանի ու Հայաստանի շահերը մեծամասամբ համընկնում են»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացված հարցմանը, որտեղ հարցվածների գրեթե 80 տոկոսը տեսակետ էր հայտնել, թե Իրանը հայամետ քաղաքականություն է վարում։

«Ընդհանուր շահերից տպավորություն է կազմվում կամ կարծիք է ձևավորվում, որ Իրենն աջակցում է Հայաստանին։ Այն, ինչ առաջին հերթին Իրանը պաշտպանում է, սեփական շահերն ու սահմաններն են»,- ասաց նա։

Այսպիսի կարծիքի ձևավորումն, ըստ փորձագետի, առավել ակնհայտ է դառնում հատկապես Ադրբեջանում առկա հակաիրանական քարոզչության ֆոնին։

«Բոլոր հարթակներում, բոլոր առումներով այդ քարոզչությունը տարվել է թե՛ նախքան Արցախյան վերջին պատերազմը, ու հատկապես ուժգնացել է պատերազմից հետո, մանավանդ վերջին ամիսներին։ Հետևաբար բավականին սպասելի էր, որ ադրբեջանցիները նման արձագանք էին տալու և նման կերպ էին պատասխանելու այդ հարցին»,- ասաց նա։

Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանում այս գաղափարախոսությունն այնքան է արմատ տվել հասարակության շրջանում, որ այն անգամ արտահայտվում է ասացվածքներում։

«Մի ասացվածք կա․ այսպես է հնչում՝ «Հայը, ռուսը, իրանցին, սրանք են թուրքի թշնամին»։ Այսինքն, ժողովրդական մակարդակում էլ խորքային ձևով նստած է իրենց մոտ, որ Հայաստանն ու Իրանն իրենց թշնամիներն են։ Հատկապես հիմա դա ավելի է ուժգնացել, որովհետև ադրբեջանական մամուլում Իրանին ներկայացնում են որպես Հայաստանին հավասար թշնամի»,- ասաց նա։

Այս ֆոնին, իրանագետը կարևորում է Հայաստանի ու Իրանի համընկնող շահերի համընկնման շրջանակներում գործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։

«Իրականում շատ հարցեր կան, որոնք տեսանելի չեն, ու դժվար է ասել, թե ինչ քայլեր են արվել ու ինչ քայլեր չեն արվել։ Ամեն դեպքում, մենք իրենց հետ ունենք հարաբերությունները խորացնելու մեծ հնարավորություններ, մանավանդ հիմա, երբ դրա համար առկա է շատ ավելի բարենպաստ մթնոլորտ»,- ասաց նա։

Այս առումով, ըստ իրանագետի, հատկապես կարևոր է հայ-իրանական ռազմատեխնիկական գործակցությունը։

«Այդուհանդերձ, քանի որ այս ոլորտը բավականին փակ ոլորտ է, դժվար է ասել, թե այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել կամ չեն տարվել։ Ռազմական ոլորտում գործակցության դեպքում դա տեսանելի կարող էր լինել, եթե, օրինակ, տեղեկություն ստացվեր հայկական բանակում իրանական ինչ-որ ռազմական տեխնիկայի հայտնվելու վերաբերյալ։ Իսկ դրա հավանականություն շատ քիչ է։ Դժվար է նստել ու սպասել, թե երբ կլինի նման բան։ Իսկ պաշտոնական աղբյուրները հերքում են նման որևէ տեղեկություն։ Նույն ԱԹՍ-ների դեպքում ասել են, որ չկա գործակցություն։ Թե այդ հերքումն ինչ հիմքով է արվել, դեռևս հստակ չէ»,- ասաց նա։

Հայ-իրանական հարաբերությունների հետ կախված, հայկական կողմի թույլ տված ամենամեծ բացը, ըստ իրանագետի, երկու հասարակությունների՝ միմյանց լավ չճանաչեն է, ինչը կարող է խոչընդոտ դառնալ հետագա գործակցության առումով։

«Սա հատկապես ակնառու է տնտեսական ոլորտում։ Հիմնական անելիքը, որն այս պահին ունենք, այդ բացը լրացնելն է։ Բացի այդ, Իրանում պետք է առավել ակտիվացնել հայկական թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ներկայությունը։ Աշխատանքներ պետք է տարվեն նաև դիվանագիտական ուղղությամբ։ Մասնավորապես, Թավրիզում՝ հյուպատոսարանի տեսքով։ Նաև քանի որ այս պահին կա այդ բարենպաստ մթնոլորտը, ապա կարելի է խորացնել գործակցությունը՝ իրանական մեդիադաշտի ու հետազոտական կենտրոնների հետ, ադրբեջանաթուրքական քարոզչության դեմ հանդես գալ միասնական ճակատով։ Այդ հնարավորություններն ու շահագրգռվածությունը կա, մնում է միայն աշխատանքն ինտենսիվացնել այդ ուղղությամբ։ Հատկապես հիմա դրա ճիշտ ժամանակն է»,- եզրափակեց փորձագետը։