Ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզում թափառող շների հիմնախնդիրը հասարակության առավելապես լայն շերտերի ամենաանհանգստացնող թեման է։ Շները հաճախ են ոհմակներով հարձակվում անցորդների վրա, ինչն էլ հաճախ ուղեկցվում է անցանկալի արդյունքներով։
Օրերս «Կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ»-ի հիմնադիր Հրանտ Դավոյանը յութուբյան ուղիղ եթերի շրջանակներում նշեց, որ 2022 թվականին Մասիս համայնքում, որը նույնպես աչքի է ընկնում թափառող շների քանակի մեծ բազմազանությամբ, 25 մլն գումար է եղել նախատեսված թափառող շների ստերջացման համար, սակայն, ըստ Դավոյանի կարծիքի, այդ գումարը, որ կարող է բավարարել 1000 շան ստերջացման համար, չի ծառայել բուն նպատակին։
Առավել ամբողջական խնդրի շուրջ պատկերացում կազմելու համար
Oragir.News-ը կապ հաստատեց «Կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ»-ի հիմնադիր Հրանտ Դավոյանի հետ, որն էլ նշեց, որ հազիվ 100 շուն ստերջացված լինի․ «2022 թվակաին Մասիս համայնքը շահել է տենդեր, որի արժեքը 25 մլն դրամ է կազմում, ինչը կբավարեր 1000 շան ստերջացման համար։ 1000 շուն չի ստերջացվել, որովհետև մեր՝ կենդանասերների հաշվարկով՝ մոտ 100 շուն է եղել ստերջացված։ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը օգտագործում է Երևանի ռեսուրսները՝ անասնաբույժների աշխատավարձը, մեքենաների տեղափոխում՝ Երևանում չանելով պատշաճ աշխատանք։ Հիմա էլ Ձորաղբյուրում, Ջրվեժում, Մասիսում են վատնվում ռեսուրսները, և հաշվարկ էլ չունեն ստերջացման։ 2023 թվականին հայտարարված տենդերը, որը նույնպես 25 մլն-անոց էր, չի կայացել, քանի որ մասնակից չի եղել, հետևաբար Մասիսում այս տարի ստերջացման գործընթաց չի եղել»։
Oragir.News-ը զրուցել է նաև Մասիսի համայնքապետարանի հետ, որն էլ այսպիսի վիճակագրություն և իրականություն ներկայացրեց․ «Մենք ստերջացման գործընթաց հիմա էլ ենք անում և՛ Մասիսից, և՛ հարակից գյուղերից․ դա պարբերական բնույթ է կրում, որովհետև Մասիս համայնքում թափառող կենդանիների խնդիրը, իմ տեսանկյունից, նույնիսկ գերխնդիր է։ Դժգոհություններ, բնականաբար, շարունակում են լինել, որովհետև թիվը մեծ է»,- ասաց Մասիսի համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի՝ 2023 թվականին 351 շան ստերջացում է կատարվել, թեպետ, ըստ պայմանագրի, մինչ տարեվերջ նախատեսված է իրականացնել 400 շան ստերջացում․ «Նախորդ տարի թափառող շների ստերջացման նպատակով բյուջեով նախատեսված է եղել 25 մլն գումար, որից ծախսվել է 15 մլն 720 հազար դրամը։ Մեկ շան ստերջացումը 25․000 դրամ է։ Պայմանագրով նախատեսվում է ստերջացնել գոնե 400 շան, որը պարտադիր պայման է, ավելին, ըստ անհրաժեշտության՝ այսինքն՝ երբ մենք կդիմենք, ըստ այդմ էլ՝ կարձագանքեն, կգան, կտանեն, կստերջացնեն։ 2023 թվականին նույնպես նախատեսված է եղել նույն չափի գումար՝ 25 մլն դրամ։ Այս պահին 351 շան ստերջացում է եղել, նորից մեկ շան ստերջացումը 25․000 դրամ է։ Մինչև տարեվերջ կհասցնե՞նք 400 շուն ստերջացնել, թե՞՝ ոչ, չեմ կարող ասել։ Ահազանգով ենք իմանում։ Շները ստերջացվում են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Եթե շունը խնդիրներ ունի, և իրենք պիտի բուժման գործընթաց իրականացնեն, հետո՝ որոշ ժամանակ հետո նոր վերադարձնեն, այդ ընթացքում եղել են ահազանգեր, որ քաղաքացիները անհանգստացած դիմել են, թե որտեղ է իրենց քոթոն․ տարել, չեք բերել։ Մինչև քոթոյին չենք վերադարձնում այդ տեղերը, զանգերը չեն դադարում։ Հազիվ թե 1-2 դեպք եղած լինի, երբ շանը տանեն և չվերադարձնեն, որովհետև, ի դեպ, մեր բնակիչները շատ հետևողական են։ Հստակ չեմ ասում, որ նման դեպքեր եղել են, երբ շունը չի վերադարձվել․ կարող է շունն ունենալ այնպիսի խնդիրներ, որոնք բուժման էլ ենթակա չեն, բայց այդպիսի նախադեպի մասին չեմ լսել։ Բայց կառույցից հայտնում են, որ կարող են լինել նման կենդանիներ, որոնց բուժումը անարդյունավետ է և աննպատակահարմար»։
Հարցին՝ կարո՞ղ են արդյոք հանրային վերահսկողության շրջանակներում քաղաքացիները մուտք ունենալ ՀՈԱԿ և ծանոթանալ կառույցի աշխատանքներին, Քերոբյանն ասաց․ «Այդ մասին տեղեկատվություն չունեմ ու չեմ էլ կարող պատասխանել։ Չեմ տիրապետում ինֆորմացիային, չգիտեմ՝ հնարավո՞ր է, թե՞՝ ոչ։ Իմ տեղեկություններով՝ սա Երևանի քաղաքապետարանի ՀՈԱԿ է, որը շների ստերջացումն իրականացնելու համար մրցույթով հաղթած կառույցն է, որն էլ իրականացնում է գործընթացը։ Իրենք գալիս են, բռնում են, տանում են։ Գործընթացը կատարվում է ամեն ինչ ֆիքսելով․ շանը որտեղից բռնեցին, իրենք նորից պիտի շանը վերադարձնեն նույն տարածք՝ արդեն ստերջացված»։