copy image url
Արտաքին Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:00 22-12-2023

Թուրքիայի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի Հայոց ցեղասպանության ճանաչման վրա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բանասեր, մանկավարժ Trésors d’Arménie հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մասնակցել է «Նպաստել հայոց պատմության ըմբռնմանը» թեմայով կոնֆերանսին։

Oragir.News-ը զրուցել է ֆրանսահայ մանկավարժի հետ, ով մանրամասներ է հայտնել ինչպես կոնֆերանսի, այնպես էլ սփյուռքում իրենց ծավալած գործունեության մասին.

-Տիկի՛ն Հարությունյան, Ֆրանսիայի Ազգային ժողովում մասնակցել եք Նպաստել հայոց պատմության ըմբռնմանը թեմայով կոնֆերանսին, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը։ Կխնդրեմ մանրամասնեք, թե ինչ հարցեր են քննարկվել կոնֆերանսում՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության համատեքստում։

Դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում (Assemblée Nationale) տեղի ունեցած կոնֆերանսը «Նպաստել հայոց պատմության ըմբռնմանը» (‘Promouvoir la compréhension de l’histoire des arméniens’) թեմայի շուրջ էր։ Կոնֆերանսին հրավիրված բանախոսներն էին թուրք սոցիոլոգ և պատմաբան Թաներ Աքչամը և ֆրանս-իտալական քաղաքական մեկնաբան, դասախոս և գրող Ալեքսանդր Դել Վալը։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթները և դրանց ֆոնի վրա զարգացող իրադարձությունների կարևորությունը արևմտյան երկրների համար, մարդկային ահռելի կորուստները, որոնք կրեց Հայաստանը պատերազմի հետևանքով, ժողովրդավարության և արդարության խնդիրները, բռնությունների դեմ պայքարում ձեռնարկվող քայլերի կարևորությունը, Հայկական սփյուռքի՝ կարող և ազդեցիկ տարր լինելու փաստը՝ հավաքական գործողությունների միջոցով մարտահրավերները հաղթահարելու հարցում, շեշտվեց նաև ֆրանսահայ խորհրդի դերը։

Կոնֆերանսի զգալի մասը հատկացված էր Թաներ Աքչամի ‘‘The 100 years of Apartheid’’ նոր գրքի քննարկմանը, ապարտեիդ հասկացությանը, դրանից բխող խտրական օրենքների, քաղաքականության դատապարտմանը՝ զուգահեռներ տանելով Հայոց ցեղասպանությանը և դրան հաջորդած տարիներին Թուրքիայում իշխող վարչակարգին։

-Որքանո՞վ եք արդյունավետ համարում նման միջոցառումների անցկացումը, երբ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից՝ այն պատվիրակելով հայկական սփյուռքին։

-Նմանատիպ միջոցառումների անցկացումը առաջին հերթին նպաստում է միջազգային իրազեկմանը։ Միջազգային գիտաժողովները, կոնֆերանսները, կամ նմանատիպ ցանկացած այլ միջոցառում հարթակ են հայոց պատմության ավելի լայն ըմբռնման, կառուցողական փոխանակման, և, ի վերջո, մեր դիվանագիտական շահերի պաշտպանության։ Մասնավորապես արտերկրում տեղի ունեցող քննարկումները կարող են ծառայել որպես Հայոց ցեղասպանության ճանաչման դիվանագիտական քարոզչության «կատալիզատոր»։ Այլ կերպ ասած՝ դրանք ցանցային հնարավորություններ են ստեղծում հետազոտողների, գիտնականների, քաղաքագետների և պարզապես ազդեցիկ գործիչների միջոցով Հայոց ցեղասպանության հարցի «տեսանելիությունը» և լսելի լինելը բարձրացնելու և արդեն առավել լայնամասշտաբ քայլեր իրականացնելու համար։

Ներկայումս Հայկական սփյուռքը զգալի դեր է խաղում Ցեղասպանության ճանաչման քարոզչության գործում՝ հնարավորինս մոբիլիզացնելով իր ջանքերը և գործողությունները։ Հայկական սփյուռքի համախմբումը կբերի գործողությունների համակարգման, ինչն էլ մարտահրավերները հաղթահարելու կարևոր նախապայման է։

Ինչ խոսք, անժխտելի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված բարդությունը՝ կախված քաղաքական համատեքստից, ներկայիս միջազգային հարաբերություններից և ներգրավված տարբեր դերակատարների դիրքորոշումներից։

Թեև Հայաստանի իշխանությունները ճանաչման գործընթացը մասամբ պատվիրակել են Սփյուռքին, դա չի նվազեցնում միջազգային ջանքերի կարևորությունը: Ճիշտ հակառակը՝ նման համաժողովները կարևոր հնարավորություն են ոչ միայն հասարակական իրազեկման համար, այլև կարող են ազդել հասարակական կարծիքի և արտաքին քաղաքականության վրա՝ իրապես խրախուսելով կառավարություններին ավելի ամուր դիրքորոշումներ ընդունել Ցեղասպանության ճանաչման հարցում:

Ես խորապես հավատում եմ, որ, չնայած մարտահրավերներին, նմանատիպ միջոցառումները բաց երկխոսության հիմքեր դնելու հնարավորություն են։

-Միջոցառմանը մասնակցել է նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Նրա հետ ունեցած շփումներից ի՞նչ կարծիք եք կազմել՝ նա իսկապե՞ս դատապարտում է սեփական պետության կողմից կատարված ոճրագործությունը, թե՞ նրա հայտարարությունները առավելապես քարոզչական բնույթ են կրում։

-Թաներ Աքչամը՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտած ազգությամբ թուրք սոցիոլոգ, պատմաբան և առաջին թուրք ակադեմիկոսներից մեկն է, ով բացահայտորեն ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Այս փաստը, ինչ խոսք, շատ կարևոր է, քանի որ Աքչամի՝ որպես թուրք պատմաբանի դիրքորոշումը փաստացի հակասում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, ինչն էլ, կարելի է ասել պատմական արդարության հարցում նրա նվիրվածության ցուցիչ է։

Այս ամենով հանդերձ՝ կա որոշակի կասկած Աքչամի՝ Հայոց ցեղասպանության հարցում բացարձակ դատապարտողի կեցվածքի առումով, քանի որ թուրք պատմաբանը Հայոց ցեղասպանությանը առնչվող առանցքային հարցերը, ինչպիսիք են հայրենիքի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքի վերականգնման հարցը և թուրքական պետության պատասխանատվության հարցը, ոչ միայն խուսափում է քննարկել, այլև կարծես փորձում է արմատավորել այն միտքը, որ դրանք երբեք իրականություն չեն դառնա, քանի որ, ինչպես ինքը նշեց կոնֆերանսի ժամանակ իր խոսքի մեջ․ «Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերը երբեք ուժ չեն ունեցել դիմակայելու այս պետությանը (Թուրքիային)։ Նրանք չկարողացան: Այսպես վարվեցին Հանրապետականի ժամանակ՝ որդեգրելով գոյատևման ռազմավարություն»․

''Armenians who survived the Armenian Genocide never had the power to resist this state. They couldn't. This is how they acted during the Republican period, adopting a strategy of survival. They developed a sort of dual identity: the Armenian identity they kept for themselves and an identity presented to the public. This is how Armenians survived in Türkey''. (Taner Akcham, Conférence ; Assemblée Nationale ; Paris ; 18 /12/2023)

Ինչ ասել է՝ հայերը երբեք ուժ չեն ունեցել դիմակայելու։ Որն է այդ ուժը՝ զենքի ուժը, զորքի, թե նավթադոլարային առքուվաճառքի։

Ժողովուրդների իրավունքներից խոսողը, ինստիտուցիոնալացված, խտրական օրենքների, քաղաքականության և գործելակերպի միջոցով այս կամ այն ուժի գերիշխանությունը դատապարտողը, Ցեղասպանությունը ճանաչած անձը պիտի որ առաջ քաշի իրավունքի և օրենքի միջոցով ժողովուրդներին տրվող ուժի և իրավունքի գաղափարը, ոչ թե զենքի ուժով իրավունքի հաստատումը՝ հաստատելով հայտնի բանաձևը, որ ուժն է ծնում իրավունք։

Ճիշտ հակառակը պիտի լինի՝ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԻՏԻ ԾՆԻ ՈՒԺ, և այդ ուժը պիտի լինի բացարձակ, անքննելի, անբեկանելի և գործող։

Չէ որ կարծես հենց այդ իրավունք կոչվածի համար են Մարդու իրավունքների երեք միջազգային փաստաթղթերը՝ կոնվենցիաները, որոնք բացահայտորեն արգելում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝

1․ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1965 թվականին),
2․Ապարտեյդի հանցագործությունը վերացնելու և ՊԱՏԺԵԼՈՒ մասին միջազգային կոնվենցիան (ընդունվել է 1973 թվականին),
3․ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (ընդունվել է 1998 թ.):

Ապարտեիդը դատապարտող անձը, ով դատապարտում է Ցեղասպանությունը վերջինիս հարցում ևս պետք է միտված լինի ՊԱՏԺԻ և փոխհատուցման գաղափարին։ Չէ որ Ապարտեիդ թե Ցեղասպանություն հիմքում նույնն է՝

բնակչության բռնի տեղափոխումը, խոշտանգումները և սպանությունները,

մի ռասայական խմբի՝ տվյալ դեպքում թուրքերի գերակայությունը մյուսի նկատմամբ պահպանելու մտադրություն:

Իսկ ինչու եմ ասում, որ ուժ ասելով Աքչամը ավելի շատ նկատի ուներ զենքի ուժը, շատ պարզ, քանի որ իր պատասխանի շարունակության մեջ նա նաև նշեց, թե հայերը երբեք զենք չեն վերցրել կամ դիմադրել, այլ մշակել են հավասար իրավունքների վրա կենտրոնացած ռազմավարություն՝ սրանով էլ իր հերթին հերքելով այն վարկածը, թե հայերի հանդեպ ջարդի պատճառներից մեկը հայերի կողմից հրահրած ըմբոստությունների ալիքն էր, ինչը վտանգ էր ներկայացնում Օսմանյան կայսրությանը։

‘‘ Armenians never took up arms and resisted, but rather developed a strategy focused on equal rights. They knew they had survived a Genocide and did not have the power to openly resist’’(Taner Akcham, Conférence ; Assemblée Nationale ; Paris ; 18 /12/2023)

Նման առանցքային հարցերի շուրջ Թաներ Աքչամի խուսափողական և, ինչու չէ, կասկած հարուցող դիրքորոշումը, տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ։ Քանի որ Հայոց ցեղասպանության հետ կապված պատասխանատվության, պատժի և փոխհատուցման մասին թեմաները շատ զգայուն և նուրբ են Թուրքիայում, ուստի խուսափողական պատասխան տալով՝ պատմաբանը կարող է փորձում է նվազագույնի հասցնել քաղաքական լարվածությունն ու ճնշումները իր անձի հանդեպ։

Մյուս կողմից էլ հնարավոր է, որ Հայոց ցեղասպանություն եզրույթը գործածելով և առերևույթ այդ հանցագործությունը դատապարտելով, բայց իրավական գնահատական տալուց խուսափելով՝ Թաներ Աքչամը նպատակ է հետապնդում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պատասխանատվության հարցը տեղափոխել բացառապես բարոյական դաշտ՝ ազատելով պատասխանատվության և հատուցման գործընթացներից։

-Թուրքիայի իշխանությունները պարբերաբար պնդում են, որ հայկական սփյուռքը՝ հատկապես Ֆրանսիայում բնակվող, խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և ՀՀ իշխանություններին հորդորում են ճնշումներ գործադրել։ Համաձա՞յն եք Անկարայից հնչող այս հայտարարությունների հետ, և Երևանից այս հարցով նկատմամբ ճնշումներ զգացե՞լ եք։

-Այն, որ Անկարայից պարբերաբար հնչում են նման հայտարարություններ, նորություն չէ։ Բավարար է հիշել Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կատարած հայտարարությունը, թե «Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, թե, իբր, սփյուռքի որոշ հատված դեմ է լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում է թշնամությանը», որից հետո էլ Չավուշօղլուն թուրքական համայնքին ուղղորդել է հայերի դեմ գործողությունների՝ կոչ անելով «պայքարել նման դրսևորումների դեմ»։

Հարկ եմ համարում նշել, որ մինչև 2012 թվականը Ֆրանսիան ուներ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որն ընդունվել էր 2001 թվականին։ Այսինքն՝ Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում՝ 1915 թ․-ի Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն ժխտումը պատժվում էր քրեական պատժամիջոցներով։ 2012-ին, սակայն, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեց այս օրենքը՝ ասելով, որ այն խախտում է խոսքի ազատությունը։ Որոշումն ընդունվել էր ի պատասխան օրենսդիրների և այլոց կողմից ներկայացված բողոքի, որոնք պնդում էին, որ օրենքը հակասահմանադրական է։ Իսկ ահա Հոլոքոստի ժխտումը մինչ օրս պատժվում է Ֆրանսիայում։ Թե ովքեր էին այդ «այլոք», որոնց կողմից ներկայացված բողոքը հիմք հանդիսացավ ընդունված օրենքի անվավեր ճանաչման, մնում է գուշակել, բայց որ եղածը զգալի հետքայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում, դա փաստ է։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա թուրքադրբեջանական կողմի հետ որդեգրած այսօրվա զիջողականության ու «մահացու» խաղաղության այս որդեգրած օրակարգը, կարելի է ասել, իր հերթին ճնշող հանգամանք է հանդիսանում հայոց արդար պահանջատիրության հարցում։

-Որպես սփյուռքահայ մանկավարժ՝ ի՞նչ մոտեցումներ ունեք հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցում, կո՞ղմ եք այս գործընթացին։

-Ես՝ որպես հայ մանկավարժ և պարզապես հայ, ով պահանջատեր է պատմական արդարության հաստատման հարցում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համարում եմ վճռորոշ քայլ՝ ուղղված փոխըմբռնման, հաշտեցման և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ երկխոսության կամ հաշտեցման ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի Հայոց ցեղասպանության ճանաչման վրա։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է առաջ շարժվելու ամուր հիմքեր ստեղծելու համար։ Սա չպետք է դիտվի երկխոսությունը փակուղի տանող որպես միակողմանիորեն պարտադրված պայման, այլ ավելի շուտ որպես պատմական ճշմարտության և արդարության հիմնարար տարր։

Ցեղասպանության ճանաչումն է վստահելի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա հարաբերությունների պայմանը։

Ես կողմ եմ և լավատես հայ-թուրքական կառուցողական երկխոսության հնարավորության վերաբերյալ, սակայն կարևոր է, որ այս երկխոսությունը խարսխված լինի պատմական իրողությունների ճանաչման և ընդունման վրա։

Դավիթ Գույումջյան

adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
22:25 Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
11:30 Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին
13:52 Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի