Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 22-12-2023

Կարմիր գծերը կջնջվեն, ինչպես ՀՀ ստորագրությունը Մագնիտսկու ցուցակի տակից

Մագնիտսկու ցուցակի հետ կապված խայտառակ իրավիճակը ապացուցեց, որ ՀՀ-ն արտաքին և անվտանգային քաղաքականություն չունի։ Ինչպե՞ս էր Հայաստանի անունը հայտնվել ստորագրողների շարքում և ի՞նչ կորցրեց Հայաստանն իր անունը ջնջելու արդյունքում։

Մագնիտսկու ցուցակում ներառվում են պաշտոնյաներ, որոնց գործունեության հետևանքով խախտվել են մարդու իրավունքները։ Ցուցակն ամեն տարի թարմացվում է։ Այն ստորագրողները պարտավորվում են պատժամիջոցներ, սահմանափակումներ կիրառել ցուցակում ներառված գործիչների նկատմամբ։ Ցուցակը ստորագրող պետությունները ժողովրդավարությունը համարում են քաղաքակրթական ընտրություն, իսկ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ պատժամիջոց են կիրառում անվտանգային նկատառումներով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդում, ասաց՝ «Կեցցե՜ ժողովրդավարությունը»։ Եվրոպատգամավորները ծափահարեցին նրան հոտնկայս։ Ենթադրելի է, որ եվրոպաշտոնյաները շատ են ոգևորվել այդ ելույթից, կարծել, թե ՀՀ-ն իրոք իրենց քաղաքակրթական դաշնակիցն է և Փաշինյանի հետ քննարկել են նաև Մագնիտսկու ցուցակին միանալու թեման։ Վերջինս էլ խոստացել է, որ կստորագրի, հաստատելով, որ սուտ չի խոսում, բլեֆ չի անում, իրոք՝ ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է համարում, մարդը՝ բարձրագույն արժեք։ Դրանից հետո էլ Ադրբեջանն է միացել, որպեսզի Հայաստանից հետ չմնա և չորակվի հակաժողովրդավարական։

Այնուհետև ՌԴ-ն փորձել է պատասխան ճնշում գործադրել ցուցակը ստորագրած երկրների վրա։ Հավանաբար՝ առաջինն Ադրբեջանն է ռուսական ճնշման տակ հետ վերցրել իր ստորագրությունը։ Դրանից հետո շանտաժի է ենթարկվել ՔՊ-ական իշխանությունը, որն էլ խնդրել է ջնջել նաև Հայաստանի անունը։

Այսպես՝ ՔՊ-ական իշխանությունը ցույց տվեց, որ արտաքին և անվտանգային քաղաքականություն չունի, սկզբունքայնություն չունի, արժեքներ չունի, ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն չի համարում, այլ սոսկ կառավարման ձև, իսկ մարդու իրավունքները պաշտպանում է միայն ՀՀ տարածքում, այն էլ՝ ընտրողաբար։ Օրինակ՝ Փաշինյանին քննադատողների իրավունքները ոտնահարելը հաշիվ չի։

Սա հերթական քննությունն էր, որը ՔՊ-ն չհանձնեց։ ՌԴ-ն ապացուցեց, որ ՀՀ-ն դեռ իր ազդեցության գոտում է։ Եվրոպայում հասկացան, որ այստեղ քաղաքակրթական դաշնակից դեռ չունեն, իսկ ՀՀ-ն հերթական անգամ խայտառակ եղավ ՔՊ-ական իշխանության անպատասխանատու և բոլորահաճո քաղաքականության հետևանքով։

Առաջիկայում սպասվում է ևս մեկ քննություն։ ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է դեկտեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախաամանորյա փարթիներ են կազմակերպվելու, նաև ԱՊՀ և ԵՏՄ ժողովներ։ Փաշինյանն օրեր առաջ Հ1-ին տված հարցազրույցում մի քանի անգամ անգործության մեջ մեղադրեց ՌԴ-ին։ Նույնիսկ ակնարկեց, որ ռուսներն աջակցել, օժանդակել են Ադրբեջանին Արցախը բռնազավթելու և հայաթափելու ժամանակ։ Այդպիսով ցույց տվեց, թե հակված է մերժելու Պուտինի հրավերը։ Հարցազրույցի այդ հատվածն ուղղված էր հայ օլիգարխներին ու նրանց խոսնակներն, որոնք ուզում են, որ Փաշինյանը մասնակցի ԵՏՄ ժողովին, քանի որ ՌԴ-ում բիզնեսներ ունեն։ Իշխանության շրջանում մոտեցումների այսօրինակ բախումն ապացուցում է, որ ՔՊ-ն ոչ միայն արտաքին ու անվտանգային քաղաքականություն, այլ նույնիսկ պետական գիտակցություն (ֆրանսերեն՝ Raison d'État) դեռ չունի։

Կարճ ասած՝ եթե ՀՀ վարչապետը մեկնի ՌԴ, ապա նրա մինչ այդ արածներն ու ասածները, անկախության և ժողովրդավարության մասին նրա գծած նպատակային սահմաններն ու կարմիր գծերը կջնջվեն, ինչպես ՀՀ ստորագրությունը Մագնիտսկու ցուցակի տակից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն