Գրեթե 2 տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանվող պատժամիջոցները, որոնցով արևմուտքը ձգտում է ճնշել Վլադիմիր Պուտինի վարչակարգին, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը և իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից։
Այս պայմաններում արևմուտքը մեծ նշանակություն է տալիս, որ պատժամիջոցներին միանան ոչ միայն ԵՄ անդամները, այլ նաև ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը և այլն։ Մոսկվան երբեմն պնդում է, որ արևմուտքը ճնշումներ է գործադրում իր դաշնակիցների նկատմամբ, որպեսզի վերջիններիս ստիպի միանալ պատժամիջոցներին։
Դեկտեմբերի 17-ին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարություն տարածեց, որ ԵՄ անդամ 11 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի որոշմանը ևս մեկ տարով երկարաձգելու այսպես կոչված Եվրոպական Մագնիտսկու ցուցակը՝ Բրյուսելի կողմից սահմանված սահմանափակումները «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով։ Այս ռեժիմի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի և ընկերությունների նկատմամբ։
Հատկանշական էր, որ այս հայտարարությունից շատ չանցա պաշտոնական Երևանը՝ արտաքին գործերի նախարարության մակարդակով հերքեց այս հայտարարությունը, իսկ ավելի ուշ ԵՄ-ի պաշտոնական կայքից հեռացվեց այն հատվածը, որում նշվում էր, որ ՀՀ-ն միացել է պատժամիջոցներին։ Պատժամիջոցների ցանկից հեռացվել էր նաև։


Թեմային դեկտեմբերի 20-ին կայացած իր մամուլի ասուլիսում անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե դա արևմուտքի հերթական դավադրությունն է, իսկ ՌԴ-ի դաշնակիցները՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել այդ պատժամիջոցներին։
Հատկանշական էր նաև, որ Վրաստանը, որն օրեր առաջ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել, ի սկզբանե չէր հիշատակվել այս ցանկում։ Ավելին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թբիլիսին հավասարակշռված քաղաքականություն է վարում և առ այս չի միանում հակառուսական պատժամիջոցներին, իսկ Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերում է բացառապես հումանիտար աջակցություն։ Փորձագետների պնդմամբ՝ Վրաստանը հենց այս պատճառով Ուկրաինայից և Մոլդովայից 1 տարի ավելի ուշ ստացավ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը։
Նշենք, որ «Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Ի թիվս այլոց, այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քրեակատարողական դաշնային ծառայության նախկին տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռուսական գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ովքեր նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր շրջապատի անդամներն են։
Ցուցակում ընդգրկված են վեց երկրներից անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ հյուսիսկորեացի երկու նախարարներ և դատախազներ, լիբիացի զինյալներ, Հարավային Սուդանից գեներալ և Էրիթրեայի պետական անվտանգության բյուրոն: Աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ պատժամիջոցների ցուցակը ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։
ԵՄ-ի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը, որը երբեմն նաև կոչվում է «Մագնիտսկու եվրոպական ակտ», Բրյուսելին թույլ է տալիս «դատապարտել անհատներին, կազմակերպություններին և մարմիններին, ներառյալ պետական և ոչ պետական դերակատարներին, որոնք պատասխանատու են, ներգրավված են կամ առնչություն ունեն մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների հետ ամբողջ աշխարհում»:
Կարծում ենք, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե համաձայնել են միանալ այս հակառուսական պատժամիջոցներին, որի արդյունքում էլ ՀՀ-ի անունը ներառվել է ցանկում։ Սակայն ավելի ուշ, երբ ռուսական կողմը տարբեր խողովակներով Հայաստանին հորդորել է չմիանալ այս պատժամիջոցներին, Երևանը հրաժարվել է դա անելուց, և ՀՀ-ի անունը հեռացվել է այս ցանկից։
Այլ կերպ ասած Մոսկվան հուշում է, բայց չի պարտադրում, սակայն ՀՀ իշխանությունները ոչ մի դեպքում չեն անտեսում Մոսկվայի հուշումները։
Եթե խոսքը գնար սխալմունքի մասին, ապա առավել հավանական է, որ այս ցանկում հիշատակվեր Վրաստանի անունը, որն ամեն գնով խորացնում է արևմուտքի հետ իր հարաբերությունները՝ միևնույն ժամանակ ձգտելով լարվածություն չստեղծել ՌԴ-ի հետ։
Իրականում սա Հայաստանի իշխանությունների հերթական քայլերից է, որով նրանք ձգտում են հասարակության շրջանում հակառուսականության պատրանք ստեղծել, ընդ որում միայն հայտարարությունների մակարդակով, իսկ երբ հերթը հասնում է գործնական քայլերին, ապա խուսափում են դրանցից։ Բազմիցս առիթ ենք ունեցել պնդելու, որ
ՀՀ իշխանությունների ենթադրյալ հակառուսական քայլերը կրում են բացառապես քարոզչական բնույթ, իսկ գործնական բովանդակությունը դրանցում բացակայում է։
Նկատենք, որ չնայած Բորելի հայտարարությունը հերքվել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են խորհրդավոր լռություն պահպանել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ-ի անունն այս ցանկում սխալի հետևանքով չի ընդգրկվել։
Դավիթ Գույումջյան