2023 թվականի դեկտեմբերի 4-ին լրացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձը, որը ներկայացնում է ցեղասպանությունների իրագործումը ժխտող երկրների դիրքորոշումները։
Սան Պաուլոյի համալսարանի կողմից հրապարակված «Նորարարություն`գլոբալ կարգի վրա» հոդվածն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներին։ Կոնվենցիայի մասնակից պետությունները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռուսաստանը նոր ռազմական գործողություններից խուսափելու համար ձգտում էին հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ անտեսելով, որ ԼՂ-ում կարող է ցեղասպանություն տեղի ունենալ։
Կոնվենցիայի շրջանակներում դրան միացած պետությունները պարտավոր էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջել, որպեսզի նա վերանայի Հայաստանի վրա հարձակվելու իր մտադրությունը։
Ցեղասպանության կանխարգելման գործընթացի ամենահրատապ ասպեկտն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրենց կյանքն ու ունեցվածքը կորցրած քաղաքացիներին փոխահատուցում տրամադրվի, երաշխավորվի հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև ազատ արձակվեն Ադրբեջանում պահվող բոլոր անձինք, այդ թվում Արցախի 3 նախկին նախագահները և բարձրաստիճան մյուս պաշտոնյաները։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում առանձնացրել է մի քանի կարևոր կետեր.
ա) Լեռնային Ղարաբաղում կատարված էթնիկ զտումները և ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն.
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Խուան Մենդեսը հրապարակեց զեկույց, որում նշվում է,որ Ադրբեջանի քաղաքականության և պրակտիկայի հետևանքով բոլոր էթնիկ հայերի մոտ առաջացել են հոգեկան լուրջ խանգարումներ։ Ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել էր անգամ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, սակայն նրան հաջողվել էր փախչել՝ չնայած տեսողության խանգարմանը:
բ) ԼՂ-ի հարցում ցեղասպանությունը կանխելու իրավական պարտավորությունը.
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը ակտիվ գործունեություն էին ծավալում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ նոր պատերազմից խուսափելու և իրենց շահերը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, որպես Ցեղասպանության կոնվենցիայի կողմեր, նրանք իրավական պարտավորություն ունեն կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։
Կոնվենցիայի մասնակից պետությունները դեռևս 1915 թվականից նախընտրեցին չճանաչել և չհիշատակել ցեղասպանության վտանգը: Դեռևս 1915-ին Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանը երկրի կանցլերին զեկուցել է, որ կառավարությունը պատրաստ է հասնել իր նպատակին՝ վերացնելով հայկական ռասան թուրքական կայսրությունից։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիային Գերմանիայի կողքին պահելն է, անկախ նրանից՝ դրա հետևանքով հայերը կոչնչացվե՞ն, թե՞ ոչ։
գ) Միջազգային քրեական դատարանի իրավասությունը՝ Ադրբեջանի նախագահի նկատմամբ հետաքննություն սկսելու համար
2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանը պաշտոնապես վավերացրեց Հռոմի ստատուտը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։ Ադրբեջանը Հռոմի կանոնադրության մասնակից պետություն չլինելով՝ չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Հետևաբար, ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են բացառապես Ադրբեջանում, չեն կարող հետաքննվել ՄՔԴ-ի կողմից։
Միջազգային քրեական դատարանը Մյանմարի նախադեպում հաստատել է իր իրավասությունը շարունակական բնույթի հանցագործությունների նկատմամբ, ինչպիսիք են արտաքսումը և հալածանքը։Այս նախադեպն ուղղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, քանի որ ավելի քան 1 միլիոն ռոհինջաներ բռնի տեղահանվել էին Մյանմարի Ռախին նահանգից։Նման նախադեպից հետո Միջազգային քրեական դատարանը իրավասու կլինի հետաքննել Ադրբեջանի նախագահի մասնակցությունը՝ շարունակական բնույթի հանցագործություններում։
Արտակ Բեգլարյանի հայտարարության ամփոփումը
Լեռնային Ղարաբաղում ծնված Արտակ Բեգլարյանը և իր ընտանիքը 2023 թվականի օգոստոսից որոշեցին մնալ Լեռնային Ղարաբաղում՝ չնայած շրջափակմանը, սովին, էներգիայի ու բենզինի բացակայությանը։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արտակ Բեգլարյանը գիտակցեց, որ ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ո՛չ էլ միջազգային հանրության որևէ անդամ չեն օգնի։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ գրեթե բոլորը որոշեցին փախչել, քանի որ միջազգային երաշխիքների նկատմամբ հույս ու վստահություն չկար։
«Սպառնալիքների միջավայրում մենք զգում էինք, որ անհնար է ունենալ իրավունքներ, անվտանգություն և արժանապատվություն։
Ես ստիպված էի թողնել ամեն ինչ այնտեղ, թողնել իմ հիշողությունը, իմ արժեքները, իմ պայքարը, իմ անցյալը, իմ ծնողների գերեզմանները, իմ ինքնությունը, ամեն ինչ, այդ թվում՝ նյութական ունեցվածքը»,- եզրափակում է Բեգլարյանը։