Քաղաքացիների մի մասը համոզված է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորվելու բուն պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոսելը։ 2022 թվականի հունիսի 15-ին նա մահացավ դատարանի դահլիճում դատավարության ընթացքում։ Երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով վճիռը, որով մեղավոր ճանաչեց նրան: Հանրության մի մասը կարծում է, որ Գրիգորյանին վերագրված ենթադրյալ հանցանքը սադրանք էր։ Նման սադրանքի այսօր էլ բախվում են բազմաթիվ սրտացավ քաղաքացիներ, որոնք վիրավորական բաներ են ասում բարձր պաշտոնյաների հասցեին ու հայտնվում համակարգի վրեժի թիրախում։
Քաղաքացի-իշխանություն հարաբերություններում լինում են փոխադարձ վիրավորանքներ։ Հայտնի է, որ քաղաքացիներն ընդօրինակում են իշխանությունների վարքը։ Երբ ղեկավարներն ատելությամբ են խոսում, վիրավորական տոնով ու բառերով, ապա ընդդիմախոսները նույն հուզականությամբ հակադարձում են։ Չինովնիկներին քիչ են հայհոյում այն երկրներում, որտեղ իշխանություները հարգանքով են վերաբերում քաղաքացիներին։ Իսկ երբ իշխանությունները ոչ միայն հարգում են քաղաքացուն, այլև հաղթանակներ ապահովում, ապա նրանց հայհոյում են միայն սակավաթիվ անարխիստները։
Պաշտոնյաներին դուր չի գալիս, երբ իրենց վատ բան են ասում, վիրավորում իշխող կուսակցության անդամների, համակիրների արժանապատվությունը։ Նրանց հրահանգով՝ իրավապահ ու դատական համակարգերը պատժում են վատ բան ասող քաղաքացուն, ի խրատ մյուսների։ Այսպես է ավտորիտար երկրներում։ Օրինակ՝ Թուրքիայի, Բելառուսի նախագահների ու նրանց սատարողների հասցեին վիրավորանք հնչեցնողները կալանավորվում են, հալածվում, սպանվում։ Բնակիչների մեծ մասը ձևացնում է, թե սատարում է բռնապետներին, որպեսզի հալածանքի չենթարկվի։ ՀՀ-ն ավտորիտար պետություն չէ, բայց մեր երկրում ևս շատ քաղաքացիներ են հալածվում։ Ինչու՞ է ՀՀ քաղաքացին վատ բաներ հասցեագրում չինովնիկներին և նրանց սատարողներին։
Հեղափոխությունից և, հատկապես, 44-օրյա պատերազմում պարտությունից հետո հանրային խոսույթում գերիշխում էր ատելությունը։ Դա արձանագրվել է միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանին համարում էր դավաճան, հողատու։ Իսկ վարչապետը հակադարձում էր՝ «Դավաճանն էլ դուք, հողատուն էլ եք դուք»։ Քաղաքացիները չինովնիկներին վատ բաներ էին ասում պարտությունների և կորուստների պատճառով։ Իսկ վերջիններս ոչ թե ներողություն էին խնդրում ու խոստանում, որ սրանից հետո մահացու սխալներ չեն անի, այլ հայելային հակադարձում էին։ Փոխադարձ վիրավորանքներն այնքան սաստկացան, որ հայհոյելը քրեականացվեց ու սկսվեցին հալածանքները պաշտոնյաներին վատ բան ասողների նկատմամբ։ Մեկ տարի անց հայհոյանքի տխրահռչակ հոդվածը վերացվեց, բայց այդ տարում հարյուրավոր մարդիկ հալածվեցին, կալանավորվեց նաև Արմեն Գրիգորյանը։
Հետադարձ հայացքով վերլուծելիս և պատկերն ամբողջությամբ դիտելիս, պարզ է դառնում, որ եթե իշխանությունները անպատասխանատու կեցվածք չընդունեին, ներհասարակական լարվածություն չբորբոքեին, չստեղծեին փոխադարձ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, ապա Արմեն Գրիգորյանի ողբերգությունը տեղի չէր ունենա։ Իշխանությունը գիտակցո՞ւմ է իր սխալը, պատասխանատվության չափը։ Դատելով երեկվա վճռից՝ ոչ։
Երեկվա դրությամբ շատերի վերքերը մասամբ սպիացել էին, որոշ լավատեսներ հուսադրվել էին, որ լավ կլինի։ Բայց երեկվա վճիռը ցույց տվեց, որ գործող իշխանությունը շարունակում է գործել հասարակական համերաշխության դեմ, սադրել ողբերգություններ։ Այլ կերպ ասած՝ Արմեն Գրիգորյանին մեղավոր ճանաչելու վճռով ապացուցվեց, որ ապագա չկա։
Թաթուլ Մկրտչյան