Արցախյան վերջին պատերազմում անմահացած Վիտալի Սիմոնյանը մեկն է այն տղաներից, ով սեփական մաշկի վրա զգալով անհայր մեծանալու ծանր գինը, իր կյանքը չխնայեց հանուն իր զավակների և գնաց համալրելու երկնային գունդը։
Մերօրյա հերոսն ընդամենը 12 տարեկան էր, երբ Արցախյան առաջին ազատամարտում զոհվեց հայրը՝ Բորիս Սիմոնյանը։ Մոր՝ Աիդայի, հետ իր փոքրիկ ուսերին վերցրեց տան ծանրությունը, մայրիկին թև ու թիկունք դարձավ՝ որպես տան ավագ որդի։ Տուն կառուցեց, ամուսնացավ ու շարունակեց շենացնել հոր արյամբ շաղախված հայրենի Կոճողոտը։
«Իմ ընտանիքը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Ցավոք, ես այդ հայրենիքի համար տվել եմ ամենաթանկերիս՝ հորս ու ավագ եղբորս»,-
Oragir.News-ի հետ զրույցում է ասում է Սիրվարդ Սիմոնյանը։ Ինչպես հայրս թողեց երեք երեխաներին մորս փխրուն ուսերին, այնպես էլ քառորդ դար հետո եղբայրս հեռացավ կյանքից, թողնելով երեք երեխաներին ու երիտասարդ կնոջը մենակ՝ այս անխիղճ աշխարհում։
«Երկու եղբայրներս՝ Վիտալին ու Վարդանը, պայմանագրային զինծառայության մեջ էին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ես երկու որդիներիս հետ շրջափակաման հետևանքով մնացել էի Երևանում։ Չգիտեմ ինչու, առաջինը Վիտոյին զանգեցի, քիչ խոսեցինք, ընդհատվում էր կապը։ Ասացի՝ ուշադիր կլինես։ Քանի որ Երևանից զանգել հնարավոր էր, իսկ ներսում կապը նորմալ չէր աշխատում, եղբայրս խնդրեց զանգել ընտանիքին ու ասել, որ մի կերպ կապվեն իր հետ, ասաց․ «Կարող ա վերջին խոսելս ինի, կռեվ ա, գիդումչըմ հինչ կինի...»։ Էդպես էլ չխոսեց երեխաների հետ։
Հետո Վարդանի հետ խոսեցի։ Պարզվեց, որ Վարդանն էլ Վիտոյին էր զանգել ու ասել՝ «Քո տեղն ավելի վատ ա, զգույշ կլինես, սա կռիվ չի, կոտորած ա»,- պատմում է Սիրվարդը, ով Վիտոյի զոհվելու մասին իմացել է մեկ օր անց։
«Այդ ամբողջ ընթացքում անընդհատ զանգել եմ։ Զանգը գնում էր, բայց մնում անպատասխան։ Հետո զինակից ընկերները պատմեցին, որ Վիտալին, ով բոլորին ուժ էր տալիս, զոհվել է Չարեքտարի դիրքերում»,- ասում է քույրը, ում հոգու վերքը երևի՝ չսպիանա, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ եղբայրն այդպես էլ չեն կարողացել մասնակցել եղբոր հուղարկավորությանը, որովհետև ինքը Երևանում էր, մյուս եղբայրն էլ Մարտակերտում, շրջափակման մեջ։
Այսօր Վիտալիի հարզատների ցանկությունը մեկն է՝ գոնե հնարավոր լինի Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրից Հայաստան բերել Վիտալիի մարմինը։