copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 22:38 06-12-2023

Անահիտ Շահիջանյան․ Տերյանի ամոքիչ սերը

Հովհ. Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է Վահան Տերյանին նվիրված շարքը՝ գրելով. «Անահիտ Շահիջանյան.

Դերբենդի և Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներն ավարտած, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանած այս կինը նույնպես տարված էր հեղափոխությամբ: Ազգությունների հարցերով ժողովրդական կոմիսարիատը այն դարբնոցն էր, որտեղ կոփվել էին նրա քաղաքական հայացքները և համոզմունքները, նաև որտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Վահան Տերյանի հետ: Մի մարդու, որի իդեալները նույնացել էին իր իդեալներին, ով հայտնի պոետ էր, մենակ էր, լքված, հուսահատ և տկար: Կան կանայք, ովքեր այս կյանքում կարծես փնտրում են հե՛նց հուսահատ, օգնության կարիք ունեցող տղամարդկանց: Այդ կանայք ծնված են անձնազոհության համար, նրանք հերոսներ են: Անահիտ Շահիջանյանը այդ կանանցից էր:

Իմանալով, որ իր աղջիկը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ, Անահիտի մայրը Դերբենդից գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի կործանիր, թող այդ էգոիստին, իմանալով, որ հիվանդ է, ինչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:

Կյանքում շատ նուրբ հարցեր կան, որոնց միանշանակ գնահատական տալ դժվար է՝ նայած , որ անկյունից ես հարցին նայում: Տեղի՞ն էր Անահիտի մոր, մտահոգությունը, ճի՞շտ էր նրա հորդորը, այո՛… վերապահումով: Հիվանդ , տկար տղամարդու հետ ամուսնանալու սիրահարված աղջկա մտադրությունը խոհեմ էր, այո՛… վերապահումով: Ստացվում է, որ թե՛ մայրը և թե՛ աղջիկը ճիշտ էին…. վերապահումով: Իսկ եթե հարցս այսպես ձևակերպեմ. «Մեծ պոետին միայնության և հիվանդության ժամանակ նվիրվելու, նրան խնամելու, փայփայելու որոշումը ճի՞շտ էր»: Այո՛, միանշանակ: Այս կնոջ շնորհիվ Տերյանը ժառանգ ունեցավ, թեպետ չհասցրեց վայելել նրա ծնունդը: Այս կնոջ շնորհիվ Տերյանի գենը իր հետ չմեռավ:

Միշտ երբևէ գալիս է մեռնելու ժամանակը: Եթե մահը հանկարծակիի չի բերում քեզ, ուրեմն մահվան մահճում անպայման մտածում ես ապրածդ կյանքի մասին: Գուցե փորձում ես ներել նրանց, ովքեր մեղանչել են քո առաջ, երևի զղջում ես շատ բաների համար, մի խոսքով, սկսում ես գնահատել կյանքը և փափագում ես ապրել: Մահվան սպասումը փոխում է մարդուն կամ գուցե բացահայտում է նրա էությունը, այնպես , ինչպես արտակարգ իրավիճակներն ընդհանրապես:

Տերյանը մահանում էր: Օրենբուրգ, ցուրտ, ձմեռ, անփողություն, անհուսություն, դեղորայքի պակաս, մյուս կողմից էլ Անահիտ Շահիջանյանի զոհաբերության աստիճան նվիրվածություն:
Ստամոքսի այրող ցավերի և շնչահեղձության մեջ Տերյանը շատ բան չէր ուզում, միայն տեսնել……… ո՛չ, ոչ Անթառամին, ում սիրել էր խորապես, բայց երբեք իր կինը չէր դարձրել և ով Մոսկվայում՝ Օրենբուրգից 1000-ավոր կմ հեռու զգում էր, թե ինչպես է մեռնում իր մեծ սերը, նա զգում էր Վահանի հոգեվարքը: Այդ մասին տարիներ անց կխոստովանի նրա դստերը՝ Նվարդին:

Տերյանը չէր մտածում նաև Անահիտի մասին, որ իր կողքին էր գիշեր-ցերեկ և անում էր ամեն հնարավոր և անհնար բան՝ թեթևացնելու մեռնող ամուսնու ցավերը: Եվ ով սրտի տակ կրում էր իր զավակին:

Տերյանը անհագ պահանջ ուներ տեսնելու Սուսաննային: Այդ դիվային-հրեշտակային էակին, ով տասը տարի առաջ արբեցրել էր իրեն և իշխել, բարձրացրել էր և գետին տապալել: Կյանքի վերջին օրերին այս կնոջ ստվերը նորից խաղում էր Տերյանի հոգու հետ: Սուսաննա: Տերյանի տկար, անուժ շուրթերից մի կերպ դուրս պրծնող այս անունը փշրում էր հիվանդասենյակի մահագույժ լռությունը և տակնուվրա անում Անահիտի հոգին: Բայց նա շարունակում էր խնամել ամուսնուն:

Ինչ անարդար ավարտ, և ինչ ներողամիտ լուծում: Տերյանը գիտեր, որ մեռնում է:

«Դու տեսնում ես, ես մեռնում եմ, որովհետև դու չես կարողանում թթվածնային բարձիկներ ճարել»,-անզորությունից նա մեղադրում էր Անահիտին:

Երեք կին և մեկ մեռնող տղամարդ: Երեք կին, որոնց կերպարները խաղի վերջում մեկ անգամ էլ բացահայտվեցին:

«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե 1 շաբաթով կյանքս երկարի»: Սա Տերյանի վերջին ցանկությունն էր՝ ապրել ևս գոնե մեկ շաբաթ: Բայց նա ապրեց ընդամենը երկու ժամ և ավանդեց հոգին: Հունվարի 7-ն էր:

Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով: Հիշում եք՝

Թումանյանի պալատում
Կըգտնես, ով մարդ ,
Անուշ, Արփի-արբեցում,
Եվ վարդ, և Նվարդ…

Զավակով նա ոչ միայն ֆիզիկական հարատևություն պարգևեց Տերյանին, այլև անվերջանալի դարձրեց իր ամուսնու քնքուշ սերերից մեկի պատմությունը: Այսպիսի բան ամեն կին չէ, որ կաներ:
Սիրային շղթան քանդվեց: Մահը դա արեց: Քանդված շղթայի օղակները գլորվեցին այս ու այն կողմ, երազեցին նոր շղթայի մասին: Նրանք պարզապես մոռացել էին, որ կարող են երազել ամեն ինչի մասին, բայց ոչ շղթայի: Չէ որ Տերյանն այլևս չկար, իսկ առանց նրա անիմաստ էր դառնում շղթայի գաղափարը:

Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. երկար տարիներ աշխատեց «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում, բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում: Պատերազմից հետո պարգևատրվեց «Մոսկվայի պաշտպանության համար մեդալով» և « Աշխատանքային փառքի շքանշանով» : Մահացավ 1969թ-ին միայնության մեջ: Երբեք չմոռացավ Վահան Տերյանին:

Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը. Առանց հրաժեշտ տալու՝ բաժանվեց ամուսնուց: 2-րդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ քաղաքական գործիչ Ալ. Միասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մինչև կյանքի վերջը օգտվեց նոմենկլատուրայի ընձեռած հնարավորություններից: Մահացավ 1937-ին, թե 1938-ին:

Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը. Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող մի մարդու հետ՝ Եղիազարյան ազգանունով: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին»: