Երևան +12°
copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 21:39 06-12-2023

Դերենիկ Դեմիրճյանի կյանքի գարունը․ մի սիրո պատմություն

Դեմիրճյանը մեծ արվեստասեր էր։ Այդ սերը նա արտահայտում էր ոչ միայն գրականությամբ, այլև երաժշտությամբ։ Հայտնի է, որ ջութակ էր նվագում, ինչը ամենասիրելի զբաղմունքներից մեկն էր։ Արվեստասեր այս անհատականությունը չէր կարող անտարբեր լինել գեղեցկության նկատմամբ, ուստի նրա կյանքում շատ սերեր են եղել։

Նրա առաջին սերը Հրանուշն էր, որի հանդեպ զգացմունքները շուտ մարեցին։ Նրա մյուս սերը ազգությամբ հրեա Վալենտինա Չերկինսկայան էր, որին Դեմիրճյանն իր ուսանելու տարիներին հանդիպել էր Ժնևում։ Վալենտինային Դեմիրճյանը համարել է իր առաջին լուրջ սերը։ Բաժանումն անխուսափելի էր․ Վալենտինան ընտանիքի միակ զավակն էր, ուստի նա չի կարողանում լքել ծնողներին։

Գրողն առաջին անգամ ամուսնացել է Մարիամ Կանայանի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են Դեմիրճյանի երկու զավակները՝ Արտաշեսը և Վիգենը։ Ի դեպ, օրերին երեք հսկաները՝ Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դեմիրճյանը որոշել էին երենց արու զավակներին կոչել Վիգեն՝ ի պատիվ Անիի նշանավոր իշխաններից մեկի։

10 տարի համատեղ կյանքից հետո Մարիամը մահանում է։ Այս կորուստը Դեմիրճյանը շատ ծանր է տանում։ 1923 թ․ նա հանդիպում է Մարիա անունով մի կնոջ, տարվում է նրանով, սակայն այս սերն էլ նախորդ սիրո տրամաբանական շարունակությունն էր։

«Անունը առաջին կնոջս անունն է»,- մի առիթով շեշտել է Դեմիրճյանը։

Մարիան, սակայն, ամուսին և որդի ուներ, սակայն ոչինչ չի խոչընդոտում այս սիրուն։ Ասում են՝ այդ օրերին դեռևս երիտասարդ գրող Եղիշե Չարենցի հետ նախաձեռնում և կազմակերպում է Մարիային փախցնելու համարձակ քայլը։

Չնայած Դեմիրճյանը կնոջ հետ ապրեց մինչև կյանքի վերջը, սակայն հասուն տարիքում նրան այցելեց մեկ այլ սեր՝ նրա կյանքի գարունը՝ Գայանե Ավետիսյանը։

«1941 թ. մեկնեցինք Մոսկվա` հայկական արվեստի տասնօրյակին մասնակցելու, որտեղ և լսեցինք՝ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Արդեն ավարտել էինք մեր 10-օրյակը: Ահավոր խառնաշփոթ էր: Ես առաջին անգամ էի Մոսկվայում, և հանկարծ պատերազմ, այն էլ ինչպիսի` անսպասելի պատերազմ: Այդ ժամանակ ինձ մոտեցավ Դերենիկ Դեմիրճյանը՝ Վարպետը, օգնեց ճամպրուկներս դնել գնացքում և ասաց. «Դուք գնացեք, իսկ մենք կգանք մյուս գնացքով»: Այդ պահին նա իր գրպանից հանեց մի փոքրիկ բլոկնոտ և խնդրեց, որ հայտնեմ իմ հասցեն՝ իբր ցանկանում էր հեռագրել հարազատներիս, որ գան ինձ դիմավորելու: Իսկապես այդ էր պատճառը, թե մեկ ուրիշ բան, չգիտեի:

Երբ մենք հասանք տեղ, աննկարագրելի էր՝ ինչ էր կատարվում կայարանում. լաց ու ողբ, բոլոր ապրանքատար և մարդատար գնացքները լիքն էին ռազմաճակատ մեկնող երիտասարդներով: Փողոցները դարձել էին ամայի, պակասել էին տղամարդիկ: Չորս կողմը գոռում-գոչյուն էր: Այդպես էլ ինձ ոչ ոք չդիմավորեց, և մենք ընկերներով ամենքս գնացինք մեր տները:

Ես գնում էի փորձի: Մի քանի օրից հետո տուն եկա, և մայրս ասաց, որ մի շատ պատկառելի մարդ եկել ու ինձ է հարցրել ու նկարագրեց նրա արտաքինը: Ես անմիջապես կռահեցի, որ դա ինքը` Վարպետն է եղել: Մայրս ասաց, որ նրան հետաքրքրել է, թե արդյո՞ք շատ եմ հուզվել, և հայտնել, որ շուտով հաղթանակ կլինի, մերոնք շուտ կվերադառնան: Միայն խնդրել է հայտնել ինձ, որ ես հաջորդ օրը փորձից հետո լինեմ տանը:

Մենք բեմադրում էինք «Երկիր հայրենին», և Վարպետը միշտ լինում էր մեր փորձերին: Մեկ անգամ, փորձից հետո, ինձ մոտեցավ Դեմիրճյանը և հարցրեց անունս: Պատասխանեցի, որ իմ անունը Գայանե է, բայց իմ հարազատներն ինձ Գարուն են ասում: Նա ասաց, որ իմ անունը լավն է, որ ինքը շատ է սիրել այդ անունը և այդ անվան հետ շատ հուշեր ունի կապված, որ ես էլ այդ անվան տիրոջը շատ եմ նման։

Նա թատրոնից դուրս ինձ Գարուն էր անվանում (իր «Գարուն» ժողովածուն էլ նվիրել է ինձ ու գրել` «Հեղինակից՝ Գարունին»)»,- կարդում ենք Գարուն Ավետիսյանի հուշերում։

Գայանե Ավետիսյանը Դերենիկ Դեմիրճյանից մի որդի է ունեցել, որին ևս ծնողները Վիգեն անունն են տվել։