Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:01 05-12-2023

Հարկատուներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են ուրիշի փոխարեն մաքսատուրք վճարել

Անգելա Մերկելը մի առիթով ասել է՝ «Պետությունը փող չունի։ Կան հարկատուների միջոցներ, որոնք տնօրինում է կառավարությունը, ընտրված խորհրդարանի հաստատած ծրագրերով»։ Լավ կլինի, որ ՔՊ-ական կառավարութունը սերտի այս դասը, չօգտագործի «պետությունը կվճարի», «պետությունը կֆինանսավորի», «պետության միջոցներով» արտահայտությունները և որևէ ծրագրի, խնդրի համար գումար հատկացնելուց առաջ հարց տա իրեն, արդյոք հարկատուները շնորհակալ կլինե՞ն, որ իրենց միջոցներն ուղղվեն այդ խնդիրներին։

Կառավարության նոյեմբերի 30-ի նիստին հետևող հարկատուներն անակնկալ իմացան, որ Վրաստանից ներկրված ավտոմեքենաների մաքսատուրքի մի մասն իրենք են վճարելու։ Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մաքսատուրքի 40 տոկոսը վճարվելու է հարկատուների միջոցներից, այսինքն ներկրողը կվճարի մաքսատուրքի միայն 60 տոկոսը։ Իսկ 5 տարուց հին մեքենաների մաքսատուրքի միայն 30 տոկոսը կվճարի ներկրողը, 70-ը կփոխհատուցեն հարկատուների միջոցներից: Որտեղի՞ց ծագեց այս հարցը։ Արդյոք հարկատուները շնորհակա՞լ են, որ իրենց միջոցներն այսպես փոշիանան։

Տեսակետ կա, թե ՔՊ-ականները, նախքան պաշտոնյա դառնալը, ավտոմեքենա չեն ունեցել։ Հիմա ֆիքսվել են ավտոմեքենաների, ավտոմեքենա ներկրողների և այն ամենի վրա, ինչն ավտոմեքենայի հետ է կապված։ Ուշագրավ է, որ կենսական նշանակության բազմաթիվ հարցերում նման փոխհատուցում չեն տրամադրում գործարարին, բայց կոմպրոմիսի են գնում վրացական համարներով ավտովարորդների հետ։ Գուցե՝ պատճառն այն է, որ վրացական համարանիշներով ավտոները կատաղի են վարում Երևանի փողոցներում, իսկ ՊԵԿ-ն էլ վախեցած է ավտոներկրողների վերջին ցույցերից։ Հավանաբար՝ կարծում են, որ եթե գազը, լույսը թանկացնեն, ապա սոցիալական ցնցումներ չեն լինի, ժողովուրդը թեթև կտանի։ Բայց հենց կպնեն ավտոմեքենայի բիզնեսով զբաղվողի գրպանին, ապա անդիմադրելի ցնցումներ կլինեն, աթոռները կերերան։ Եվ ենթադրյալ ցնցումները մեղմելու համար մտնում են հարկատուների գրպանը։ Գուցե՝ հարկատու բժիշկը, ուսուցիչը, բանվորն ու պատգամավորը չեն ուզում ավտոներկրողների փոխարեն վճարել Վրաստանով բերված ավտոմեքենաների մաքսատուրքերը։

Վրացական համարներով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, ծագել է ԵՏՄ կարգավորումների հետևանքով։ Ոչ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծվող ապրանքից մեծ մաքսատուրք է գանձվում, որի մի մասը ՀՀ-ն վճարում է ՌԴ-ին։ Այս պարտավորությունը սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 26-րդ հոդվածով՝ «Վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև Մաքսային միության կանոններով»։

Ենթադրելի է, որ ռուսները ՔՊ-ական կառավարությանը հարցրել են, թե ինչու՞ չեն մաքսազերծվում Վրաստանից ներկրված 9 հազար ավտոմենքենաները, և ինչու գանձված մաքսատուրքի մի մասը չեն փոխանցում ՌԴ բյուջե։ «Կարո՞ղ է՝ ուզում եք դուրս գալ ԵՏՄ-ից», հարցրել են ռուսները։ «Չէ՛, չէ՛, դուրս չենք գալիս», ասել է Նիկոլ Փաշինյանն ու խոստացել, որ առաջիկայում մի որոշում կընդունի, մաքսատուրքեր կգանձի, փողերը կհավաքի ու կուղարկի կարիքի մեջ հայտնված իր սիրելի ռուս դաշնակիցներին մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը։ Հետո վարչապետը կառավարության նիստում ծիծաղելով պատմում է, որ փողոցում տեսել է վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ու զարմացել, թե ինչո՞ւ են այսքան շատ, գուցե վրացի զբոսաշրջիկնե՞րն են շատացել։ Ու երբ պարզել է, որ վրացի այցելուներ չեն, ՊԵԿ-ին հանձնարել է արտոնյալ դեդլայն սահմանել դեկտեմբերի 30-ը։

Պարզ ասած՝ եթե վրացական համարանիշով ավտոմեքենայի վարորդը Վրաստանի քաղաքացի զբոսաշրջիկ չէ, ապա ՊԵԿ-ը չի հավատալու, որ նա ժամանակավոր է մտել Հայաստան ու մաքսատուրք է գանձելու։ Բայց հաշվի առնելով, որ հնարավոր է՝ բողոքի ալիք կբարձրանա ժամանակավոր ներկրման նորմի ոտնահարման և ավտոներկրողների բեռի ավելացման պատճառներով, ավտոներկրողին հարկելու է մասնակի։ ՊԵԿ-ը հավանաբար, հաշվել է, որ 40-60 և 30-70 տոկոսային խայծի շնորհիվ կարող է հավաքել ռուսներին մուծվելիք գումարը։ Իսկ եթե պակասի, ապա գանձված միջոցներին կավելացնեն հարկատուների միջոցներն ու դեկտեմբերի 30-ին կուղարկեն Մոսկվա։

Այսպիսի ամոթալի իրավիճակում չհայտնվելու համար կա արմատական երկու ուղի, որոնց մասին գրեթե բոլորը գիտեն։ Կա՛մ ՀՀ-ն դուրս է գալիս ԵՏՄ-ից ու ազատվում այսպիսի թեմաներից, կա՛մ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվողները Վրաստանի քաղաքացիություն են ընդունում և ՊԵԿ-ին ապացուցում, որ վրացի տուրիստ են։

Թաթուլ Մկրտչյան