Երևան +12°
copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 20:52 04-12-2023

Նախընտրելի տեղը թատրոնն էր. այսօր Լուսինե Կիրակոսյանը կդառնար 77 տարեկան

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը կդառնար 77 տարեկան։ Դերասանուհու հետ ունեցած հիշողությունների և պատմությունների մասին Oragir.News-ը զրուցեց դերասան Արթուր Հակոբյանի հետ։

«Այն, որ ինքը տաղանդավոր մարդ էր, այդ մասին այլ կարծիք չկար։ Հետաքրքիր մարդ էր, տաղանդավոր մարդ էր։ Իսկ մեր համատեղ աշխատանքի ընթացքում եղածների մասին վայրկենապես չեմ կարողանա հիշել ու պատմել։ Ինչ կապված էր իր հետ, հումոր էր։ Անցած տարի, երբ երկար դադարից հետո ծննդյան շրջանակներում վերադարձավ բեմ, միջոցառման էր պատրաստվել․ ներկա էի։ Իրեն ասացի, որ ինչքան էլ տաղանդավոր լինես, այդ ամենը պիտի գրվի, պիտի կարգավորվի, պիտի մշակվի․ հենց այնպես վերցնել ու անել չի կարելի։ Լավ էր ընդհանուր առմամբ, ինքն էլ շատ լավն էր։ Սցենար պիտի գրվեր, այդպես չի լինում։ Իհարկե, շատ ուրախ էի, որ վերջապես բեմ ելավ, բայց հիմա էլ շատ տխուր եմ, որ գնաց կյանքից։ Իրոք տաղանդավոր մարդ էր, որի հետ բավականին լավ էիր զգում խաղալիս․ կես բառից քեզ հասկանում էր, աչքերիդ մեջ կարող էր նայել։ Վերջին հրաժեշտի օրն ասացի, որ իր մահվան դերը շատ վատ է խաղում։ Ժողովրդի միջից գնաց, կորցրինք իրեն, Երևանից մի գույն գնաց»,- Oragir.News-ի հետ զրույցում հիշեց Արթուր Հակոբյանը։



«Շատ էր սիրում կենդանիների՝ շների և կատուների՝ տան ու դրսի։ Իր տանն էլ եմ եղել, գիտեմ։ Դա մարդու էությունից ու բարությունից է։ Չէր կարող անտարբեր անցնել դրսի շների և կատուների կողքով։ Ուզում էր, որ կերակրեր, այդ կենդանիներն էլ կուշտ լինեին՝ անկախ այն հանգամանքից, որ իր համար էլ դժվար ժամանակներ էին։ Բայց ուզում էր անել ու անում էր։ Այն ժամանակ կար մեքենաս, ու երբ գնում էի Գյումրի, իրեն տանում էի։ Անգամ շներին եմ տարել երկու անգամ։ Գնում էի Գյումրի, բա իրեն չտանեի՞, բա ի՞նչ պիտի անեի։ Երբ մեքենաս դատարկ էր, անգամ երբ լիքն էր, իրեն էլ տեղ պիտի լիներ անպայման։ Ճանապարհին շատ հումորներ ենք արել։ Իր հայրական տուն էի տանում իրեն։ Մեր նախընտրելի տեղը թատրոնն էր։ Դա մեր ընդհանուր տունն էր արդեն։ Գնում էր իրենց տուն, ես էլ մեր տուն, ու պայմանավորվում էինք, թե հետ գալիս ես իրեն որտեղից եմ վերցնելու, որ միասին նորից գանք Երևան։ Քույրը՝ Հասմիկն էլ շատ հումորով էր, ինչպես համարյա բոլոր գյումրեցիները․ համարյա չէ՝ բոլորը։ Իրեն էլ արտաքնապես շատ նման էր։ Լուսիկը շատ ծանր տարավ քրոջ կորուստը, որ իրենից ավելի վաղ էր մահացել կորոնայից։ Երբ զանգեցի, որ ցավակցեմ, հա՛մ եղբոր, հա՛մ քրոջ կորուստը շատ ծանր էր տանում, լացում էր, ասում էր՝ տեսա՞ր ինչ եղավ։ Շատ բան չգիտեմ․ ինչ պատմում էր, պատմում էր, ինչը չէ՝ չէ։ Եղբայրներին շատ լավ գիտեմ, եղբոր տղաներին, մամային՝ մի խոսքով։ Բայց ինձ հետ չէր կիսվում շատ հարցեր։ Ես հիշում եմ, որ բարձր հարկում էր ապրում։ Ձմռանը շորերը լվացրել էր, փռել էր դրսում ու սառած գցել էր ապակուն։ Կտկտում էր ապակին, ասաց՝ գողերը եկան։ Զարմացա, ասացի՝ չորրո՞րդ հարկ։ Ինքն էլ դանակն առել, կանգնել էր։ Կամաց մոտեցա, տեսա՝ շորն է կտկտում։ Դա եմ շատ տպավորիչ հիշում»։

Հարցին՝ մտածո՞ւմ էր արդյոք, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո այլևս չի տեսնելու և խաղալու դերասանուհու հետ, ասաց․ «Երբեք չեմ մտածել նման բան։ Երբեք չեմ մտածել, որ սա վերջն է։ Կդժվարանայի մտածել, որ գնում է Լուսիկը։ Մեզ միշտ թվում է՝ այդ տեսակ մարդիկ հավերժ են, միշտ մեր կողքին կմնան։ Իհարկե, ինձ համար էլ է շատ դժվար, շատ։ Չեմ կարող հաշտվել կորստի հետ։ Ես հենց այնպես չասացի, որ մի գույն պակասում է իմ կյանքից, և կլրացվի՞ այդ գույնը, թե՞ չէ, դժվարանում եմ ասել։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Իր տեղը ոչ ոք չի գա ու չի լրացնի։ Երբ ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան, ես հակառակ կարծիքին եմ․ ընդհակառակը՝ ամեն մարդ առանձնահատուկ երևույթ է, իրեն էլ չես փոխարինի, այդ մեկն էլ հենց Լուսիկն էր։ Վերջին անգամ իրեն նկարահանումներին եմ տեսել։ Այնպես չէ՝ ես էլ էի շատ ազատ, կամ ինքն էր շատ ազատ, ու կարող էինք ամեն օր իրար տեսնել։ Կայքերից իմացա, որ լավ չէ, ու չէի հավատում, որ ինքն այնքան վատ է, որ կարող է թողնի ու գնա։ Անընդհատ խոսում էր մահից ինձ հետ, ու անընդհատ կռվել եմ իր հետ՝ ինչու է այդպիսի բաներ խոսում»։



Հիշեցնենք, որ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականին Լենինականում: Դպրոցում ուսանելու տարիներին զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ 1969-ից՝ Հրաչյա Ղափլանյանի հրավերով՝ Երևանի դրամատիկական թատրոնում, ուր աշխատել է մինչ 2022 թվականը: 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Թատրոնում կերտել է տարբեր դերեր, սակայն հեռուստադիտողների շրջանում առավել հայտնի է դարձել «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից՝ մարմնավորելով Ռոզի կերպարը:

Մահացել է 2023 թվականի ապրիլի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում, ուր տեղափոխվել էր մարտի 17-ին ծայրահեղ ծանր վիճակում:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com