Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:03 29-11-2023

Շրջափակման իրական վտանգ կա, Լարսը կմնա փակ մինչև Ամանոր

Վերջին օրերին հայկական արտադրության պահածոներով, պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված հարյուրավոր բեռնատարները լռվել, մնացել են Լարսի ճանապարհին։ Դրանց մի մասը հետ է վերադարձել։ Արտահանողները կարծում են, որ ՌԴ-ն այդպիսով փորձում է ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Իսկ ՀՀ իշխանությունները հորդորում են խնդիրը չքաղաքականացնել։ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է ՌԴ գնացող ուղղությունը, և բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան։ Այնուամենայնիվ՝ հարցը մնում է առաջին էջերում, բազմաթիվ գործիչներ այս առումով կարծիքներ են հայտնում։

Ուշագրավ է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ թեմային առնչվող արձագանքը Ֆեյսբուքի իր էջում։ Նրա կարծիքով՝ «Որևէ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին։ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»։ Այսպես՝ պաշտոնյան Լարսի անցակետի տնտեսական նշանակությունն իջեցնում է ՌԴ-ում ապրող հայերի սեղաններին հայկական արտադրության գյուղմթերք հասցնելու մակարդակի։

Եթե շրջափակման վտանգն իրական չլիներ, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարը չէր ահազանգի, ամանորի մասին չէր ակնարկի, այնտեղ ապրող հայերին հայկական գյուղմթերք հասցնելու հարց չէր բարձրացնի, գործարարներին ուղերձ չէր հղի, որ գտնեն նոր շուկաներ, քանի որ ռուսական շուկան փակվելու է հայկական արտադրության գյուղմթերքի առաջ։ Ռուսական շուկան հայկական գյուղմթերքի համար փակելը նշանակում է, որ ՌԴ-ն տնտեսական պատժամիջոց է կիրառում ՀՀ-ի նկատմամբ, ինչպես ժամանակին կիրառել է Վրաստանի նկատմամբ, արգելել վրացական գինիների մուտքը։ Ինչու՞ է ՀՀ-ի վրա հիմա ճնշում գործադրում ՌԴ-ն։

Ռուս պաշտոնյաների վերջին շաբաթների հայտարարությունները հուշում են, որ այսպիսի պատժամիջոցներով, ենթադրաբար, ձգտում են Նիկոլ Փաշինյանին վերադարձնել իրենց սեղանի շուրջ, հայ-ադրբեջանական բանակցությունները կրկին տեղափոխել Մոսկվա, կոտրել ՀՀ դիմադրությունը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում։

Հիշենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2009-ից բանակցում էր Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի շուրջ, բայց 4 տարի բանակցելուց հետո 2013-ի սեպտեմբերի 3-ին վերադարձավ ռուսական շրջանակ, խորացրեց կապվածությունը։ Հետդարձը բացատրվեց, որ հայկական արտադրության գյուղմթերքը ռուսականից բացի՝ այլ սպառման շուկա չունի։ Մտավախություն կա, որ ՀՀ իշխանությունը հայկական արտադրության գյուղմթերքը ռուսական շուկա արտահանելու, այնտեղ ապրող հայերին հասցնելու նպատակին տուրք տալով, կարող է հիմա նույնպիսի հետդարձ կատարել, Մոսկվային ճանաչել խաղաղության պայմանագրի երաշխավոր և այլ զիջումներ անել։

Տեսակետ կա նաև, որ շրջափակման ոչ մի մեծ վտանգ էլ չկա, ճնշումը նախազգուշական է և առնչվում է միայն Նիկոլ Փաշինյանին։ Եթե նա վաղը հայտարարի, որ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում պուտինական նախաամանորյա կորպորատիվին, ապա Լարսը կբացվի ու բաց կմնա, առնվազն՝ մինչև ամանոր։ Իսկ եթե ասի, որ չի գնալու, ապա Լարսը կմնա փակ և մոսկվաբնակ հայերի ամանորյա սեղաններին հայկական գյուղմթերք չի լինի։ Ահա այս երկընտրանքի ինտրիգը պահելու համար է վարչապետի աշխատակազմի ղեկավարը քողարկված ակնարկում, որ վարչապետը Սանկտ Պետերբուրգ չի գնալու, կորպորատիվին չի մասնակցելու։ Հետևապես՝ բիզնեսմենները պիտի հայկական գյուղմթերքը մոսկվաբնակ հայերին հասցնեն այլ ճամփաներով։

Թաթուլ Մկրտչյան