copy image url
Արտաքին Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 21:00 20-11-2023

Թուրքիայի հակաարևմտականացումը ՆԱՏՕ-ի համար բարձրացնում է Հայաստանի և Վրաստանի դերը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, բրիտանական British Petroleum նավթագազային ընկերությունը 113 տարվա գործունեությունից հետո հեռանում է Թուրքիայից։ Ընկերությունը գործարքի վերաբերյալ հատուկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ որոշումն ընդունվել է Թուրքիայում վառելիքի բիզնեսի ռազմավարության վերանայումից հետո:

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս որոշումը պայմանավորված է Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում առկա լարվածությամբ, քանի որ British Petroleum-ը Մեծ Բրիտանիայի խոշորագույն ընկերություններից մեկն է, որն իր քաղաքականությունը վարում է կառավարության ուղղորդմամբ։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն ընդգծեց, որ այս որոշման հիմքում առկա են քաղաքական դրդապատճառներ, սակայն դրանք պայմանավորված են Թուրքիայում առկա քաղաքական և տնտեսական անկայունությամբ։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում արևմտյան կապիտալի՝ մասնավորապես Starbucks-ի, McDonald’s-ի և ժողովրդի հետ ավելի շատ առնչվող այլ ընկերությունների դեմ բռնության գործողություններ են եղել։ Բացի այդ, Պապյանը նկատում է, որ Թուրքիան դառնում է հակաարևմտյան և ավելի իսլամիստական երկիր, որտեղ գործունեությունը շատ առումով ո՛չ անվտանգ է, ո՛չ էլ եկամտաբեր.

«Հիշեցնեմ, որ դեռ տարիներ առաջ British Petroleum-ը նավթի առումով իր ներկայությունն էապես կրճատել էր նաև Ադրբեջանում՝ Բաքվում։ Այնպես որ սա ընդհանուր քաղաքականության մի մասն է՝ պայմանավորված հիմնականում քաղաքականությամբ, մասամբ՝ տնտեսական իրավիճակով»։

Արա Պապյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում առկա է լարվածություն, որն այս որոշման հետ մեկտեղ ավելի կմեծանա։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Թուրքիան շարժվում է քաղաքական իսլամի ուղով, ներկայումս դրան գումարվել է քաղաքականության ռուսամետ ուղղվածությունը։ Քաղաքագետը նշեց, որ ՌԴ-ն և Թուրքիան ցանկանում են միասնաբար դիմակայել Արևմուտքին, քանի որ արժեքային և նպատակային ընդհանրություններ ունեն։

«Միակ բանը, որ Թուրքիային դեռևս պահում է արևմտյան ճամբարում, ՆԱՏՕ-ում ռազմական ներգրավվածությունն է, որտեղ Անկարայի դերակատարությունը էականորեն կրճատվել է։ ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի շտաբը Թուրքիայից տեղափոխվել է Հունաստան, Թուրքիայում հարձակումներ են տեղի ունենում ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայի նկատմամբ, հասարակությունը խոսում է Արևմուքի դեմ, և ես կարծում եմ, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը և դրանում Թուրքիայի դիրքորոշումը վերջին կաթիլներն էին, որովհետև Թուրքիան միանշանակորեն հակաիսրայելական և պրոհամասյան դիրքորոշում որդեգրեց՝ իրեն հակադրելով Արևմուտք հետ, ինչից հարաբերություններն ավելի են լարվելու»,- ասաց նա։

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ Թուրքիան ի վերջո դուրս կգա ՆԱՏՕ-ից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս նման առաջարկ էր ներկայացրել Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը, մեր զրուցակիցը դա իրատեսական չհամարեց, քանի որ Թուրքիան հասկանում է, որ ՆԱՏՕ-ն միակ կառույցն է, որն ապահովում է իր անվտանգությունը։ Նա նշեց, որ որքան էլ Թուրքիան մեծ-մեծ խոսի, նա հասկանում է, որ իր ռազմական ուժին զուգահեռ ունի նույնքան մեծ մարտահրավերներ և վտանգներ։

Պապյանը պատահական չի համարում, որ Թուրքիան ավելի քան 19 միլիարդ դոլար կազմող իր ռազմական բյուջեն կրկնապատկում է, և հաջորդ տարի այն կգերազանցի 40 միլիարդ դոլարը։ Նրա համոզմամբ՝ սա միանշանակ ՆԱՏՕ-ի պահանջը չէ, որովհետև դաշինքը պահանջում է ռազմական բյուջեն հասցնել համախառն ներքին արտադրանքի 2-3%-ին։ «Սա Թուրքիայի արձագանքն է իր առջև ծառացած ռազմական խնդիրներին, ինչպես նաև անհագուրդ նկրտումներին ու իմպերիալիստկան մղումներին՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ուստի ՆԱՏՕ-ից դուրս գալը հավանական չեմ համարում, բայց Թուրքիայում փորձելու են ինքնուրույն ավելի մեծ դեր ունենալ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտում է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի վերաբերյալ շատ սխալ պատկերցումներ կան։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարգավորում իր անդամ որևէ երկրի ռազմական քաղաքականությունը, սակայն դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ անդամ պետության նկատմամբ հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա, «Ուստի եթե որևէ մեկը հարձակվի Թուրքիայի վրա, մյուսները պարտավոր կլինեն օգնելու, սակայն որևէ այլ կարգավորում՝ արտաքին, կամ ռազմական քաղաքականության վերաբերյալ, ՆԱՏՕ-ն չի նախատեսում, որ Թուրքիային զսպի, կամ դրդի՝ ինչ-որ բան անելու»։

Հարցին, թե Հայաստանն ինչպես կարող է օգտվել Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունից, Արա Պապյանը պատասխանեց, որ սրանով Հայաստանի դերը մեծանում է։ Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի հաղթանակից հետո, առանց ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, էապես կստանձնի Ռուսաստանին զսպելու դերը, որով Թուրքիայի դերակատարության զգալի մասն իր վրա կվերցնի։

Նա հավելեց, որ այդ դերակատարությունը մասամբ ստանձնել է Հունաստանը՝ նեղուցների և Էգեյան ծովի հարցերում։ Քաղաքագետը կարծում է, որ որոշակի դերակատարություն կհատկացվի Հայաստանին և Վրաստանին։ «Թուրքիայի հակաարևմտականացումը բերում է Հայաստանի և Վրաստանի դերի բարձրացման, հետևաբար Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ավելի մեծ ակտիվության և ներկայության ձգտման։ Բնականաբար իրենց ներկայությունը բխում է մեր շահերից. դա Հայաստանին որշակի անվտանգություն և ապահովություն է բերում»,- եզրափակել է նա։

Դավիթ Գույումջյան