Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 08:40 20-11-2023

Ես գիտեի, որ Անդրեյը ինչքան իմ որդին է, էդքան էլ հայրենիքինն է.արցախցի զոհված սպայի մայր

Ես գիտեի, որ Անդրեյը ինչքան իմ որդին է, էդքան էլ հայրենիքինն է.արցախցի զոհված սպայի մայր

«Անդրեյը միշտ օրինակելի զավակ է եղել ինձ համար, նա նաև օրինակելի հրամանատար էր իր զինվորների համար: Փոքրուց Անդրեյի երազանքը զինվորական դառնալն էր, ասում էր՝ պիտի ծառայեմ հայրենիքիս: Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ավարտելուց հետո անցավ ծառայության: Սիրում էր թե՛ իր զինվորականի մասնագիտությունը, թե՛ իր համազգեստը…ես գիտեի, որ Անդրեյը ինչքան իմ որդին էր, էդքան էլ հայրենիքինն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպա Անդրեյ Ավագյանի մայրը՝ Լիրա Օհանջանյանը:

Արցախցի սպան 2011թ.-ից ծառայել է Վարանդայում (Ֆիզուլի): Հայրենիքին ծառայելն իր ընտրությունն էր, իր որոշումը:

«Երբ պատերազմը սկսվեց, Անդրեյը արձակուրդում էր, կանչեցին շտաբ. պատերազմ էր: Մենք մտածում էինք, որ մի քանի օր կտևի, պարզվեց՝ էս մեկը սարսափելի է:Պատերազմի սկզբի օրերին կապ չկար, մի քանի օր չենք կարողացել Անդրեյի հետ խոսել, հետո համարյա ամեն օր զանգում էր… խոսակցությունները սկսվում և վերջանում էին՝ ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք: Իրեն պինդ էր պահում, որ մենք չհուսահատվենք: Ասում էր՝ ամեն ինչ շատ լավ կլինի»,- շարունակում է Անդրեյ Ավագյանի մայրը:

Տիկին Լիրան պատմում է, որ հայրենիքի հանդեպ սերը Անդրեյի մոտ շատ խորն էր, սիրահարված էր Արցախի հողին, գուցե դա նաև նրանից էր, որ հայրը ազատամարտիկ էր և կյանքը տվել է հանուն Արցախի:

Կապիտան Անդրեյ Յուրիկի Ավագյանը ծնվել է 1990թ. հունվարի 31-ին՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում, որպես տանկային վաշտի հրամանատար ծառայել է Վարանդայում: Անդրեյը ազատամարտիկ Յուրիկ Ավագյանի որդին է, ով զոհվել է 1992թ.-ին:

2007թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ 2011թ.-ից անցել է ծառայության:

Անդրեյ Ավագյանը մասնակցել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել «Արիության մեդալով»:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից կռվել է Վարանդայի ճակատում. Անդրեյը կռվում էր այնտեղ, որտեղ ամենաթեժ մարտերն էին, նրա զինվորները կասեցնում էին հակառակորդի հարվածները:

Զրահատեխնիկայի խոցվելուց հետո Ավագյանը թշնամու ստորաբաժանումների հետ կռվել է ինքնաձիգով: Երիտասարդ սպան և իր մարտիկները չեն լքել մարտի դաշտը. նրանք վերցրել են ավտոմատներն ու նռնականետերը և կռվել որպես հետևակայիններ: Աննահանջ կռվել է մինչև հոկտեմբերի 13-ը: Անդրեյ Ավագյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին:

Խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

«Հիմա մեր տունն էլ, մեր տարածքներն էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել, բայց էդ ուղղությամբ չենք մտածում… ուր էլ լինես, կստեղծես, կապրես, իմ երեխեն պիտի մեզ հետ լիներ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը:

Տիկին Լիրան ասում է՝ ինչքան էլ կորստի ցավը մեծ է, բայց ապրելն ու առաջ նայելը հրամայական է.

«Երեխաներն են հիմա մեզ ապրելու հույս տալիս, էս փոքր երեխեքն են, որ կյանքից կառչել են տալիս, թե չէ ոչ մի բան չկա: Պատերազմից առաջ մենք ապրում էինք, նպատակներ կային, հիմա ամեն ինչ դատարկ է ու անգույն: Մենք այս պատերազմում կորցրել ենք ամեն ինչ, իսկ մի փոքր ազգի համար էսքան հերոսները շատ են, չափից շատ»,-եզրափակեց Լիրա Օհանջանյանը: