Ներքին 2 տարի առաջ - 16:30 18-11-2023

Ատեստավորում ասվածին դեմ ենք․ դա կրթության որակի շրջանակներում էական փոփոխություն չի բերում․ Ատոմ Մխիթարյան

Նախօրեին ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

2021 թվականից գործող հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ․ «Քաղաքականությունը, որ որդեգրել է ԿԳՄՍ նախարարությունը, բերել էր նրան, որ ուսուցիչների թիվը կտրուկ նվազում էր մեր հանրակրթական դպրոցներում, իսկ նրանց փոխարինողներ չկային։ Հիմնական գաղափարը սա է․ հիմա որոշակի առումով մեղմացնում են պահանջները, որպեսզի ուսուցիչները շարունակեն աշխատել։ Մենք ընդհանրապես ատեստավորում ասվածին բացարձակ դեմ ենք․ դա ուսուցչի մոտեցումներում, գիտելիքներում կամ կրթության որակի շրջանակներում էական փոփոխություն չի բերում։ Քանի որ նախարարությունը ամեն դեպքում մտածել է, որ պետք է շարունակել ատեստավորման քաղաքականությունը, անընդհատ հանդիպելու է խոչընդոտների։ Ստացվում է, որ ուսուցիչները ուղղակի հրաժարվում են ատեստավորման գործընթացին մասնակցելուց, որովհետև ամենաշատը ուսուցիչների 10 տոկոսն է, որ մասնակցում է։ Ես գնահատում եմ, որ այդ փոփոխությունները ուղղակի մտածված են նրա համար, որ հնարավորություն տան ուսուցիչներին սիրաշահել, և ուսուցիչները մասնակցեն ատեստավորման գործընթացին»։

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ անընդհատ վերանայվում և լավարկվում են կամավոր ատեստավորման քննական թեստերը, Մխիթարյանը այսպես արձագանքեց․ «Նշանակում է, որ սկզբից այն մտածված գործընթաց չի եղել, և հընթացս փոփոխություններ են արվում, որոնք տարբեր խոսակցությունների առիթ են տալիս արդեն 2 տարի։ Դա նշանակում է, որ գործընթացը սկսելիս նախապես մտածված ու հաշվարկված չի եղել, և էլի կլինեն այդպիսի փոփոխություններ, քանի դեռ հաշվի չառնվեն ուսուցիչների կարծիքը, որը հաշվի են առնում ամենավերջում։ Հակառակ դեպքում, եթե ուսուցիչներին ներգրավվեին մինչ այդ գործընթացը սկսելը, գործընթացը լրիվ ուրիշ ուղղություն կստանար»։

ԿԳՄՍ նախարարը նաև հայտնել էր, որ եթե ցանկանում ենք կրթության որակի բարելավման հասնել, ապա առաջին հերթին պետք է խթանենք միջին արդյունքներ ցուցաբերող ուսուցիչների մասնագիտական զարգացումը կրթական համակարգերում։

Անդրադառնալով նախարարի այս մտքին՝ փորձագետը ասաց․ «Ոչ, իհարկե։ Ատեստավորման գործընթացը ավելի շատ նման է ստուգման գործընթացի։ Եթե ուզում ենք ուսուցիչների հմտությունները կատարելագործել, կարողությունները շատացնել, գիտելիքները խորացնել, պետք է վերապատրաստումներ անել ուսուցիչների համար․ որևէ ուսուցիչ չի հրաժարվի վերապատրաստումից։ Սակայն 90 տոկոսը հրաժարվում է քննություն տալուց։ Ի սկզբանե մեթոդը սխալ է ընտրված։ Նույնիսկ մանկավարժների հետ սխալ մեթոդներով են աշխատում․ 60-ին մոտ կամ 60-ն անց ուսուցիչներին սթրեսի են ենթարկում, ընդ որում՝ անիմաստ, քանի որ դրանից հետո նրանց ո՛չ գիտելիքները, ո՛չ հմտությունները չեն փոխվում, և նրանք նույն ոճով և նույն մեթոդներով նույն դասերը տալիս են նույն դասարանի աշակետներին։ Պետք է ատեստավորման գործընթացը դնել մի կողմ և անընդհատ մտածել ուսուցիչների որակների կատարելագործման ուղղությամբ՝ վերապատրաստումների միջոցով․ պատրաստել վերապատրաստողներ, նրանց հմտությունները զարգացնել և դրա միջոցով վերապատրաստել բոլոր ուսուցիչներին՝ անկախ որակից՝ բարձր, միջին, ցածր։ Նրանք վերջին հաշվով հենց այն մարդիկ են, որոնք կրթության ոլորտում աշխատում են։ Մենք նրանց փոխարինող չունենք, եթե հաշվի ենք առնում նաև բուհերի ընդունելության քննությունների պատկերը, դիմորդների քանակը այդ ուղղություններով։ Տեսնում ենք, որ փոխարինող սերունդ չկա։ Ուրեմն մենք պետք է փայփայենք, ոչ թե դուրս հանենք կրթական համակարգից»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից