copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:22 18-03-2024

Ակադեմիական քաղաքը կհանգեցնի արտագաղթին, ազգային դիմագծի աղավաղմանը. Ատոմ Մխիթարյան

Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե Երևանում բուհ չպետք է լինի, հանրային լայն արձագանք է ստացել։ Փաշինյանի խոսքից ենթադրելի է, որ մարզերում գործող բուհերն և բուհական մասնաճյուղերը նույնպես պիտի տեղափոխվեն ակադեմիական քաղաք։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մտահոգություն հայտնեց, որ ֆինանսական միջին հնարավորություններ ունեցող ուսանողները Կառավարության այս քայլով զրկվելու են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից․

«Բացի վերը նշվածից՝ որոշումը նպաստելու է նաև մարզային բնակչության նվազմանը, արտագաղթին, որովհետև մարզային բնակավայրերում՝ Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում գտնվող բուհերը նաև համայնքաստեղծ նշանակություն ունեն։ Սա նշանակում է, որ մարդիկ այստեղ ապրում են, աշխատում, ձևավորում միջավայր, որտեղ կա մտավորականություն։ Իսկ օրինակ՝ Գյումրիից բոլոր համալսարանները հանելով, դուրս կգա Գյումրու բնակչությունը, ինչից հետո էլ հարց կառաջանա. արդյոք քաղաքը կունենա՞ իր նույն տեսքը, հմայքը, համն ու հոտը, ինչ ունի հիմա»։

Փորձագետն առաջարկեց Երևանից դուրս ունենալ մի նոր Տեխնոլոգիական համալսարան, որի հիմքերն արդեն դրված են։

«Միջազգային ասպարեզում չկա ոչ մի նման օրինակ, որ թե՛ մայրաքաղաքից, թե՛ բոլոր քաղաքներից համալսարանները հանվեն, տարվեն համալսարանական քաղաք»։

Oragir.News-ի հարցին՝ ինչին է միտված իշխանության կողմից ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտությունը, Մխիթարյանն այսպես պատասխանեց․

«Եթե քայլը մայրաքաղաքը թեթևացնելուն է միտված, ապա ուրիշ առաջարկ կա։ Առաջարկվում է քաղաքից դուրս բերել բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, ազատելով այդ շենքերը։ Օրինակ՝ Կառավարության և բոլոր նախարարությունների շենքերը կարելի է տալ վարձակալության և աշխատողներին տանել ուրիշ մի տեղ՝ ադմինիստրատիվ քաղաք։

Ակադեմիական քաղաքի առաջարկը աբսուրդի ժանրից է։ Յուրաքանչյուր քաղաք ունի իր դեմքը՝ մշակութային, գիտական, կրթական միջավայրը, որտեղ մարդիկ աշխատում են, ապրում, հանդիպում, ժամանակ անցկացնում։ Իսկ այդպիսի լավ միջավայրը Երևանի կենտրոնում է կամ Օղակաձև զբոսայգում, որտեղից ոտքով քայլելու հեռավորության վրա են գտնվում մեր բոլոր համալսարանները։ Եվ սա շատ լավ միջավայր է ստեղծում ուսանողների, դասախոսների, պրոֆեսորների, գիտնականների համար։ Այս մթնոլորտը Երևանից ուզում են հանել մեր ազգային դիմագիծը ընդհանրապես աղավաղելո՞ւ, կորցնելո՞ւ համար»։

Մեր հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է պրակտիկ ուսումնասիրություններ կատարող բուհերի ուսանողների կրթության շարունակականության հարցը ակադեմիական քաղաքի առկայության պարագայում, Մխիթարյանն այսպես պատասխանեց․

«Այս պարագայում խոսում ենք խաթարված կրթության մասին, որովհետև անհնար է Երևանից դուրս բերել Կոնսերվատորիան, Բժշկական համալսարանը, երբ բոլոր համերգասրահներն ու հիվանդանոցները Երևանում են։ Նշանակում է՝ Կոնսերվատորիայի տված կրթությունը ընդհանրապես չպիտի կապ ունենա մշակութային կյանքի հետ։ Հիվանդանոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման անհնարինությունը կհանգեցնի նրան, որ ուսանողները բուհում կստանան միայն տեսական գիտելիքներ, իսկ գործնական գիտելիքներ, որոնք շատ կարևոր են, բժիշկները չեն ունենա»։

Հաշվի առնելով իր կողմից նշված դիտարկումները՝ փորձագետը կարծիք հայտնեց նաև, որ կառուցվող քաղաքը պետք է Երևանի նման լինի, որտեղ ամեն ինչ կա։

«Կամ էլ նշանակում է՝ Երևանի նման կեսմիլիոնանոց կամ մեկմիլիոնանոց մի ուրիշ քաղաք է պետք սարքել, որտեղ ամեն ինչ կա՝ հիվանդանոցները, Բժշկական համալսարանը, Կոնսերվատորիան՝ իր համերգասրահներով, երաժշտական դպրոցներով։ Արդեն ունենք Երևանը։ Էլ իմաստ ունի՞ նման բան անել։ Իսկ ո՞վ է հաշվել՝ ինչքան գումար կարժենա դա։ Գուցե արժե այդ գումարները տրամադրել գործող համալսարաններին, որոնք կգրանցեն ավելի բարձր արդյունքներ, քան թե գումարները ծախսել շենքեր սարքելու կամ ասֆալտապատ փողոցներ ունենալու վրա»,- եզրափակելով զրույցը՝ նշեց փորձագետ Ատոմ Մխիթարյանը։