Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:50 15-11-2023

Բերդաշենում թխված վերջին հացը հասավ զինվորներին. պատերազմն ավարտվեց, բայց ամեն ինչ անիմաստ դարձավ. արցախցի

Սեպտեմբերի 20-ն էր, Արցախում պատերազմ էր և ոչ ոք չգիտեր, պատկերացում անգամ չուներ էլ, թե այն երբ կավարտվի։ Պետք էր սահմանին կռվող զինվորների համար հաց թխել, քանի որ Արցախը նաև շրջափակված էր՝ սովի մատնված։

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում հաց էին թխում արկերի պայթյունի տակ։ Սյուզաննա Ղահրամանյանը, ով «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակում արդեն 1 տարի Բերդաշենում էր, հիշում է․

«Հերթական տուն այցից հետո եկա դպրոցի նկուղ։ Հենց մտա, դպրոցի դռնով եկավ գյուղապետը և բոլորը հավաքվեցին նրա շուրջը՝ սպասելով որևէ նորության։ Սակայն գյուղապետը այս անգամ եկել էր ասեր, որ կարողացել է մի պարկ ալյուր (ես դրան ալյուրանման զանգված եմ ասում) գտնել և մի քանի մարդ է պետք, որ խմոր անեն ու հաց թխեն։ Մի երկու հոգի ցանկություն հայտնեցին, ասելով, որ հերթով կթխեն (մտածում էին դեռ երկար կձգվի)։

Պատերազմից նկուղում պատսպարվածները դուրս եկան հաց թխելու։ Գնացին գյուղի քիմկենսաբանի՝ ընկեր Իսրայելյանի հայրական տուն և լծվեցին գործի: Միանգամից վառեցին դրսի վառարանը։ Սկսվեց արարողակարգը․ Մեկը հունցում էր, մեկը ջուրը լցնում, մեկը վազում նորից ջուր բերելու, իսկ մնացածները նստած հետաքրքրությամբ նայում են հունցելու ընթացքին։ Ես իմ համար մի բան բացահայտեցի։ Հացը թխելու ընթացքում հաճախ էր սկսված զրույցը ընդհատում օդում պայթող արկի ձայնը։ Սակայն դա խոչընդոտ չէր համարվում, մի րոպեով անգամ գործը չեն թողել, ինչքան էլ մոտ լիներ պայթյունը, թոնիրը շարունակում էր ծխալ և տարածել հացի անուշ բույրը։



Ընթացքում լուր ստացանք, որ ժամը 13։00-ին կավարտվի պատերազմը, սակայն եկավ ու անցավ այդ ժամը, բայդ դեռ լսվում էր պայթյուններ։ Հետո ասեցին, որ ռուսական ժամով 13։00-ին, այսինքն 14։00-ին։ Մնացել էր 10 րոպե, որ գար էդ 14։00-ն։ Ու հենց այդ պահին արկերի մի խումբ հերթականությամբ պայթեցին Մեծ Նահատակում։ Իսկ մենք թոնրի միջից (լավ երևում էր Մեծ Նահատակը) հաշվում էինք արկերի քանակը՝ 1, 2, 3,․․․ 13, պայթեց վերջին արկը, իսկ այդ պահին թոնրից հանում էինք վերջին հացը։

Ավարտվեց պատերազմը, նաև հացը թխելու արարողությունը․․․ Բայց սեղանին դեռ մի բաժակ թեյ էր մնացել, որը սառել էր անտարբերությունից ու մենակությունից, մի քիչ էլ թափվել ափսեի մեջ՝ մոտիկ արկերի պայթյունի դղրդոցներից»- հիշում է Սյուզաննան։



Բերդաշենում թխված վերջին հացը հասավ զինվորներին։ Պատերազմը ավարտվեց։ Իսկ հետո ամեն ինչ անիմաստ դարձավ․ պայքարը, անձնազոհությունը, ջանասիրաբար կազմակերպված հացի թխման արարողությունը, որովհետև դա գյուղի երևի վերջին խաղաղ ծուխն էր։