Ներքին 2 տարի առաջ - 20:58 13-11-2023

Ինձ չդարձնես պարզապես մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ․ Սևքարեցի Սաքոյի հիշատակի օրն է

Սևքարեցի Սաքոյի կյանքը նվիրումի վառ օրինակ է, երևույթ հայ ազգային-ազատագրական շարժման մեջ: Ասում են՝ նա իր ժողովրդի բարեկամներին դիմավորում էր իր աննման սազով ու տաղով, իսկ թշնամուն՝ իր անբաժան մոսինով ու դիպուկ կրակոցներով:

Այսօր հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ֆիդայի Սևքարեցի Սաքոյի հիշատակի օրն է։

Ինչպես գեղարվեստական գրականությունն է փաստում, սևքարեցի ռանչպար Սարիբեկի որդին գնում է Գոշավանք՝ օրհնություն առնելու: Նայելով խաչված Քրիստոսի պատկերին՝ շշնջում է. «Եթե զորու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է՝ մինչեւ կյանքիս վերջը կռվել Ավետյաց երկրի ազատության համար: Անձիս պահպանություն չեմ խնդրում քեզնից, տե՜ր: Թող մեռնեմ, եթե դա հարկավոր է, միայն թե ինձ չդարձնես պարզապես մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ հավիտյանս բոլորին անհայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կյանքս մատաղ անելու իմ ժողովրդին…»:



Սևքարեցի Սաքոյի մասին հիացմունքով են արտահայտվել մեր ժողովրդի հանճարեղ մտածողները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, ազգային հերոս Անդրանիկը: 1905-1906 թվականներին՝ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, խաղաղության և բարեկամության կոչով Սաքոն հայ մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հորդորով և նրա հետ շրջագայել է հայկական ու թաթարական գյուղերով, աշխատել կանխել կոտորածները:

Պատմում են, որ Անդրանիկը, երբ, Լոռվա սարերից իջնելով Դիլիջան, զգացել է, որ ժողովրդի տրամադրությունն ընկած է, հրավիրել է Դիլիջանի և մերձակա գյուղերի համայնքների ներկայացուցիչներին, ոգեշունչ խոսք է ասել ու հորդորել վանել կամքի թուլությունն ու ընկճվածությունը. «Ո՛չ, ես չեմ հավատում, որ ստրկաբար ընկճվել է Սևքարեցի Սաքո ծնող ժողովրդի ոգին: Ո՛չ, չեմ հավատում: Եվ փառք Աստծո, որ խոսքերիս ապացույց էլ կա»: Այնուհետև, դիմելով Վանից եկած զինվոր Ներսեսին, Զորավարն ասել է. «Կանցնիս Սևքար, բարևս փոխանցիր Սաքոյի հարազատներին: Աստված կամենա խաղաղությունը տիրե աշխարհիս, կերթամ անոնց խոնարհվելու, որոնք Սաքո են ծնել ու կերտել»:

Հայդուկային գործունեության, Աղբյուր Սերոբի և այլ ֆիդայիների հետ ունեցած նամակագրական կապերի համար թուրքական դատարանը վճիռ է կայացնում հայդուկին դատապարտել 101 տարվա բանտարկության, ապա մահվան: Սակայն 1901 թվականին ռուսական հյուպատոսարանի ճնշման արդյունքում Սևքարեցի Սաքոն, որպես ռուսահպատակ, հանձնվում է ռուսական իշխանությունների դատին, որոնք խիզախ հայդուկին ազատ են արձակում:



1907 թվական. Վիեննայում կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովում, որին մասնակցում էր անվանի սեւքարեցին, որոշվում է օգնել Իրանում սկսված հեղափոխությանը: Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ Սաքոն ուղևորվում է այս երկիր, սակայն սահմանին հիվանդանում է խոլերայով, տեղափոխվում Երևան: Ավաղ, նահատակություն երազած քաջի մահն անխուսափելի էր:

Իր հերոսական վարքով աչքի է ընկել նաև Սևքարեցի Սաքոյի կինը՝ Մարո Ղարաքեշիշյանը: Այսօր քչերին հայտնի այս հերոսուհու շնորհիվ բազմիցս զենք ու զինամթերք է փոխադրվել Արաքսից այն կողմ: Երբ Մահկանաբերդի արծիվը` Սևքարեցի Սաքոն, աշխուժորեն զբաղվում էր զենք հայթայթելու և դեպի Ավետյաց երկիր տեղափոխելու բարդ ու վտանգավոր գործով, հանդիպում էր շատ շատերի, դիմավորում էր բազմաթիվ զինատար խմբերի, իսկ նրան անհրաժեշտ տեղեկությունները հասնում էին Մարո Ղարաքեշիշյանի միջոցով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը