copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 21:36 06-11-2023

Հազարավոր հայերի դիակները տեսնելուց հետո կյանքը իմաստը կորցրեց ինձ համար, և որոշեցի ապրել․ Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է

Հայ կինոյի և թատրոնի ականավոր դերասան Հրաչյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ Գուրգեն Մահարին գրել է․ «Դեռ երիտասարդ, թողիր դու Մարմարայի ափերը եւ խարիսխ նետեցիր քո ժողովրդի սրտում: Դու մեծացար քո ժողովրդի հետ եւ տվիր քո ողջ ստեղծագործական կրակն ու ավյունը քո ժողովրդի մեծ արվեստին: Դու չիմացար քո մեծությունը: Զարմանու՞մ ես, որ գտնվում ես պանթեոնում: Դու գիտեիր ժպտալ քո լուսավոր կնճիռներով, մանկական ժպիտով: Այդ քեզ շատ էր նման»։

Այսօր դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է։

Փոքրուց Հրաչյա Ներսիսյանը վայելել է այնպիսի հանճարների ներկայությունը, որ նրա ստեղծագործ հոգին չէր կարող չթևավորվել։Մորաքրոջ արվեստասեր ամուսնու տանը հաճախ լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։

Նա նկարահանվել է հայկական առաջին ֆիլմում՝ «Նամուս»-ում։ Հրաչյա Ներսիսյանը կերտել է Ռուստամի դերը: Իր դերասանական խաղով փայլել է նաև հայկական առաջին հնչյունային ֆիլմում՝ «Պեպո»-ում։



Այս տաղանդովոր երիտասարդին ժամանակին նկատել էր նաև Չարենցը։ Մահարին իր հուշերում գրում է․

«Չարենցի հետ դիտում ենք «Ազատագրված Դոն Կիխոտ»-ը: «Դոն Կիխոտ»-ի դերումն է Հրաչյա Ներսիսյանը: Չարենցն առաջին անգամ տեսնում է նրան բեմի վրա:

Լարված հետեւում է նրա խաղին, ակնհայտ կերպով ձանձրանում, երբ նա չկա բեմի վրա: Ահա նա հայտնվում է, եւ Չարենցը լարվում է նորից:

Երբ իջավ վերջին վարագույրը, Չարենցը շեշտակի կերպով դարձավ դեպի ինձ եւ ասես զարմացած հարցրեց.

-Տեսա՞ր…

Հետո նկատելով իմ տարակուսանքը, ավելացրեց.

-Դուրս գանք` ասեմ…

Բարձրանում ենք Աբովյանով: Նա կանգ է առնում.

-Որպես գաղտնիք քեզ պիտի ասեմ, որ Պոլսեն եկած այս երիտասարդ Հրաչյա Ներսիսյանը շատ տաղանդավոր դերասան է:

-Քեզ բան եմ ասում, իսկական տաղանդ է:

Ապա լռեց, քայլեց մի քանի քայլ եւ նորից կանգ առավ:

- Զարմանալի քաղաք է Պոլիսը, Ադամյան, Փափազյան, Ներսիսյան…»։



Մարտիրոս Սարյանը մի անգամ Ներսիսյանի կանչում է դիմանկար նկարելու։ Բայց զարմանալիորեն ոչ թե պահանջում է անշարժ նստել, այլ խոսել ինչից ու ինչքան ուզում է․ խոսելիս մարդուն ավելի լավ էր տեսնում։

«Կյա՞նքս պատմեմ։ Վախեցա։ Կպատմեի և, այն դեմքերը, որոնց հետ անց էի կացրել մանկությունս, պատանեկությունս, երիտասարդությունս, վա՜յ թե գնային, հեռանային ինձնից, ու մեջս ոչինչ չմնար նրանցից։ ․․․․․ Բայց որոշեցի պատմել. դեմքիս հետ թող հոգիս էլ տեսնի, սիրտս էլ կտեսնի։ Ու սկսեցի. որտեղ եմ ծնվել, ում հետ եմ անցկացրել կյանքս, ինչպես եմ անցկացրել։ Պատմեցի,որ Վարուժանին իմանալուց, ապա կորցնելուց հետո, Սիամանթոյին իմանալուց, ապա կորցնելուց հետո, Կոմիտասին իմանալուց, ապա համարյա կորցնելուց հետո, հազար֊հազարավոր հայերի իմանալուց, ապա նրանց դիակները տեսնելուց հետո, կյանքը իմաստը կորցրեց ինձ համար։ Եվ որոշեցի ապրել։ Ապրել՝ հենց թեկուզ Վարուժանի հիշատակը սրտումս պահելու համար, յաթաղանին, թուրքական յաթաղանին զոհ դարձած հազար֊հազարավորների հիշատակը սրտումս պահելու համար։



․․․․Երբ աշխատանքն ավարտվեց, Սարյանը հրավիրեց դիտելու այն։ Երկար ժամանակ սիրտ չէի անում մոտենալ նկարիս, իսկ եթե միայն դեմքս լիներ այնտեղ, հոգիս՝ ո՜չ։ Զուր տե՞ղը անհանգստացրի զոհյալներին։ Վերջը՝ մոտեցա։ Մոտեցա ու անցած օրերս տեսա այնտեղ՝ և՛ դեմքս կար, և՛ ապրածս կյանքը։ Այնպես որ Մելիքսեթը հասավ նպատակին. ստացավ՝ ինչ ուզում էր»,- դերասան Արման Կոթիկյանի հետ զրույցում խոստովանում է դերասանը:

«Կրկին հայտնվեց Ալվանը, այս անգամ սուրճով։ Հայտնվեց ու քարացավ շեմքում։ Գավաթները դողացին ձեռքին։ Ոչինչ, որ նարդին ընկած էր մի կողմ, զարմանալին ամուսնու արցունքներն էին, որ լցրել էին նրա դեմքի կնճիռները։

-Հրա՜չ,֊ հազիվ կարողացավ ձայնել նա,-ի՜նչ պատահեց քեզ։

Կոթիկյանը շրջվեց դեպի նա, մատը բերանին դրեց. սո՜ւս, թող արտասվի։



Իր վրա հառած հայացքներից Ներսիսյանն ուշքի եկավ։

Ձեռքը աչքերին տարավ, և ժպտաց։

-Այս ինչ է, եղբայր,֊ արցունքի միջից խոսեց նա,- լա՞ց եմ լինում։ Ինչո՞ւ։ Որ նկարս թանգարա՞ն գնաց։ Ուրախանալ պիտի, եղբայր, ուրախանալ. աշխարհից հեռանալիս գոնե այնտեղ փոքրիկ տեղ կունենանք։

-Ջանը՜մ, Մելիքսեթի թանգարանն ինչ է որ,- իր պես երկար մատը ցցեց Կոթիկյանը,֊ դու վաղուց ես աշխարհի թանգարանում արել քո տեղը»։