Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 5 ամիս առաջ - 23:00 10-11-2023

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ, որ հաղորդակցությունները վերահսկի ՌԴ-ն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հերթական անգամ հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի հետ, պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Զախարովան իր խոսքում նշել էր, որ այդ դրույթը ֆիքսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվելու, որը կապահովի երկրի տարածքով անցնող հաղորդակցությունների անվտանգությունը։

Փաստացի հերթական անգամ Երևանի և Մոսկվայի հայտարարությունները տրամագծորեն հակասում են իրար, որը վերջին շրջանում կարծես օրինաչափություն է դարձել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Ռուսաստանը շատ մեծ ցանկություն ունի գալ Հայաստան ու ինչ-որ բան վերահսկել։ Նա ափսոսանք հայտնեց, որ տարիներ շարունակ Հայաստանի տուրք է տվել ՌԴ-ի այդ քաղաքականությանը, և մենք դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք՝ սկսած Զվարթնոց օդանավակայանից մինչև որոշ արտաքին սահմաններ, որոնք վերահսկում են ռուսական ուժերը։

«Եթե որոշ դեպքերում, օրինակ Թուրքիայի սահմանի հետ կապված, Հայաստանը ֆիզիկապես դրանք անձամբ վերահսկելու հնարավորություններ չունի, ապա այս հաղորդակցությունների դեպքում կարծում եմ՝ նման խնդիր չկա, և ՀՀ-ն կարող է անձամբ վերահսկել իր տարածքով անցնող ենթակառուցվածքները»,- ասաց նա։

Ղևոնդյանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է ինչ-որ պայմանավորվածություններից։ Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանը համաձայնվել է, Ռուսաստանը կարող է իր կողմից իրականացվելիք որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողություն ունենալ, չնայած ցանկալի կլիներ, որ դա նույնպես չեղարկվեր։ Նա այս համատեքստում ուշադրություն հրավիրեց այն բանին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որում այս պարտավորությունն ամրագրված է, այս պահին այլևս իմաստ չունի, դե ֆակտո չի կարող գոյություն ունենալ։

Քաղաքագետը նաև չհամաձայնվեց դիտարկման հետ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը սահմանում է, որ ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները։ Նա նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ ֆիքսված է՝ ռուս սահմանապահները պետք է վերահսկողություն ունենան ոչ թե ճանապարհների, այլ Հայաստանի կողմից այդ հաղորդակցությունների տրամադրման վրա, ինչը նաև ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումն է և համապասխանում է 9-րդ կետի տառին և ոգուն։

«Չնայած կվերահաստատեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դե ֆակտո գոյություն չունի, որովհետև այդ հայտարարության առարկա հանդիսացող գետնի վրա առկա իրավիճակն այլևս այդպիսին չէ, այսինքն՝ Արցախը չկա, Լաչինի միջանցքը չկա։ Փաստացի կարելի է ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի բանի մասին է, և եթե մյուս կետերով ոչ մի բանի մասին է, դա նշանակում է, որ նույնը պետք է լինի նաև 9-րդ կետի դեպքում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանը պաշտոնապես մեկնաբանում է, որ հաղորդակցության իրականացումը իր պարտավորությունն է, իսկ իրականացման նկատմամբ վերահսկողություն կարող են ունենալ ռուսական ծառայությունները, ինչն, իր համոզմամբ, ճիշտ մոտեցում է։ «Այսինքն՝ Ռուսաստանը համապասխան մեթոդներով և միջոցներով կարող է վերահսկել, որ Հայաստանն այդ ծառայությունն իրականացնի, այլ ոչ թե ինքը գա և իրականացնի դա»,- կարծում է նա։

Հարցին, թե եթե հայկական կողմը մինչև վերջ իր դիրքորոշումը պնդի, ապա Մոսկվան ի պատասխան ի՞նչ հակաքայլեր կարող է ձեռնարկել, և առհասարակ ո՞ւնի նման հակաքայլեր ձեռնարկելու հնարավորություն՝ Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Մոսկվան նոր հակաքայլեր պետք է ձեռնարկի։ Նա նշեց, որ այն հակաքայլերը, որոնք ռուսական կողմը պետք է իրականացներ, արդեն իսկ կատարել է՝ սկսած Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները չկատարելուց մինչև տնտեսական խնդիրներ։

Քաղաքագետը կարծում է, որ ՌԴ-ն կարող է միայն ավելի սաստկացնել այդ միջոցները։ Նրա համոզմամբ՝ անվտանգային առումով ՌԴ-ի հնարավորություններն արդեն չեն ներում, որովհետև Հայաստանի դիվերսիֆիկացնում է իր անվտանգային միջոցները, սակայն տնտեսական առումով այդ երկրի զինանոցը բավականին մեծ է, և նա ՀՀ-ի համար տնտեսական խնդիրներ կարող է ստեղծել։

«Ընդ որում նշեմ, որ դրանցից մեկի մասին արդեն կա ծանուցում. փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների օրինակով Հայաստանին նույնպես պարտադրվում է մաքսազերծման գործընթացում համապատասխան սերտիֆիկատներ ստանալ, ինչը բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի շուկային և շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր շուկայի համար։ Հուսանք, որ մինչև փետրվարի 1-ը Հայաստանը կկարողանա ինչ-որ կերպ խուսափել այդ հեռանկարից»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով