Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 5 ամիս առաջ - 23:49 09-11-2023

Հպարտ եմ, որ հանդիսանում եմ Ուրարտուի ժառանգը․ Միքայել Բադալյան

Հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու-Հարմինուա- Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի և ռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսատանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:



Ցուցադրությանը «Էրեբունի» ՊՀԱԹ-ի մասնակցության, ներկայացված նմուշների, ցուցադրության նախապատրաստական աշխատանքների և ընթացիկ աշխատանքների մասին Oragir.News-ը զրուցել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։

-Խոսենք ցուցադրությանը մասնակցություն ունենալու առաջարկի մասին։ Ո՞ւմ առաջարկով որոշվեց նախաձեռնել այս ցուցադրությանը և ինչպե՞ս որոշվեցին ցուցադրվող առարկաները։ Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքների միջով անցաք։

-Որքանով տեղյակ եմ, ցուցադրության գաղափարը եղել է Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակինը։ Այս ամենի վերաբերյալ նա կիսվել է մեր թանգարանի հետ համագործակցող մշակութային ֆոնդերից մեկի հետ։ Ֆոնդի իմ գործընկերներն ինձ հայտնեցին գաղափարի մասին, ինչն էլ ինձ շատ ոգևորեց, և մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք՝ միանալու այս կարևոր նախագծին։ Ավելի ուշ մենք հանդիպեցինք նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին հետ, ինչպես նաև բազմաթիվ օնլայն խորհրդակցություններ եղան Պուշկինի թանգարանի մեր ռուս գործընկերների հետ։ Համաձայն ձևավորված հայեցակարգի՝ պետք է ներկայացնեինք Հայաստանի նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժառանգությունը, ցույց տայինք այդ ժառանգության շարունակականությունը։ Ձևավորվեց գիտական աշխատանքային թիմ, որի համակարգողներից մեկը լինելու պատիվն ունեցա նաև ես։ Ցուցադրությանը միացավ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժը, Ռուսաստանի պատմության պետական թանգարանը, Մոսկվայի «Տապան» թանգարանը, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը, Ռուսաստանի ազգային արխիվը։ Տարբեր թանգարանների կողմից ընտրվեցին այն հնագիտական առարկաները, որոնք ցուցադրվելու էին։ Կոնկրետ «Էրեբունի» արգելոց-թանգարանից 53 նման առարկաներ կան։ Թանգարանի փոխտնօրենից մինչև վերականգնողը, ֆոնդապահները զգալի աշխատանք են տարել, մինչև այս ամբողջը բերել են հավուր պատշաճ վիճակի՝ ցուցադրվելու համար։



-Ո՞րն է ցուցադրության նպատակը։ Ինչպիսի՞ արդյունք ունեցաք։

-Այս ցուցադրությունում մոտ 400 իր է ցուցադրվում։ Մեր գլխավոր նպատակն էր և՛ Ռուսաստանում, և՛ հայ համայնքին ներկայացնել մեր հնագույն հարուստ շրջանի ժառանգությունը, իսկ Ուրարտուն մեզ համար իսկապես կարևոր նշանակություն ունի։ Հսկայական աշխատանք է տարվել մոտ 1 տարի՝ ստուգելով տեքստերը, նկարները, քարտեզները։ Պաշտոնական բացմանը ներկա էր 1000 անձ։ Որքանով ես գիտեմ, Պուշկինի թանգարանի համար սա աննախադեպ ցուցանիշ էր վերջին տարիների համար։ Ցուցադրության համար նախատեսված բացատրական տոմսերն ամբողջությամբ արդեն գնված են։ Ես էլ, մի քանի օր լինելով այնտեղ, իմ աչքով տեսնել եմ, թե այս ցուցադրությունը տեսնելու համար ինչ ահռելի հերթեր են գոյացել։ Կարծում եմ, որ այս ժամանակաշրջանում այն ունի շատ կարևոր խորհուրդ․ հայ համայնքի ներկայացուցիչները կարող են տեսնել, զգալ մեր հարուստ ժառանգությունը, Ուրարտուն, Էթիունին, որը մեր ժառանգության և ինքնության կարևորագույն մասն է կազմում, և նաև մտածել մեր անցյալի, ներկայի, ապագայի մասին, հպարտ լինել Ուրարտուի ժառանգը լինելու կապակցությամբ, իսկ սա, կարծում եմ, Հայաստանի մշակութայն հեղինակությունը ավելի կբարձրացնի․ հազարավոր այցելուներ տեսնելու են անուններ՝ Էրեբունի, Կարմիր բլուր, Հայաստանի պատմության թանգարան, Երևան քաղաքի պատմության թանգարան և, բնականաբար, նրանց մի զգալի մասը նաև ցանկություն է ունենալու գալ և տեսնել այս թանգարանները, այս վայրերը, այսինքն՝ սա նպաստելու է նաև մեր թանգարաններում այցերի աճին։



-Այս ցուցադրության զատ՝ ինչո՞վ է զբաղված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց֊թանգարանը։ Սպասվո՞ւմ են նորություններ թանգարանի այցելուների համար։

-«Էրեբունի» արգելոց-թանգարանը հիմա գլխավորապես մի քանի կարևոր ծրագիր է իրականացվում․ Լուվրի թանգարանի հետ համատեղ աշխատում ենք մեր մշտական ցուցադրության փոփոխության ծրագրի վրա։ Կոնցեպտն արդեն պատրաստ է, հիմա սցենոգրաֆիական թիմն է վերջացնում աշխատանքները։ Դեկտեմբերին նախատեսված է փակել թանգարանի մշտական ցուցադրությունը, սակայն դա չի նշանակում, որ թանգարանը չի գործելու․ մենք ժամանակավոր ցուցադրություններում ներկայացնելու ենք թանգարանի գլխավոր իրերը, իսկ մինչև ապրիլի վերջ բացելու ենք լուրջ մտքով և նոր ընկալումներով շատ գեղեցիկ ու լավ համադրված ցուցադրություն՝ արժանի հենց Էրեբունիին։ Կարմիր բլուրում ֆրանսիացի գործընկերների հետ հենց հիմա իրականացվում են աղյուսի արտադրության ծրագրեր, տարբեր գիտակրթական ծրագրեր։ Շենգավիթի մեր մասնաճյուղում հայ-ամերիկյան արշավախումը իրականացնում է պեղումներ։ Կնքվել է հուշագիր Բայոլայի համալսարանի հետ, որով Շենգավիթում լուրջ նախագիծ ենք իրականացնում․ մինչև մայիս ամսվա վերջ ստեղծվելու է Կուրարաքսյան 1 կացարանի մոդել․ ցուցադրությունն է փոխվելու, վիրտուալ իրականության փորձառությունն է նեդրվելու։ Մեզ մոտ պարբերաբար կրթական ծրագրեր են իրականցվում։ Ե՛վ Էրեբունիում, և՛ Շենգավիթում, և՛ Կարմիր բլուրում այցելուների թիվը բավական բարձր ցուցանիշ ունի։ Կարծում եմ, որ նորմալ աշխատանքային հունով առաջ ենք շարժվում, իսկ փետրվարի 14֊ին նախատեսվում է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում բացել Էրեբունի թանգարանի անկյունը, ինչը շատ լուրջ ձեռքբերում եմ համարում։



Ցուցադրության կազմակերպման գործում ունեցած ներդրման համար Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի կողմից Էրեբունի թանգարանը պարգևատրվել է մեդալով:

Ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2024 թվականի հունվարի 28-ը: