Բանասեր, մանկավարժ «Trésors d’Arménie» հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և մի քանի հարց ուղղել նրան՝ կապված վերջինիս կողմից հնչեցված հայտարարությունների հետ։
Բաց նամակը ներկայացնում ենք ստորև․
«Տիկի´ն Անդրեասյան, ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անժելա Հարությունյանս (հայ բանասեր, մանկավարժ), դիմում եմ Ձեզ հետևյալ հարցերով։
Հարց 1
Խնդրում եմ ասել, արդյոք այս կամ այն ղեկավար մարմինը ունի լիազորություն խախտելու ՀՀ բացարձակ արժեք ժողովրդավարությունը։ Եթե չի կարող լինել նման բան, ապա, տիկին նախարար, սույն թվականի հոկտեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից՝ «Համակերպվե´ք այն աղմուկի հետ, որ կա․ ծնողները չէ, որ պետք է որոշեն դասագրքի բովանդակությունը» արտահայտությունը բացարձակ արժեք հանդիսացող ժողովրդավարություն գաղափարի ո՞ր կետին էր համապատասխանում։ Ձեր երաշխավորած նոր չափորոշիչներով կազմվող հատկապես նոր դասագրքերում շարունակ շեշտում եք ԳԻՏԱԿԻՑ ՈՒ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ, ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՈՒ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄՏՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ։ Այսօր Դուք բախվեցիք այդ քաղաքացիների քննադատությանը և պահանջին, որը ձևավորվել էր տասնյակ աղավաղված պատմական փաստերով կազմված հայոց պատմության 7-րդ դասարանի ապազգային դասագրքի շուրջ մասնագիտական առողջ վերլուծության արդյունքում ։ Որպես ԿԳՄՍ նախարար՝ ժողովրդավարություն բացարձակ արժեքը թերևս հարգող ու պահպանող, ինչպես արձագանքեցիք Հայաստանի Հանրապետության տասնյակ բանիմաց, գիտակ ու կոմպետենտ պատմաբանների, պատմագետների ու պարզապես պատմական գիտական-մասնագիտական հանրույթի և ժողովրդի անքակտելի մասը կազմող Ծնողական համայնքի բողոքին ու պահանջին։ Պարզ հիշեցում՝ յուրաքանչյուր երեխայի համար պատասխանատվություն կրող առաջին անձը երեխայի ծնողներն են։ Երեխայի կրթության հարցում ծնողը վստահում է այդ կրթությունն իրացնող անձանց, հաստատություններին ու մեխանիզմներին։ Բայց ծնողի կողմից տրված այդ վստահությունը ոչ ոք չի կարող շահարկել՝ երեխային տալով սուբյեկտիվ, անձնական, կասկածելի ու այս կամ այն տեսությունների հիման վրա ձևավորված կրթություն։ Ծնողի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է պահանջել, որ իր երեխան իր երկրում ստանա ազգային ու հայեցի կրթություն։ Բացի այդ՝ ծնողը հենց այդ նույն ժողովուրդն է։ Ի դեպ՝ ժողովրդավար երկրներում ոչ միայն ականջալուր են ծնողի ասածին, այլև շնորհակալություն են հայտնում։
Արդյոք հարգեցի՞ք այդ քննադատությունը, տիկին նախարար, հետևություն ու քայլեր արեցի՞ք։ Արդյոք ականջալուր եղաք, որ այդ դասագրքում հայկականությունը վտանգի տակ է դրված, վտանգի տակ է դրված այն առանցքը, որի շուրջ, ինչպես Դուք նշեցիք, պիտի կառուցվի կրթությունը։ Բայց հարկ է հիշել մի պարզ ճշմարտություն՝ չի կարելի գիտակցել ու պահպանել Ձեր իսկ նշած պետությունն ու պետական արժեքը, երբ չկա պետականամետ մտածելակերպ։ Իսկ պատմության դասագիրքը առաջին հերթին ոչ թե պիտի պատմական մտածողությունը դարձնի նպատակ, ինչպես նշեցիք, այլ պատմության իմացությամբ՝ պետական մտածելակերպի ձևավորումը։
Այս մասին ահանզանգեցին մասնագետները, ովքեր իրենց մասնագիտության գիտակն են ու կրողը։ Իհարկե ասացիք, որ ինչ-ինչ վրիպակներ կուղղվեն, մնաց պարզել՝ հայերիս եկվորության տեսությունը այդ վրիպակների ցանկում ներառել եք, թե ոչ , բայց ինչն էր ակնհայտ, որ Դուք Ձեր թևերը փռեցիք այդ դասագրքի հեղինակի վրա՝ բացահայտ ցույց տալով Ձեր հավանությունը գրքի բովանդակային ուղղվածությանը և բարձր ամբիոնից «մատ թափ տվեցիք»՝ ասելով՝ համակերպվեք։ Ցանկանում եմ նշել, որ «համակերպվել» բառը որևէ եզր չունի ժողովրդավարության հետ։ «Համակերպվել» բառը միայն ու միայն եզր ունի դիկտատուրայի և պաշտոնից բխող լիազորությունների չարաշահման հետ։
Հիմա հարց՝ ՈՎ Է ՏՎԵԼ Ձեզ իրավունք խախտել ՀՀ բարձրագույն արժեք հանդիսացող ժողովրդավարության գաղափարը։
Հարց 2
Խնդրում եմ ասել, արդյոք այսօրվա հայ հանրակրթությունը ունի որդեգրած քաղաքականություն՝ ՄԱՐՏՍՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ Եթե այո, ապա որն է այն, և արդյոք այնտեղ հիմնարար տեղ ունի ազգայինը։
Օրինակ՝ այսօրվա թերևս ամենազարգացած, առաջադեմ ու ժողովրդավար երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ունի հստակ կրթական քաղաքականություն՝ իր հիմնարար մեծ սկզբունքներով՝ ՝ հիմնված և ոգեշնչված 1789 թ․-ի հեղափոխությունից, 4-րդ և 5-րդ հանրապետությունների ժամանակ ընդունված օրենքներից, 1985թ․-ի հոկտեմբերի 4-ի Սահմանադրությունից, իսկ արժեքների մեջ նշված առաջին միտքն է՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ։ Ֆրանսիան ստղծել է իր գոյության բանալին ու այն ներդրել ամենակարևոր ոլորտում, որը կոչվում է ԿՐԹՈՒԹՅՈՒՆ։ Չլինի՞ թե ժողովրդավար Ֆրանսիայում չի գտնվել Սմբատ Հովհաննիսյանի պես բանիմաց ու առաջադեմ մի պատմագետ, ով ասեր՝ պատմության ոգեշնչումով սկզբունքներ մշակելը և հանրակրթության մեջ ներդնելը Ֆրանսիան գաղութացման տանող ուղին է ու պետք է նման գաղափարները տարանջատել կրթությունից կամ այդ ամենը որակվեր որպես Ուռա հայրենասիրություն։ Ֆրանսիան ունի հանրակրթության համար մշակած իր ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Իսկ մենք ի՞նչ հանրակրթական քաղաքականություն ունենք այսօր, և արդյոք այսօրվա հայ հանրակրթությունը ունի ձևավորած հիմնարար մեծ սկզբունքներ պետականությունը ամրապնդող։ Եթե այո, որոնք են այդ սկզբունքները։
Հարց 3
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից Դուք հայտարարեցիք, որ հանրակրթության բովանդակային փոփոխությունը իր հիմքում ունի արժեբանական փոփոխություն։ Հարց՝ այդ ինչ արժեքներ էին, որ կային, և ինչն էր ցուցում, որ դրանք վատն են, որ որոշեցիք փոփոխել։ Անզեն աչքով նկատելի է, որ հստակ մեկ արժեք փոփոխել եք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ, քանի որ ազգայինից խոսելը, ազգային մտածողություն ձևավորելը Դուք պաթոս և Ուռա հայրենասիրություն եք անվանում։
Հարց 4
Թերևս դիտել եք հայ բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Արմենի համանուն վիպակի հիման վրա նկարահանված «Հեղնար աղբյուր» ֆիլմը ՀԽՍՀ վաստակավոր ու ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի դերակատարությամբ։ Ֆիլմում հատված կա հայկական մի սովորույթից, երբ նորակառույց կամուրջի ամրությունը ստուգելու համար կամուրջ կառուցողի ընտանիքը նստում է կամրջի տակ, իսկ կամուրջ կառուցողը կառքով անցնում է կամրջի վրայով։ Ինչ եք կարծում՝ ինչու էին այդպես անում։ Արդյոք դա էլ երկիրը գաղութացման տանող ազգային ու հայկական սովորույթ էր միայն։ (Ազգայինով գաղութացման գնալու միտքը Ձեր հովանին ստացած պատմագետի զուգադրող միտքն է, ի դեպ)։ Հայկական ազգային այդ սովորույթի իմաստը մեկն է՝ եթե մի բան նախատեսում ես սերունդների համար, ապա առաջին փորձարկողը դու ինքդ պիտի լինես, իսկ հետևանքի առաջին կրողը՝ հենց քո սերունդ հանդիսացող ընտանիքդ, քո երեխաները։ Կրթությունը երկիր կառուցելու առաջին ու կարևոր օղակն է։ Ձեր կառուցած այսօրվա կրթությունը, եթե այն այդքան լավն է, առաջադիմական, ինչու չեք փորձարկում ձեր իսկ երեխաների վրա։ Իսկ եթե կրկին կասեք, որ ոչ ոք չի կարող վիճարկել Ձեր երեխաների՝ ուրիշ երկրում կրթություն ստանալու իրավունքը, ապա հարց՝ լինելով ԿԳՄՍ նախարար՝ ինչպես եք լուծում նմանատիպ կրթության հավասար իրավուքների հարցը բոլոր հայ երեխաների համար։
Հարց 5
Ով և ինչ բարոյական իրավունք է տվել պատմագետ Սմբատ Հովհաննիսյանին միանձնյա հեղինակելու 7-րդ դասարանի Հայոց պատմության նման հակազգային ու հակահայ դասագիրք։ Չէ՞ որ վերջերս լրագրողների հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Դուք նշեցիք, որ պատմությունը ճշգրիտ գիտություն չէ, ասել է թե, քանի որ նույն հարցի շուրջ պատմության մեջ առկան են բազմաթիվ տեսություններ, ուստի այն որոշակիորեն հարվածում է պատմության՝ ճշգրիտ գիտություն համարվելուն։ Եթե այդպես է, ապա ինչու Սմբատ Հովհաննիսյանը առկա մի շարք տեսություններից, օրինակ, հայերի ծագումնաբանության հարցի հետ կապված՝ հայ երեխային իր պատմությունը ուսուցանող դասագրքում տալիս է հակահայ, հակազգային տեսությունը՝ ըստ որի մենք՝ հայերս, եկվորներ ենք։ Ի դեպ, հեղինակը նշել է, որ ինքն է ընտրել պատմական առանցքային թեմաները և տեսությունները։ Ձեր ասած՝ պետության և պետականության առանցքային արժեքի պահպանումը բալկանյան այդ տեսությունո՞վ է, որ պիտի իրագործվի։ Ինչո՞ւ չի ընտրվել հայամետ տեսությունը, չէ որ Դուք ինքներդ եք ասում՝ ճշգրիտ չէ պատմությունը։ Ո՞վ է տվել այդ պատմագետին իրավունք հանրակրթական դպրոցներում զբաղվելու սեփական սուբյեկտիվ մոտեցումների պրոպագանդայով, այն դեպքում, երբ ամեն տեղ նշում եք պրոպագանդայի մերժելի լինելը, չէ որ ազգայինն է այսօր դիտարկվում որպես մերժելի պրոպագանդա և փորձ արվում վերջինիցս ամեն կերպ ազատվել։ Ի՞նչ քաղաքականություն է ներդրված հայոց պատմության դասագիրք կազմելիս հանրակրթական դպրոցներում։ Արդյոք վերջինս նպաստո՞ւմ է պետականամետ մտածելակերպին, ազգային ինքնության ու ինքնիշխանության պահպանմանը («քաղաքականություն» բառը այստեղ նշանակում է հստակ մոտեցում ու մարտավարություն)։
Հարց 6
Այդ ինչ մոտեցում է՝ հանրակրթական դպրոցներում առարկան դիտարկել սոսկ որպես գիտության ճյուղ։ Թերևս դրանով է բացատրվում, որ «ՀԱՅ» բառը չկա գրականության դասագրքերի վրա։ Ինչ խնդիր կա այդ ՀԱՅ բառի հետ, դա էլ է՞ Ձեզ համար ՈՒՌԱ հայրենասիրության ու պաթոսի ցուցիչ, որից փորձում եք ազատվել։ Այնինչ պետք է հստակ տարբերակել, թե առարկան որտեղ է ուսուցանվում և ում համար է նախատեսված՝ աշակերտի, ուսանողի, թե նեղ մասնագետի, և ինչ նպատակով է հետապնդում։ Հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաները պետք է հետևեն պետության կողմից և այդ պետության ամրացմանն ուղղված հստակ մարտավարությանը։ Այդ մարտավարությունից է կախված պետության ապագան։
Բացահայտ ու պարզ ճշմարտություն է՝ կրթության կազմակերպումը մարտավարություն է։ Ճիշտ որդեգրած մարտավարության արդյունքում ունենում ենք գիտակից, համարձակ ու կարողունակ հասարակություն, ովքեր լծվում են պետության ամրացմանն ու զարգացմանը, իսկ սխալ մարտավարության դեպքում՝ թույլ, ենթակա և ստրկամիտ հասարակություն, կորսված պետություն։
Մենք ականատեսն ենք, որ այսօր աշխարհում մեզ թշնամի կամ ոչ թշնամի երկրները ունեն մարտավարություն, ունեն գաղափարախոսություն, ունեն երազանք ու գնում են դրանց իրագործման հետևից։ Մեր թշնամի երկրներ Թուրքիան և Ադրբեջանը սուտ պատմություններ գեներացնելով են գնում՝ վերջինս պետական մարտավարություն ու դիմագիծ դարձրած, Չինաստանը՝ իր ձևով, Ռուսաստանն՝ իր, ԱՄՆ՝ իր, Իսրայելն՝ իր և այլն։ Սխալ են, թե ճշգրիտ այդ մարտավարությունները, այսօր էական չէ, դրանք բխում են այդ երկրների ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ, որի իրագործումն էլ իրենք ներդրել են իրենց պետության բոլոր ոլորտներում՝ կրթություն, պաշտպանություն, տնտեսություն և այլն։ Իսկ որն է մեր պետական շահը՝ ըստ որի պիտի գործեն մեր պետական բոլոր ոլորտները։ Արդյո՞ք մեր պետական շահից է բխում՝
• մեր՝ եկվոր լինելու հենց այդ պատմական տեսության ընտրությունը,
• կամ դեռ Տիգրան Մեծի ժամանակը ներկայացնող քարտեզում հայի պատմական Արցախի՝ Ադրբեջանի կազմում նշելու ինչ-ինչ կասկածելի մեթոդի ընտրությունը
• կամ էլ Էրեբունի Երևանի մասին գեթ մեկ տող չտալը և այլն։
Ի վերջո պետք է գիտակցել, որ ամեն ժամանակ ինչ-որ բաներ են կարևորվում։
Ուստի հարց՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՑՄԱՆ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԻՆՉՆ ԵՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԴՈՒՔ ԱՅՍՕՐ, ՈՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԷԼ ԴՈՒՔ ՀԵՆՑ ԱՅԴ ԵՂԱՆԱԿՆ ԵՔ ԸՆՏՐԵԼ ՁԵՐ ԻՍԿ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ։
Ձեր իսկ նշած որակները կրող գիտակից, կարողունակ ու պետականամետ մտածելակերպով մտահոգ հայ քաղաքացի»։