Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:55 30-06-2021

Ուսուցչի թափուր տեղի համար մանկավարժի որակավորում չունեցողները հավելյալ գումար պետք է ծախսեն անհրաժեշտ 30 կրեդիտը հավաքելու համար

2021 թ. հունիսի 4-ին ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

Հայրապետյանը հայտարարել էր, որ նաև ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Նրա խոսքով, ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններում, այլև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում կա ուսուցիչների համալրման խնդիր:

Վերը նշված կրեդիտն ուսանողը կարող է հավաքել համալսարանում ուսանելու ընթացքում՝ գրելով համապատասխան դիմում և յուրաքանչյուր կրեդիտի համար վճարելով 5.000 դրամ: Արդյունքում՝ ուսանողը, բացի բակալավրիատի ընթացքում հավաքված 240 կրեդիտից, լրացուցիչ ստանում է ևս 30 կրեդիտ, ինչպես նաև դիպլոմի եվրոպական նմուշի հավելվածում գրանցված մանկավարժի բակալավրի աստիճան՝ ուսուցչի որակավորում:

«2008 թ.-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ յուրաքանչյուր բուհ պետք է միայն մեկ որակավորում շնորհի: Դա լուրջ խնդիր էր Մայր բուհի համար, քանի որ մեր շրջանավարտների մեծ մասը՝ մոտ 60-70%-ը, մարզերից է, և ուսումնառությունն ավարտելուց հետո ինքնաիրացվում է հիմնականում հանրակրթական դպրոցներում: ԵՊՀ-ն՝ որպես հատուկ կարգավիճակ ունեցող Մայր բուհ, դիմեց ԿԳՄՍ նախարարությանը, և համալսարանի համար արվեց բացառություն. նրան տրվեց մասնագիտական և մանկավարժի որակավորում շնորհելու հնարավորություն: Դրա համար ԵՊՀ-ն պետք է ներկայացներ որակավորում շնորհելու նոր համակարգ: Եվ ահա, բուհի ղեկավարության հետ քննարկումներից հետո, ուսումնասիրելով շուրջ 27 երկրների կրթական փորձը, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի կրթական ծրագիրը, մշակվեց մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգ՝ «240 + 30 կրեդիտ», որից 30-ը մանկավարժական կրթաբլոկն է: Նոր համակարգը պատշաճ կազմակերպելու ու վերահսկելու գործառույթները իրականացնում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը»,- ասում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը և հավելում, որ մանկավարժի որակավորում ստանալու համար կազմակերպվող դասընթացներին ուսանողները մասնակցում են կամավորության սկզբունքով: Մանկավարժական կրթաբլոկով ծրագրի ուսումնառությունը կազմակերպվում է 3-8-րդ կիսամյակներում, իսկ դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով. մեկ կրեդիտը՝ 5.000 դրամ:

Այս համակարգը գործում է ԵՊՀ ուսանողի համար, իսկ արդեն բակալավրի կրթական աստիճան ունեցողներին առաջարկվում է արդեն մագիստրոսական կրթական ծրագիր՝ շնորհելով մագիստրոսի կրթական աստիճան և մանկավարժի որակավորում: ««Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս արդեն բակալավրիատի կրթական աստիճան ունեցողներին հավաքել անհրաժեշտ կրեդիտներ (մանկավարժության մագիստրոս) և ստանալ մանկավարժի որակավորում: Կան պետական և ոչ պետական բուհեր, որտեղ մանկավարժի որակավորում չեն շնորհում, և այդ փաստն ուսումնառության ավարտից հետո հաճախ խնդիրներ է ստեղծում շրջանավարտների համար: Նշեմ, որ մագիստրատուրայում ուսման տևողությունը 1.5 տարի է (60 կրեդիտ), և կարող են դիմել այն մասնագետները, ովքեր բակալավրիատն ավարտել են, սակայն չունեն մանկավարժի որակավորում: Մագիստրոսական այդ կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է ստեղծում այն ուսանողների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով բակալավրիատում չեն անցել մանկավարժական լրացուցիչ կրթաբլոկը և հետագայում բախվել են աշխատանք գտնելու խնդրին: Նրանք կարող են այսուհետ դիմել ««Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մեր մագիստրոսական կրթական ծրագրին մանկավարժի որակավորում ստանալու համար»,- ամփոփում է Նազիկ Հարությունյանը: Նշենք նաև, որ մագիստրոսական ծրագրի արժեքը 500.000 դրամ է:

Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019-2020 թ. ուստարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների քանակը 31.018-ն է: Նրանցից 28.768 ուսուցիչ ունի բարձրագույն կրթություն, 362-ը՝ թերի բարձրագույն, 1.774-ը՝ միջին մասնագիտական, 114-ը՝ միջնակարգ: Մանկավարժական կրթություն ունեն 23.300-ը: Ուսուցիչների 58.6 %-ը 45-ից բարձր տարիք ունեն, ընդ որում՝ 60 տարեկանից բարձ ուսուցիչների տոկոսը 22.7 է կազմում: Իսկ, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալների, 2020 թ. հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով: Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք:

Ամենից շատ դիտված