Երևան +16°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:20 03-11-2023

Ադրբեջանը պետական մակարդակով ամբողջ Հայաստանը դիտարկում է որպես Արևմտյան Ադրբեջան․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կից լուսանկարում ՀՀ ամբողջ տարածքն է՝ ներկայացված ադրբեջանական տեղանուններով։ Քաղաքագետի պնդմամբ՝ ՀՀ իշխանությունները, կեղծելով պատմական փաստերը, հրաժարվում է պետությունից, իսկ Ադրբեջանը սեփականաշնորհում է մեր պատմությունը և Պաշտոնական Երևանի հակահայ կեցվածքի ֆոնին էլ ավելի լկտիանում և ցինիկանում։

Քաղաքագետն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով նշված խնդրին, ասաց․

«Նախիջևանի պետական համալսարանի կողմից հրատարակված այս գիրքը ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում հրատարակված աշխատություն է, որի տիտղոսաթերթի վրա ներկայացված է ՀՀ ողջ տարածքը՝ Ադրբեջանական տեղանուններով։ Ադրբեջանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվեց և դրանից հետո ՀՀ գործող իշխանությունների կողմից վարվող անհեռատես, անողնաշար, թուրքի դեմ ստորաքարշվելու քաղաքականությանը ենթարկվեց, Հայաստանը ներկայացնում է՝ որպես Ադրբեջանի մաս։

Երբ Նիկոլ անհողը բացահայտ հայտարարում է, որ ժամանակին, երբ Բաքուն հայկական էր, Ադրբեջանի զգալի մասը պատմական Հայաստան է, այս հակազդեցություն է բերում Ադրբեջանի մոտ, և իրենք էլ ներկայացնում են, որ Հայաստանն է Ադրբեջանի մաս։ Այս տգետ և հակահայ մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Երբ «յան» ազգանունով տարբեր գիտական կոչում ունեցող իբր իրենց պատմաբան հորջորջող անձինք գործող իշխանությունների պատվերով բացահայտ կեղծում են հայոց պատմությունը, Բաքվում ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ է արվում ՀՀ սոցիալական ցանցերի վրա․ իրենք նաև շատ լավ տիրապետում են ՀՀ գործող իշխանությունների ծրագրերին։

Քանի ՀՀ գործող իշխանությունները, ստորաքարշությամբ զբաղվելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, փորձում են բավարարել նրանց բոլոր երազանքները, ցանկությունները, Բաքվի ախորժակը ինքնըստինքյան կտրուկ բացվում է։ Ինչ վերաբերում է այս քարտեզին՝ այն բացարձակ նորություն չէ․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական սոցիալական ցանցերում Հայաստանի տարածքի՝ բաժանված տարբեր տեղանուններով քարտեզներ հրապարակվում էին։ Շատ լուրջ պետք է տարբերել սոցցանցերում հրապարակվող քարտեզները ակադեմիական ինստիտուտների հրապարակումներից։ Եթե սոցցանցերում ամեն ոք կարող է ինչ- որ բան հրապարակել, ապա Նախիջևանի պետական համալսարանի կողմից հրատարակած այդ աշխատությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետական մակարդակով է ամբողջ Հայաստանը դիտարկում՝ որպես Արևմտյան Ադրբեջան։ Մի քանի օր առաջ իմ էջում հրապարակել եմ Ադրբեջանի գլխավոր շտաբի կենտրոնական սրահներից մեկը, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները բանակցում են, իսկ պատին կա քարտեզ․ այդ քարտեզում ամբողջ Վայոց ձորը, Սյունիքը, Տավուշի ամբողջ արևելքը և Արարատի հարավը պատկերված են Ադրբեջանի կազմում»։

Ամենից շատ դիտված