Երևան +16°
copy image url
Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 21:30 28-01-2023

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հարձակումը պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչություն էր. իրանագետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով սպանվել է դեսպանատան մեկ աշխատկից, ևս երկուսը՝ վիրավորվել են։ Դեպքի վերաբերյալ ադրբեջանական կողմը՝ ամենաբարձր մակարդակով պնդում է, որ հարձակումը եղել է ահաբեկչություն, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հայտնում է, որ հարձակումը չի կարող ահաբեկչություն համարվել, քանի որ այն իրականացնող անձն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Հատկանշական է, թե այս միջադեպն ի՞նչ ազդեցություն կունենա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, որոնք վերջին շրջանում առանց այդ էլ բավականին լարված են։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը հաստատեց, որ վերջին երկու տարիներին իրանա-ադրբեջանական հարաբերություններում լուրջ լարում է նկատվում, և այժմ այդ սրացումը հասել է իր գագաթնակետին։ Նա նկատեց, որ դեպքից հետո Ադրբեջանի իշխանությունները տարհանել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցներին ու այժմ կոշտ բողոքի նոտաներով են հանդես գալիս։ Իրանագետի համոզմամբ՝ այս լարվածությունը կողմերի միջև տևական ժամանակ կպահպանվի։

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել Թեհրան-Բաքու հարաբերություններում՝ Արմեն Վարդանյանը նշեց, որ կողմերի միջև դիվանգիտական դեմարշներ կլինեն, կկոշտացվի հռետորաբանությունը, սակայն ոչ ավելին։ Միևնույն ժամանակ իրանագետը բացառում է, որ այս միջադեպի հետևանքով Իրանի և Ադրբեջանի միջև անմիջական ռազմական բախում տեղի կունենա։

Ադրբեջանի իշխանությունների այն պնդումների վերաբերյալ, թե իրականացված հարձակումն ահաբեկչությունն էր, իրանագետը շեշտեց, որ հարձակումն ամենայն հավանականությամբ իրականացվել է կենցաղային նպատակով։ Անդրադառնալով ահաբեկչության հնարավորությանը՝ Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ում էր ձեռնտու այդ ահաբեկչությունը։ Նրա խոսքով՝ ներկայումս ադրբեջանական ամբողջ մեդիան փորձում է սլաքններն ուղղել Իրանի իշխանությունների վրա՝ ցանկանալով ցույց տալ, որ դա պետական իշխանությունների կողմից հովանավորվող ահաբեկչություն էր։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են նաև, որ ոստիկանները, ովքեր պարտավոր էին պահպանել դեսպանատան անվտանգությունը, անգործության են մատնվել և որևէ քայլ չեն ձեռնարկել։

Վարդանյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմը փորձում է սլաքներն ուղղել Իրանի իշխանությունների և հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա, որը մի առանձին պետություն է պետության մեջ՝ իր կառույցներով։

«Ամեն դեպքում Ադրբեջանը փորձելու է սլաքներն ուղղվել Իրանի կառավարության վրա՝ ցույց տալու համար, որ դա պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչություն էր, մանավանդ, որ վերջին մեկ-երկու տարիներին իրենք պետական մակարդակով խրախուսում ու այլ քայլեր են ձեռնարկում հակաիրանական տրամադրություններ սերմանելու համար։ Իշխանական և ընդդիմադիր մամուլում առկա են բազմաթիվ հակաիրանական հոդվածներ և շատ դեպքերում դա արվում է պետական մակարդակով։ Այժմ այդ չափաբաժինն ավելի է շատացել և ամբողջ ադրբեջանական մամուլը լցված է հակաիրանական նյութերով»,- ասել է նա։

Հարցին, թե որքա՞նով է իրատեսական, որ հարձակումը կարող էր կազմակերպված լինել Իրանի իշխանություններ կողմից, իրանագետը պատասխանեց, որ չի կարծում, թե այն կարող էր կազմակերպված լինել Իրանի իշխանությունների կողմից, որովհետև դա լուրջ հարված է նաև Իրանի հեղինակությանը, երկրի միջազգային համբավին։ Նա նշեց, Վիեննայի կոնվենցիայի համաձայն ցանկացած երկիր պարտավոր է քայլեր ձեռկարկել իր տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու համար։

«Ամեն դեպքում սա լուրջ հարված էր Իրանի հեղինակության վրա։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհից դատապարտող հայտարարություններ են հնչում և այլն։ Չեմ կարծում, որ սա ձեռնտու էր նաև Իրանին։ Համենայն դեպս մեկ անձի սպանելով Իրանը չէր կարող որևէ բանի հասնել, և ես ռացիոնալ չեմ համարում այն կարծիքներն ու տեսակետները, որ դա կարող է Իրանի իշխանությունների ձեռքի գործը լինել։

Կարծում եմ կենցաղային խնդիր էր, հիմնական վարկածը կենցաղայինն է, մանավանդ նշվում է, որ այդ ահաբեկչի կինը Ադրբեջանի քաղաքացի է, ինչ-որ ընտանեկան խնդիրներ է ունեցել, և այդ ահաբեկիչը կարծել է, որ իր կինը թաքնվում է դեսպանատանը։ Կարծում եմ այս վարկածը ամենախելամիտն է, և Իրանի իշխանությունները որևէ ռացիոնալ, խելամիտ պատճառ չունեին նման բան կազմակերպելու համար»,- եզրափակեց իրանագետը։