Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 18:00 25-10-2023

Նշաձողն իջնում ու իջնում է. Փաշինյանը համաձայնել է, որ Սյունիքում երկաթուղին կառուցի և վերահսկի ՌԴ-ն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսական առաջին ալիքով օրեր առաջ հեռարձակված հեռուստահաղորդումը Հայաստանում շարունակվում է ակտիվորեն քննարկվել։ Այն առաջացրել է հայ հասարակության մեծամասնության դժգոհությունը, քանի որ հաղորդման ընթացքում խիստ քննադատության են ենթարկվել Հայաստանի իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը և, անկախ վերջինիս նկատմամբ ունեցած վերաբերմունքից, առնվազ ճիշտ չէ, երբ ինքնիշխան պետության ներքին գործերը այլ երկրների հեռուստաընկերություններում դառնում են քննարկման առարկա։

Հայաստանում, հատկապես իշխանական և մերձիշխանական շրջանակների կողմից, խստորեն քննադատվեց նաև հաղորդմանը ընդդիմադիր Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի մասնակցությունը, ով քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, իսկ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը համարել էրա արևմտյան պրոյեկտ։

Սակայն նկատենք, որ հաղորդման ընթացքում տեղի ունեցավ նաև մի դրվագ, որն այս թոհուբոհի մեջ դուրս մնաց հայ հասարակության ուշադրությունից։ Մասնավորպես հաղորդմանը փորձագետի կարգավիճակով մասնակցում էր ռազմական փորձագետ, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի նախկին անդամ Անդրեյ Կլինցեվիչը, ով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց.

Կլինցեվիչը նշել է, որ Հայաստանն իսկզբանե համաձայնել է, որ իր տարածքում երկաթուղու 45 կմ-անոց հատվածը կառուցի ռուսական կողմը՝ այն թողնելով վերջինիս վերահսկողության ներքո։ Նրա խոսքով՝ հետագայում հայկական կողմն արևմուտքի դրդմամբ անընդհատ կասեցնում էր երկաթուղու կառուցման գործընթացը։

Ռազմական փորձագետն իր խոսքում պնդեց, որ արևմուտքի շահերից չէր բխում, որ տարածաշրջանում առկա հակամարտությունը լուծվի և տեղի բնակչությունն ապրի խաղաղ պայմաններում, ուստի վերջինս ամեն կերպ խոչընդոտում էր այդ ծրագրի իրագործմանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ-ի կողմից անկացվող զորավարժություններին, իսկ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցեց փոխարտգործնախարարի մակարդակով՝ ակնարկելով, որ այս քայլերը նույնպես կատարվել են արևմուտքի ուղղորդմամբ։

Ռուս փորձագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանին դեպի Նախիջևան հասանելիություն տրամադրելու հարցը դուրս չի եկել օրակարգից և հիշեցրեց Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հնչեցրած հայտարարությունները։ Նա նաև նշեց, որ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ անխափան ցամաքային կապ ունենալը չափազանց կարևոր նշանակություն ունի, ինչի դիմաց վերջինս պատրաստ էր անգամ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախի մնացած մասը՝ Լաչինի միջանցքի հետ միասին թողնել Հայաստանին։

Կլինցեվիչը միևնույն ժամանակ պնդեց, որ ամերիկացիներին անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում պատերազմ լինի։ Նա կարծում է, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա տարածաշրջանը թեժ կետի կվերածվի։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը, ով նախկին իշխանությունների օրոք ինքնիշխանության պահպանման ամենամեծ ջատագովներից էր, հերթական անգամ իջեցրել է Հայաստանի ինքնիշխանության նշաձողը՝ համաձայնելով, որ ՀՀ տարածքում գտնվող երկաթուղին կառուցվի և վերահսկվի Ռուսաստանի կողմից։ Այսպիսով նա պարբերաբար իջեցնում և շարունակում է իջեցնել Հայաստանի սահմանած նշաձողերը՝ իսկ փոխարենը ոչինչ չի չստանում, ինչը որոշ չափով կհիմավորեր վերջինիս կողմից կատարված զիջումները։

Կարծում ենք, որ ռուս ռազմական փորձագետի կողմից հնչեցված պնդումը համապատասխանում է իրականությանը, ինչի մասին վկայում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ դրույթը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Մանրամասները տեսանյութում.

Դավիթ Գույումջյան