Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 17:00 21-10-2023

Ռուսաստանն, ի դեմս Անդրանիկ Թևանյանի, փորձում է հասկանալ, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, հոկտեմբերի 19-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպերկինը հանդիպում էր ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կոպերկինը և Թևանյանը քննարկել են արցախահայությանը վերաբերող խնդիրները, անվտանգային և տարածաշրջանային զարգացումները։

Այս հանդիպումն ուշագրավ էր հատկապես Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված վերջին հակառուսական քայլերի համատեքստում։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանին փոխարինողների շարքում դիտարկում են նաև Թևանյանի թեկնածությունը, ով վերջին շրջանում ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում նրա գլխավորած դաշինքը զբաղեցրել էր 3-րդ տեղը։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նշեց, որ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի հետ, երբ նշվում է, որ արցախահայությանը վերաբերվող խնդիրներից զատ կողմերը քննարկել են նաև անվտանգային ու տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր, մի փոքր տարակուսանք է առաջացնում։ Նա ընդգծեց, որ հայտնի չէ, թե հանդիպումը որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել, իսկ «Մայր Հայաստան» կողմից առ այսօր հանդիպման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել։

«Ուստի կարելի է եզրակացնել, որ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք գաղտնի բնույթ են կրում։ Որոշակի ինֆորմացիայի արտահոսք որպես այդպիսին չկա, նույնիսկ կողմերը չեն հրապարակում, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը չի էլ հրապարակի։ Բայցևայնպես կարծում եմ, որ տվյալ դեպքում ներհայաստանյան խնդիրների շուրջ որոշակի ինֆորմատիվ բնույթի, ինչ-որ տեղ նաև որոշ քաղաքական հարցեր հստակեցնող օրակարգի մասին է խոսք գնացել․ փորձում են ինչ-որ օրակարգ ձևավորել»,- ընդգծեց նա։

Հարցին, թե հանդիպումից կարո՞ղ ենք ենթադրել, որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանին փոխարինողների շարքում դիտարկում է նաև Անդրանիկ Թևանյանի թեկնածությունը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ քաղաքականության մեջ, մանավանդ Հայաստանում ու մեր օրերում, ոչինչ չի բացառվում։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն այսօր գոհ չէ Հայաստանի իշխանություններից և մասնավորապես Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարման համակարգից, ուստի հնարավոր է, որ Անդրանիկ Թևանյանին տեսնում են որպես փոխարինող, հակառակը՝ նույնպես չի բացառվում։

«Փոխարինող, որպես այդպեսին, գուցե տեսնում են, գուցեև փորձում են շոշափել հանրային տրամադրությունները։ Քանի որ վերջին իրադարձությունների ժամանակ շատ ավելի ակտիվ էր պարոն Թևանյանը, փորձում են հասկանալ, թե նա ինչ է առաջարկում։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ ՌԴ իշխանությունները ցանկանում են լսել, թե ինչ տարբերակներ են առաջարկում ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ տվյալ դեպքում ի դեմս Անդրանիկ Թևանյանի»,- ասաց նա։

Դավիթ Կարապետյանը միևնույն ժամանակ կարծում է, որ Անդրանիկ Թևանյանն այն քաղաքական գործիչը չէ, ում վրա Մոսկվան շեշտադրում կկատարի։

Հարցին, թե կարո՞ղ ենք այս հանդիպումը դիտարկել որպես պատասխան՝ ՀՀ իշխանությունների վերջին հակառուսական քայլերին՝ միջազգայնագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ հանդիպումն այդ համատեքստում է կայացել։ Նա շեշտեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպայում Նիկոլ Փաշինյանի հակառուսական տրամադրվածությամբ ելույթից հետո, երբ վերջինս քողարկված, ոչ ուղիղ տեքստերով ՌԴ-ին ուղղված մեղադրանքներ հնչեցրեց։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է, որ Հայաստանում բարձր մակարդակով հակառուսական տրամադրություններ են գեներացվում, ինչի մասին նաև բարձրաձայնում է։ Հետևաբար ՌԴ իշխանությունները ցանկացած խելամիտ առաջարկի, կամ օրակարգի մասին լսելուն դեմ չեն լինի։ Հենց դրա համար հակված եմ կարծելու, որ ի դեմս Թևանյանի փորձում են հասկանալ, թե այսօր հանրային տրամադրությունների առումով ինչ ներպետական իրավիճակ է տիրում Հայաստանում և տվյալ դեպքում ինչ կարող է տալ «Մայր Հայաստան» խմբակցությունը, որը կհետաքրքրի Ռուսաստանի Դաշնությանը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան