Արցախցիների ակցիաները հանգեցնելու են ոչ թե մեղավորների բացահայտման, այլ նշանակման
copy image url

Արցախցիների ակցիաները հանգեցնելու են ոչ թե մեղավորների բացահայտման, այլ նշանակման

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:36 20-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր առավոտվանից Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ լարված իրավիճակ էր տիրում։ Արցախից բռնի կերպով Հայաստան տեղափոխված մի խումբ մեր հայրենակիցներ նախագահ Սամվել Շահրամանյանից չեղյալ համարել ստորագրած փաստաթուղթը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2024-ի հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալուց:

Բողոքի ակցիա իրականացնող արցախցիները պահանջում են նաև Արցախի ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և առ ոչինչ ճանաչել հրամանագիրը, քանի որ այն ընդունվել է ադրբեջանական անմիջական սպառնալիքի ներքո: Շահրամանյանը հավաքվածներից երկու-երեք տասնյակին հրավիրել է ներս՝ բարձրացված հարցի շուրջ առանց տեսախցիկների զրուցելու համար, ինչպես նաև խոստացավ, որ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնի Հանրային հեռուստաընկերության եթերով։

Միևնույն ժամանակ Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Շահրամանյանի հետ հանդիպումը ավարտվել է, սակայն մի խումբ արցախցիներ չեն հեռանում փողոցից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց, որ իր համոզմամբ այս ակցիան խնդիրներ չի լուծի, սակայն ինչպես արցախցիներն, այնպես էլ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնել և Արցախի իշխանություններից պատասխաններ պահանջել։ Քաղաքագետը շեշտում է, որ Արցախի իշխանություններն իրենք պետք է առաջին քայլը ձեռնարկեին և առնվազն որևէ նախընտրելի ձևաչափով անկեղծորեն ներկայացնեին այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք արդարացիորեն ժողովուրդը բարձրացնում է։

Արա Պողոսյանը միևնույն ժամանակ կարծում է, որ սա պրոդուկտիվ քայլ չի լինելու, քանի որ Հայաստանում առաջանալու է լարման նոր օջախ։ Նա վստահություն հայտնեց, որ սրա հետևանքով սկսվելու է մեղավորների փնտրտուք, կամ որս, ինչը հանրության շրջանում առկա լարվածությամբ պայմանավորված ճիշտ տեղ չի տանելու, և իրական մեղավորներին չի բացահայտելու։ «Առնվազն լինելու է մեղավորների նշանակման, այլ ոչ թե իրական մեղավորներ գտնելու գործընթաց, և կարծում եմ՝ այս ձևաչափով ճանապարհ չենք ստանալու, որով կկարողանանք ստեղծված իրավիճակից դուրս գալ»,- ընդգծեց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է արցախցիների գործողություններն ուղղորդված լինեն՝ մեր զրուցակիցը չբացառեց նման հնարավորությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ թեմայի վերաբերյալ չունի հավաստի տեղեկատվության աղբյուր․ «Չեմ կարող ո՜չ հաստատել, ո՜չ էլ հերքել, գուցե կան մարդիկ, խմբեր, կամ կենտրոններ, որոնք փորձելու են պղտոր ջրում ձուկ որսալ։ Տարբեր կողմեր այս լարված իրավիճակը փորձելու են օգտագործել ու նաև սրանով պայմանավորած է, որ ես կարծում եմ, որ սա այն արդյունքը չի տալու, որը մեզ պետք է։ Այսինքն մենք ունենալու ենք մի գործընթաց, որտեղ ոչ թե իրական, այլ նշանակովի մեղավորներ են լինելու»։

Քաղաքագետը համաձայնեց դիտարկման հետ, որ Շահրամանյանը փորձելու է իր մոտեցումները համաձայնեցնել Հայաստանի իշխանությունների հետ՝ նշելով, որ դա լեգիտիմ կարծիք է։ Նրա համոզմամբ՝ Շահրամանյանի այսօրվա խոսույթը վկայում էր այն մասին, որ նա փորձելու է Հայաստանի իշխանությունների հետ համադրել իր կարծիքն ու տեսակետները։

Պողոսյանը միևնույն ժամանակ լիովին նորմալ է համարում, որ Արցախի նախագահը հենց Հանրային հեռուստաընկերության եթերից պարզաբանումներ ներկայացնի։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե Շահրամանյանը հնարավորություն ունենա և ՀՀ-ն նրան Հանրային հեռուստաընկերության եթերում որպես պետության ղեկավար հանդես գալու հնարավորություն տա, ապա դա առնվազն պաշտոնական ինչ-որ էլեմենտ կնշանակի։

Հարցին, թե պետականության բաղադրիչները պահպանելու նպատակով անհրաժե՞շտ է, որ Արցախի պետական ինստիտուտները ՀՀ-ում շարունակեն իրենց գործունեությունը՝ Պողոսյանը միանշանակ դրական պատասխանեց։ «Անկասկա՜ծ․ ես վստահ եմ, որ նրանք պետք է շարունակեն գոյություն ունենալ։ Նաև հենց այս իրողությամբ պայմանավորված՝ կարծում եմ, որ այս պահին պետք չէ թիրախավորել և ապալեգիտիմացնել Արցախի իշխանությունների կարգավիճակը»,- նշեց նա։

Քաղաքագետը հավելեց, որ անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել, որպեսզի այդ ինստիտուտները գոյություն ունենան։ Նա շեշտեց, որ քանի դեռ Արցախի պետական ինստիտուտները կան, Հայաստանն ունենալու է ճնշման գործիք, որով աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում կկարողանանք սպասակել մեր ազգային շահերը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի