copy image url
Արտաքին Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 20:00 18-10-2023

Նիկոլ Փաշինյանին ծափահարում են, որովհետև նա քննադատում է ՌԴ-ին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Եվրոպական խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, որում մի շարք ուշագրավ շեշտադրումներ կատարեց։ Վերջինս իր ելույթում քննադատեց Ռուսաստանին՝ նշելով, որ երբ Արցախից 100 հազար հայեր փախչում էին Հայաստան, մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում արժանացավ շատ ջերմ ընդունելության, նիստի մասնակիցները հոտընկայս ծափահարեցին Հայաստանի վարչապետին։ Հատկանշական է, որ ՀՀ վարչապետը ԵԽ-ում նման ջերմ ընդունելության է արժանանում, սակայն երբ Հայաստանը կամ Արցախը Ադրբեջանի կողմից հարձակման են ենթարկվում, նույն կառույցը անտարբեր մոտեցում է ցուցաբերում և սահմանափակվում է միայն հերթապահ հայտարարություններով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինայնի երեկվա ելույթում մի քանի կետեր կային, որոնք արժանի են ուշադրության։

Նրա խոսքով՝ առաջին շեշտադրումն այն էր, որ Արցախի հայաթափման ամբողջ մեղքը դրվեց խաղաղապահների վրա․ «Ասել, որ դա միանշանակ սուտ է, այդպես չէ, սակայն դա միանշանակ ճիշտ էլ չէ, որովհետև դա արդյունք է 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության։ Այդ ամենը չէր լինի, եթե նորմալ քաղաքականություն իրականացվեր, և չլիներ 2020 թվականի պատերազմն ու կապիտուլյացիոն հայտարարությունը»։

Արմեն Բադալյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հանձնված տարածքների համար ՀՀ իշխանություններն են պատասխանատու, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ տեղում ռուս խաղաղապահներն իրավիճակը վերցրեցին իրենց վերահսկողության տակ, տեղի ունեցած զարգացումների պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա է։ Նա այս համատեքստում ասաց, որ Արցախի հայ բնակչության տեղահանության պատասխանատվությունն ընկնում է նաև ռուս խաղաղապահների վրա՝ միևնույն ժամանակ նշելով, որ դա հետևանք էր առաջին փուլի, որի մեղավորը Հայաստանի իշխանություններն են։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ՀՀ վարչապետը փաստացի եվրոպական կարևոր լսարանում ռուս խաղաղապահներին դրեց ոչ այնքան բարվոք իրավիճակում, ինչը նկատվեց եվրոպացի պատգամավորների կողմից, որոնք հոտընկայց ծափահարությունների արժանացրին նրան։ «Այսինքն, նրանց դուր եկավ, որ ռուսաստանցի խաղաղապահներն ունեն իրենց մեղքի բաժինը։ Իհարկե, վարչապետն ինչ-որ չափով քննադատեց նաև եվրոպացիներին, բայց, ի վերջո, 100 հազար բնակչության տեղահանության մեղքը դրեց Ռուսաստանի վրա։ Սա իրականացվում է այն բանի համար, որ եթե հետագայում Արցախ հայերի վերադարձի հարց առաջանա, և խաղաղապահներ տեղակայելու խնդիր լինի, դրանք չլինեն ռուսաստանցի խաղաղապահներ, ՀՀ իշխանություններն այդ հողը նախապատրաստում են»,- կարծում է նա։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա ոչ թե պահի տակ արված զգացմունքային և հակառուսական ելույթ էր՝ վեկտորի փոփոխության, կամ որևէ այլ նպատակով, այլ շատ կանխամտածված քաղաքականություն է, որն իրականացվում է Արևմուտքի կողմից՝ ՀՀ իշխանությունների ձեռքով։ Նա նաև կարծում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող վեկտոր փոխել, որովհետև նրանք սուբյեկտ չեն, օբյեկտ են, նրանց միջոցով Արևմուտքն է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխում․ «Նրանք չեն կարող վեկտորը փոխել, կամ չփոխել, նրանց միջոցով կատարվում են որոշակի գործողություններ, իսկ այդ գործողությունները վեկտորի զգուշորեն փոփոխություն են, ինչպես նաև Արևմուտքի կողմից Հարավային Կովկասում անվտանգության նոր համակարգ ստեղծելու փորձ, որտեղ ռուսները կարող են ընդամենը ինչ-որ մաս ունենալ, սակայն լիարժեք չեն ղեկավարի այն։ Մենք ականատես ենք լինում այս գործընթացին, որը, բնականաբար, նշանակում է վեկտորի փոփոխության գործընթաց»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից անուղղակի կերպով ՌԴ-ին հնչեցված այն մեղադրանքներին, որ վերջինս ՀՀ-ում իշխանությունը փոխելու կոչեր է հնչեցնում և տարբեր գործընթացներ իրականացում՝ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ նման կերպ Փաշինյանը փորձում է պատկերացում ստեղծել, որ Հայաստանում ձևավորված է ռուսամետ ընդդիմություն և արևմտամետ իշխանություն, և արևմուտքի խնդիրն է պաշտպանել պրոարևմտյան իշխանությանը ռուսամետ ընդդիմությունից։ Նրա խոսքով՝ այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, սակայն ընդդիմությունը չի հակադարձում դրան, իսկ Արևմուտքն էլ պատրաստ է դա ընդունել, այդ թեզը նույնպես դրվում է շրջանառության մեջ․

«Քանի որ Արևմուտքում շատ քիչ են այն մասնագետները, ովքեր ծանոթ են Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, մնացածների համար այս պնդումը կընկալվի որպես իրականություն, որովհետև նրանք տեսնում են Ուկրաինայում ՌԴ-ի քաղաքականությունը, իսկ ԵԽ պատգամավորների մոտ արդեն կար այն կարծրատիպը, որ Ռուսաստանը փորձում է տապալել արևմտամետ ղեկավարությանը և իշխանությունը հանձնել ռուսամետ գործիչների։ Հիմա նույնը փորձում են տեղայնացնել հայկական քաղաքականության մեջ, որը իրականությանը չի համապատասխանում, սակայն փորձ է արվում այդպիսի տպավորություն ստեղծել, որպեսզի ընդդիմությունը չստանա Արևմուտքի աջակցությունը, իսկ իշխանությունը պարբերաբար ստանա այն։ Սա Հարավային Կովկասում նոր համակարգի ձևավորման էլեմենտներից մեկն է դառնում, որը տեղավորվում է վեկտորի փոփոխության գործընթացում»։

Հարցին, թե ինչի մասին է վկայում այն իրողությունը, որ Փաշինյանը Արևմուտքի կողմից նման ջերմ ընդունելության է արժանանում, սակայն երբ Հայաստանը կամ Արցախը ենթարվկում են հարձակման նույն Արևմուտքը որևէ գործնական քայլ չի ձեռնարկում և սահմանափակվում է միայն հերթապահ հայտարարություններով, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Արցախին պաշտպանելն Արևմուտքի խնդիրը չէ, քանի որ Փաշինյանին իշխանության բերած արևմտյան ծրագիրը ներառում է երեք կետ․ Արցախը հանձնել Ադրբեջանին, որից հետո Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության լծակները թուլանում են և ողջ տարածաշրջանը անցնում է արևմտյան վերահսկողության ներքո, սառեցնել, կամ խզել ՌԴ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև բացել Զանգեզուրի միջացքը։

«Ղարաբաղը հանձնեցին, որի արդյունքում ռուս խաղաղապահները պետք է հեռանան Ադրբեջանից, իսկ նրանք անընդհատ մնալու պատրվակներ են փնտրում, քանի որ շատ լավ հասկանում են, որ եթե իրենք դուրս եկան, ապա այնտեղ Թուրքիան է, մտնել և այլևս երբեք չեն կարողանալու մտնել։ Փաստացի կստացվի, որ իրենց միակ հենարանը մնում է Հայաստանը, որի ղեկավարի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունեն։

Բացի այդ, Հայաստանը խզում է կամ սառեցնում է հարաբերությունները ՌԴ-ի և վերջինս հետ առնչվող կազմակերպությունների հետ։ Մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փաստացի խզված են, ԱՊՀ-ից կամաց-կամաց դուրս ենք գալիս, մնացել է միայն ԵԱՏՄ-ն, որի առնչությամբ էլ ՀՀ վարչապետն ասաց, որ իրենք Եվրոպական միության հետ պատրաստ են համագործակցել այն խորությամբ, որքան ԵՄ-ն պատրաստ է ընդունել՝ այսինքն, փաստացի մենք համաձայն ենք դառնալ Եվրոպական միության անդամ, եթե ԵՄ-ն դրան կողմ է։ Սա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո ԵԱՏՄ-ի հետ նույնպես կսկսի լարվածություն առաջանալ։

Երրորդ խնդիրն էլ Զանգեզուրի միջանցքի տրամադրումն է, որպեսզի Արևմուտքը Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով դուրս գա Միջին Ասիա, այնտեղի հանքահումքային ռեսուրսները նաև այդ տարածքով տեղափոխվի, ինչպես նաև Չինաստանի նկատմամբ ազդեցության լծակներ ստանա»,- նշեց նա։

Բադալյանը հավելեց, որ Արևմուտքը որևէ քայլ չէր ձեռնարկելու արցախահայությանը օգնելու համար։ Նա նշեց, որ հնարավոր է որոշ գումարներ փոխանցեն, ինչպես դա մի քանի անգամ արել են, որից հետո հարցը կփակվի։ «Սա Արևմուտքի քաղաքականությունն է, ինչին վերջինս դեմ չի գնա, իսկ Փաշինյանին ծափահարում են, որովհետև ՀՀ իշխանությունը քննադատում է Ռուսաստանին, ով քննադատի ՌԴ-ին, կարժանանա Արևմուտքի ծափահարություններին»,- եզրափակեց նա։