copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:47 15-10-2023

Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա և ձայնը լսեցի. արցախցի

Էլինար Պողոսյանը ամուսնու և երկու տարեկան դստեր հետ Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Ընտանիքը Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքում է ապաստանել։ Դժվարությամբ են հասել Հայաստան։ Կորցրածի հետ չի հաշտվում, ասում է՝ մենք կորցրել ենք մեր զրահաբաճկոնը։

«Ամուսինս դիրքերում էր, 21 օր չէի տեսել, իսկ ես երեխայիս հետ հիվանդանոցում պառկած էի։ Մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմի սկսվելը 2 ժամ առաջ մեզ ասել էին, որ ԱԹՍ-ի պայթյուն է եղել, հենց ամուսնուս դիրքերի ուղղությամբ։ Տեղս չէի գտնում, որովհետև գիտեի արդեն, որ այդ ուղղությամբ ահավոր լարված է իրավիճակը։ Հետո լսվեց պայթյունի ձայները, ամբողջ հիվանդանոցը խառնվեց, հասցրեցի երեխայիս վերմակի մեջ փաթաթել և վազել նկուղ, շատ ցուրտ էր այդ օրը։ Բոլորը երեխաներին գրկած նկուղում անընդհատ փորձում էինք զանգել և ինչ-որ լուր իմանալ, սակայն ապարդյուն, ոչ մեկին զանգ չէր գնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Էլինար Պողոսյանը։

Արցախցի կնոջն ի վերջո հաջողվել էր հարազատների հետ կապի դուրս գալ, բայց դիրքապահ ամուսնուց ոչ մի տեղեկություն չուներ։

«Քույրս, եղբայրս եկան ինձ տեսակցության, բայց ոչ ոք ամուսնուցս՝ Դենիսից, նորություն չուներ։ Գիտեին, որ այդ դիրքն արդեն թուրքերի ձեռքին էր, հարակից գյուղը նույնպես, բայց ինձ ոչինչ չէին ասում, որ չանհանգստանայի։ Հաջորդ օրը, երբ ասացին՝ վերջ, չարաբաստիկ պատերազմն արդեն վերջացել է, և պետք է լքենք Արցախը, ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնալու մինչև Դենիսից լուր չիմանամ։ Այդ օրը քրոջս հետ գնացինք հիվանդանոց, դիահերձարան՝ ցուցակները նայելու, աղոթում էի, որ գոնե վիրավորների մեջ անունը լիներ։ Բայց ոչ մի տեղ չգտանք, ընկերները զանգում էին ինձ՝ նորություն իմանալու, ոչ ոք ոչինչ չգիտեր։ Թեև ասացին, որ վերջ պատերազմին, բայց Ստեփանակերտում լսվում էր կրակոցների ձայներ։ Հիվանդանոցում շատ ծանոթների տեսա, ովքեր ևս փնտրում էին իրենց հարազատներին։ Միայն հիվանդանոցներում հոսանք կար, հեռախոսները շուտ լիցքավորեցինք, և քույրս մտավ համացանց ու հայտարարություն տվեց, շատ չանցած գրեցին, որ Դենիսը լավ է, շուտով կգա։ Ուրախացել էի, բայց չէի հավատում, մինչև որ հաջորդ օրը անծանոթ համարով զանգ ստացա և նրա ձայնը լսեցի։ Հետո կեսգիշերն անց մի կերպ քայլելով եկավ տուն, ահավոր հոգեվիճակում էր, ես երբեք նրան այդպես չէի տեսել»,- պատմում է արցախցի Էլինարը։

Նրա խոսքով՝ այդ օրերին բոլորը լուռ էին, մտախոհ, միայն ուրախանում էին, երբ տեսնում էին իրենց ծանոթներին ողջ և առողջ։ Բոլորը հավաքում էին առաջին անհրաժեշտության իրերը, պետք է գնային՝ թողնելով տարիներով ստեղծած ամեն բան։

«Այդ օրն ամբողջ գիշեր չենք քնել, տխուր նստել էինք վառարանի մոտ և անկարողությունից գժվում էինք։ Դիմացի բլրակի մոտ (խաչի տարածքում) իրար մոտ խարույկներ էր վառված, թշնամին էր, երբեմն էլ օդ էին կրակում։ Շատ ցավալի էր, դա իրական մի ողբերգություն էր։ Հետո, երբ լույսը բացվեց, 4 մեքենայով ճանապարհ ընկանք։ Մեքենաների շարասյան ո՛չ սկիզբն էր երևում, ո՛չ էլ վերջը։ 3 օր ճանապարհ եկանք՝ գիշերելով թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ձեռքի տակ եղած ուտելիքն էլ էր վերջացել, տղաները գնացել էին կողքի գյուղ կարտոֆիլ ու ալյուր բերել, որ կրակին եփեինք, ուտեինք, ռուսների հետ համաձայնության էինք եկել, որ իրենց բազայում թույլ տային հաց թխեինք, գոնե երեխաներն ուտեին, բայց հենց այդ պահին սկսեցին մեքենաներն առաջ շարժվել և նորից սոված ճանապարհ ընկանք։ Ճանապարհին նորից ողբերգությունների ականատես եղանք, գիշերը 4-ի կողմերն էր, երբ լսվեց մի տղամարդու ձայն, ով գոռում էր և խնդրում էր ճանապարհ բացել, մայրն էր մահացել ճանապարհին։ Հետո լսեցինք բենզալցակայանի պայթյունի լուրը, ու որ բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Նորից կապ չկար, ոչ մեկից ոչ մի տեղեկություն։ Ականատես եղանք շտապ օգնության մեքենաների շարասյանը, որ Հայստանից էին գնում Արցախ։ Շատ ծանր ապրումներ ունեցանք... Ամենուր ճանապարհին մնացած մեքենաներ էին, բենզին չկար, մեկը լացում էր, խնդրում, որ գոնե մի քիչ բենզին տան Հակարին անցնելու համար, բայց ոչ մեկը չուներ, մենք էլ ճանապարհին էինք մնացել, ռուսների հետ եկանք մինչև Հակարի, իսկ կամուրջը ոտքով անցանք։ Հենց անցանք Հակարին, հանդիպեցինք Հայաստանի մեր հայրենակիցների ջերմ վերաբերմունքին։ Շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արցախցու համար այս ծանր ու դաժան օրերին սատարեցին, օգնեցին ու կողքներիս կանգնեցին»,- ասում է Արցախից բռնի տեղահանված Էլինար Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ