Մարդը Փաշինյանի համար կարևոր է, միայն երբ դա ինքն է․ Խաղաղության պայմանագրի նսեմացուցիչ կողմը
copy image url

Մարդը Փաշինյանի համար կարևոր է, միայն երբ դա ինքն է․ Խաղաղության պայմանագրի նսեմացուցիչ կողմը

Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:16 11-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմի անդամներն Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո պարբերաբար խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին՝ չնայած նրան, որ խաղաղության հաստատումը բնավ կախված չէ իրենց ցանկությունից։ Ավելին, երբ Ադրբեջանը հարձակումներ է գործում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով տարածքներ է օկուպացնում և այլն, Փաշինյանն այդ տարածքների դեօկուպացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն էլ ավելի համառորեն է առաջ մղում թվացյալ խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը։

Իրականում նշենք, որ որևէ մեկը դեմ չէ արժանապատիվ խաղաղության հաստատմանը, սակայն այն որևէ պարագայում չպետք է լինի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ներկայացված բոլոր պահանջների անվերապահ կատարմամբ։ Նախորդ տարիներին տեղի ունեցած դեպքերը փաստել են, որ անգամ այդ պահանջների կատարումը ոչ միայն չի նպաստել խաղաղության հաստատմանը, այլ նաև հանգեցրել է նոր պահանջների ներկայացմանը, իսկ դրանք կատարելուց հրաժարվելը՝ նոր պատերազմի ու կորուստների։

Անցած շաբաթ Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ խաղաղության գործընթացը գործնականում կկայանա, եթե Ադրբեջանը վերահաստատի իր հավատարմությունը երեք առանցքային սկզբունքներին․ փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29․800 և 86․600 քառակուսի կմ սահմաններում, Ալմա-Աթիի հռչակագիրը քաղաքական հիմք ընդունել սահմանների դելիմիտացիայի և հետագայում դեմարկացիայի համար, տարածաշրջանային կոմունիկացիաները բացել երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի շրջանակներում։ Այս մոտեցումը նա վերահաստատեց նաև նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից դրանց ընդունման դեպքում հնարավոր կլինի 2-3 ամսում խաղաղության պայմանագիր ստորագրել։

Նկատենք, որ Ադրբեջանին ներկայացվող պահանջների համատեքստում Փաշինյանը որևէ կերպ չի բարձրաձայնում Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված Արցախի նախկին նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, որոնց նկատմամբ Բաքվում շինծու քրեական գործեր են հարուցվել, և նրանց սպասվում է երկարաժամկետ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը պարզապես անձերի ձերբակալություն չէ, և Հայաստանը, որպես պետություն, պարտավոր է զբաղվել իր քաղաքացիներին ազատ արձակելու գործընթացով՝ անկախ նրանից, թե տվյալ օրվա իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի այդ գործիչների նկատմամբ։ Բացի այդ՝ եթե վերջիններս կատարել են այնպիսի արարքներ, որոնց համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, ապա դա պետք է տեղի ունենա առնվազն Հայաստանում։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է խոսում ՀՀ ինքնիշխանության պահպանման և ավելին՝ Հայաստանում անկախության պահպանման շարժում սկսելու անհրաժեշտության մասին, որը պետք է առաջնորդի ինքը։ Այս համատեքստում վերջինս ընդգծում է համազգային համախմբման անհրաժեշտությունը, չնայած այն բանին, որ հայ հասարակությունը պառակտվել է և այդ պառակտումները պարբերաբար խորացվել են իր իշխանության գալուց հետո, երբ սեփական քաղաքական շահերից ելնելով՝ ինքը և իր գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչները մարդկանց բաժանում էին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, հայաստանցիների ու արցախցիների և այլն։

Ուշագրավ է, որ հինգ տարի առաջ, երբ Փաշինյանը ստանձնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը, ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ ՀՀ-ն իր անկախության 32-րդ տարում կբախվի սեփական այն կորցնելու վտանգին, և կարիք կլինի անկախության պահպանման շարժում առաջնորդել։

Սակայն ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ անգամ ստեղծված ծանր իրավիճակում, երբ Հայաստանի վարչապետն ընդգծում է համազգային համախմբման անհրաժեշտությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի հարցում ցուցաբերած հանցավոր անգործությամբ հենց ինքն է պառակտում այդ համախմբումը և այն անիրագործելի դարձնում։ Փաշինյանի այս մոտեցումը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված անձանց մեծամասնությունն ընդդիմադիր հայացքներ ունի, լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի նախկին իշխանությունների հետ և տարբեր առիթներով քննադատել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է անկախության պահպանման և համազգային համախմբման անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից անգամ այդ նպատակների իրագործման համար պատրաստ չէ մի կողմ դնել իր քաղաքական ամբիցիաները և նպաստել այդ համախմբման կայացմանը։ Հավանաբար Հայաստանի վարչապետը մտավախություններ ունի առ այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստան վերադառնալու դեպքում կարող է մասնակցել այստեղ ընթացող քաղաքական գործընթացներին և խնդիրներ ստեղծել իր իշխանության պահպանման համար։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ բոլորն աջակցեն իրեն, սակայն ինքը շարունակի իր պառակտիչ քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է նման ծանր իրավիճակում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է