copy image url
Խոսք Ներքին 6 ամիս առաջ - 22:28 09-10-2023

Կույր մարդն էլ կտեսնի, որ այսօրվա Հայաստանը ղեկավարվում է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից․ Արթուր Խաչենց

Oragir.News-ը Արցախից բռնի տեղահանվելու, այն կորցնելու պատճառների և մեղավորների մասին զրուցել է երգիչ Արթուր Խաչենցի հետ։

-Որպես ապրիլյան քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից՝ ի՞նչ հոգեվիճակում եք Արցախի հանձնումից հետո։

-Այսօր մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ այն ամենը, ինչ պրոպագանդվում է համացանցում կամ հեռուստատեսությամբ, բացարձակ ճշմարտություն չէ․ կա լրիվ հակառակ իրականություն։ Լավ օրեր չենք ապրում հիմա, բայց անկախ ամեն ինչից՝ հանձնվելու տեղ չկա արդեն, արդեն կորցնելու բան էլ չկա։ Վերջին հույսը միայն Զանգեզուրը, Խուստուփն են, Սյունիքը՝ ողնաշարը։ Սա էլ կորցնելուց հետո կարելի է խաչ քաշել ամբողջ Հայաստանի վրա։ Ժողովուրդը պիտի հասկանա, որ ցանկացած իշխանություն, կուսակցություն, ցանկացած այլ ուժ իրականում տարանջատում ու բաժանում է՝ դատարկություն քարոզելով։

-Արդյո՞ք դեռ կարող ենք ինչ-որ բան փոխել. եթե այո, ո ՞րն է փոփոխության գնալու ճանապարհը։

-Փոփոխության գնալու ճանապարհները շատ տարբեր են։ Այդյո՞ք իմաստ ունի մեր ապրելը, եթե ոչ մի բան չենք փոխելու։ Եկեք գնանք, ազգանուններս փոխենք, բոլորս բռնենք գաղթի ճանապարհը, Հայաստանից փախչենք, երկիր ունենալու պատասխանատվությունից խուսափենք։ Հայը պետք է իր հողն ունենա, իր հայրենիքն ունենա․ առանց հողի մարդը ծառն է առանց արմատի։ Պայքարելու շատ տարբերակներ կան․ ամեն մարդ սկսած իր մասնագիտությունից ոչ թե հուսահատվել ու կոտրվել, այլ սեր տարածել։

-Բլոկադայի ժամանակ Արցախո՞ւմ էիք, իսկ ընտանի՞քդ․ ապահով կազմակերպվե՞լ է նրանց տարհանումը, որտե՞ղ են հիմա նրանք։

-Բլոկադայի ժամանակ Արցախում չեմ եղել։ Վերջին անգամ երբ Արցախում էի, Ջերմուկի դեպքերը դեռ նոր էին սկսվել։ Եթե բլոկադայի ժամանակ ես Արցախում լինեի, ճարահատյալ ստիպված էի մնալ, որովհետև ես չէի կարողանա թշնամական ոչ մի անցակետ անցնել, կամ գնալ, հանձնվել, կամ զենքս վայր դնել, քանզի ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես նրանց ուշադրության կենտրոնում եմ․ Թուրքիայի և Ադրբեջանի սև ցուցակում եմ։ Նրանց պայմանագրից հետո անգամ ես շարունակել եմ մնալ շրջափակված Արցախում, կռվել ու պաշտպանել Արցախը 44-օրյա պատերազմի օրերին։ Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում թշնամուն ստորացրել եմ, ինչին ինքը արժանի է։ Այսօր Արցախը գրավված է նյութապես, այլ ոչ թե իրենց սեփական ուժերով, ու իրենք հանգստություն չեն ունենալու, որովհետև իրենք ուրիշի տանն են, ուրիշի հայրենիքում են։ Էդ հողը մեզ միշտ կանչելու է, ու ցանկացած գիտակից հայ պիտի հասկանա, որ իր կոկորդին են մնացել Արցախը և նրա հանձնումը։ Ու եթե այդ հայը մի քիչ արժանապատվություն ունի, պիտի փորձի մի քար շարժել տեղից։

Երեք տարի առաջ՝ Հադրութը կորցնելուց առաջ, մայրիկիս, հայրիկիս, փոքր քրոջս բերել էի հետս Երևան, իսկ քույրս, եղբայրս՝ կնոջ ու նորածին երեխայի հետ, հորեղբայրներս, քեռիներս, տատիկ-պապիկներս այնտեղ էին։ Եղբայրս՝ որպես պայմանագրային զինծառայող, պատվով կռվել է՝ թե՛ վիրավորներ տարհանելով, թե՛ դիակներ դուրս բերելով։ Իրականում կոտրելը շատ հեշտ է, իսկ հոգին ներսից փշուր-փշուր անելուց պահելը շատ կարևոր է։

Ապրում ենք անտերության մեջ, չունենք տեր, չունենք իշխանություն, չունենք պետականություն դե ֆակտո։ Արցախցուց չպիտի նեղանանք, թե ինքը ինչու է ագրեսիվ, ինչու է կոպիտ խոսում մեզ հետ․․․

Ներկա պահին տարբեր տեղերով ենք փորձել տեղաբաշխել․ Մասիս քաղաքի հարևանությամբ՝ Ռանչպար գյուղ, Աբովյանի մոտակայքում, որտեղ պատահել է։ Իմ ընտանքում էլ շատերը գետնին են քնում, բայց չեն տրտնջում․ որովհետև հասկանում ենք, որ մեզնից ավելի կարիքավոր ընտանիքներ կան, փոքրեր կան, որ առանց ծնողների են մնացել, ծնողներ, որոնք իրենց աչքի առաջ տեսել են սեփական երեխաների մորթվելը։

-Որպես ազգայինն ու հայրենասիրականը աշխարհին մատուցող արվեստագետ՝ Ձեր առաջ դրե՞լ եք խնդիր կատարվածի մասին բարձրաձայնելու Ձեր արվեստի միջոցով։

-Արդեն զզվել եմ հայրենասեր հասկացողությունից, որովհետև հայրենասեր կարող ես լինել պարզապես երգերով կամ կենացներով։ Ես ինձ հայրենասեր մարդ չեմ համարում։ Ինձ համարում եմ հայրենանվեր մարդ։ Մարդը պիտի կարողանա հայրենիքը սիրել այնքան, որ միսն ու արյունը հանի, նվիրաբերի նրան։ Մեր օրերում քիչ է հայրենասեր լինել, պետք է նաև հայրենանվեր լինել։
Երաժշտական առումով ասեմ, որ հիմա դժվար է երգելը։ Երկար ժամանակ մտածում էի՝ հիմա եթե էլ Արցախ չեն թողել, որտե՞ղ եմ երգելու։
Ինձ համար Հայաստանը՝ առանց Արցախի , տատիկն է ՝ առանց այն զավակի, որին կարցրել է ու էլ չի կարող ծննդաբերել։

-Ովքե՞ր էին մեղավորները, ո՞վ հանձնեց Արցախը, ո՞վ զինաթափեց ու ազգաթափեց այն։

-Ես ազատատենչ եմ։ Ու ցանկացած անարդարության, սխալի կամ կեղծիքի վրա միշտ պիտի «գոռամ»։ Այն մարդիկ, ովքեր հեքիաթներին են հավատում, կարող են մի քիչ էլ հեռու գնալ ու ասել, որ Տիգրան Մեծն էր ստորագրել այս պայմանագիրը , որը, կարծես, խաղաղության մասին էր։ Միգուցե շանտաժ էին արել, կամ մեղքը գցել ուրիշի գրպանը։ Իսկ ես մեղավորներին հատ առ հառ եմ ասում, անուն առ անուն։ Երեք տարի չէ, երեք տարուց առաջ էլ, հետո էլ ես բացեիբաց խոսել եմ, բայց, ցավոք սրտի, անկեղծությունը մեր օրերում գնահատված չէ․ մարդիկ ուզում են լսել էն, ինչ ուզում են,այլ ոչ թե էն, ինչ իրականությունն է։ Բոլորն իրենց հերթին ունեն մեղավորություններ, բայց որ այսօրվա Հայաստանը ղեկավարվում է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, կույրն մարդն էլ կտեսնի, խուլ մարդն էլ կլսի։ Իսկ ովքեր պաշտպանում են այսօրվա թրքամետներին, ես միայն կասեմ, որ թուրքը երբեք հային ընկեր չի եղել ու չի կարող լինել, իսկ եթե նրանք թուրք են, նրանց տեղը հաստատ Հայաստանը չէ։