Երևան +11°
copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 18:00 07-10-2023

Թատրոնի դռները պատերազմների ժամանակ անգամ չպիտի փակվեն․ Լյուդվիգ Հարությունյան

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 29-ին և 30-ին Ուիլյամ Ուորթոնի «Շարքային թռչնակը» ներկայացմամբ մեկնարկեց 158-րդ թատերաշրջանը։ Նոր թատերաշրջանում սպասվող նորությունների, թատրոնի նոր տեսքի մասին Oragir.News-ը զրուցել է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ․

- Պարո՜ն Հարությունյան, սեպտեմբերի 29-ին և 30-ին հանդիսատեսի դատին հանձնվեց Ուիլյամ Ուորթոնի «Շարքային թռչնակը» հոգեբանական դրաման, որով էլ տրվեց 158-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ինչի՞ մասին է ներկայացումը, նրա արդիականությունը մեր օրերում, ինչո՞վ է յուրահատուկ այս ներկայացումը, ինչո՞ւ է պետք դիտել այն և ինչո՞ւ մեկնարկեցիք հենց այս ստեղծագործությամբ: Ի՞նչ նորություններ սպասել այս թատերաշրջանում:

-Վերջին շրջանում մեր թատերաշրջանները ստեղծագործական տոնակատարության ենք վերածում։ Իհարկե՜, վերջին 3-4 տարիների ընթացքում լինում էին ոչ այնքան տոնական մեկնարկներ, նույնը եղավ նաև անցած տարի։ Ամեն տարի թատրոնը սկզբունքորեն ամեն թատերաշրջան բացում է նոր ներկայացումով։

Նշեմ նաև, որ մինչ թատերաշրջանի բացումը թատրոնը պատրաստվում էր մեկ այլ կարևոր իրադարձություն էլ նշել․ կառավարության որոշումով՝ թատրոնի դիմապակիները վերջապես փոխվեցին, վերջապես նաև թատրոնի ցուցանակը կարողացանք փակցնել։ Այս առիթով որոշել էինք տոնական բացել թատերաշրջանը, բայց փոխարենը բացեցինք Տաթև Մելքոնյանի բեմադրած Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակը», իսկ մեր բեմադրած տարբերակով՝ «Շարքային թռչնակը» պիեսով։



Առհասարակ, երբ ես ռեժիսորների եմ հրավիրում, պիեսի ընտրությունը թողնում եմ իրենց։ Բայց այս դեպքում մեր նախընտրությունները համընկան, ես էլ մեծ սիրով ընդունեցի առաջարկը, որովհետև այն արդիական է․ պիեսում խոսվող թեմաները համամարդկային են և արդիական։ Պիեսում խոսվում է մարդկանց՝ պատերազմներին դեմ լինելու մասին, և թե այն ինչ վատ ազդեցություն է թողնում մարդկանց կյանքում, ինչպիսին էին մեր հերոսները։ Երկու հերոսների կյանքի պատմությունն է, որոնք մասնակցել էին պատերազմին, և այն մեծ ազդեցություն է թողել ավելի ճիշտ ու ազդեցիկ ապրելու տեսանկյունից, այսինքն՝ դառը ճակատագրեր են, որոնց սկիզբը կնքված է պատերազմից։

Յուրաքանչյուր պիես պիտի այսօրեական լինի, իսկ այս պիեսում արծարծված բոլոր խնդիրներն արդիական են, որովհետև ցավոք սրտի մենք էլ ունենք մեր իրականության մեջ նման երիտասարդներ, որոնք ապրում են այս հոգեվիճակով։ Եվ հետո՝ պետք է դիտել, որովհետև մեկնությունը նոր է, բեմադրաոճը նոր է։ Պայմանական թատրոնի սկզբունքներով է արված և կարծում եմ, որ հետաքրքիր կլինի։ Ներկայացումը, բնականաբար, անսովոր է հանդիսատեսի համար, բայց շատ գեղեցիկ գեղագիտություն ունի իր մեջ։

Շատերը վստահ էին, որ բեմադրաոճը շատ խորթ կլինի հանդիսատեսին, բայց հուրախություն մեզ՝ հանդիսատեսը կարողանում է ընկալել տարբեր ներկայացումներ, տարբեր ժանրերում տարբեր մեկնաբանություններ։ Ասեմ, որ լեփ-լեցուն դահլիճ էր, թեպետ փոքր-ինչ ծանր էր, խորհելու էր։ Խոսվում է ոչ թե ապրումների մասին, այլ վերլուծելու, և շատ-շատերը ներկայացումից հետո կարծիք հայտնեցին, որ պիտի վերլուծեն, քանի որ բավականին խորն ու ծանր է։

Այս ներկայացումը խաղաղության կոչ է։ Մեզ և ամբողջ աշխարհին խաղաղություն է պետք։



Սեպտեմբեր ամսին ինչ-ինչ պատճառներով քիչ խաղացինք, այդ պատճառով էլ հոկտեմբեր ամսին խաղալու ենք 22 ներկայացում։ Այս ցանկում ընդգրկված կլինեն մանկական ներկայացումներ, որոնք հատկապես արցախահայ մեր մանուկների համար կլինեն և անվճար կկարողանան այցելել թատրոն։ Խաղացանկում ընդգրկված է նաև «Շարքային թռչնակը», որը խաղալու ենք հոկտեմբերի 28-ին։ Ես կարծում եմ, որ այս ներկայացումը դեռ երկար ժամանակ թատրոնի խաղացանկում կմնա։ Իհարկե, համոզված եմ նաև, որ այն կունենա իր հանդիսատեսը․ ներկայացումը ոչ բոլորին է հասանելի՝ ինչպես «Սպասումը», «Միզերին»։ Սրանց կողքին ունենք «Հրաշագործը» ներկայացումը, որին բոլորը գալիս են, այսինքն՝ հասարակության տարբեր շերտերի մասին ենք մտածում։

-Թատրոնը փորձ ունի տարբեր հրավիրյալ ռեժիսորների հետ աշխատելու: Ինչո՞վ էր յուրահատուկ «Շարքային թռչնակը» ներկայացման ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի հետ աշխատանքը:

-Եթե Տաթև Մելքոնյան, բնական է, որ սկսած սցենոգրաֆիայից՝ պետք է լիներ փորձարարական, էքսպերեմենտալ և ավելի նորովի։ Ասեմ, որ գյումրեցի հանդիսատեսը փոքր-ինչ ավելի ռեալիստական ներկայացումների է սովոր, սակայն վերջին շրջանում թե՛ Գոռ Մարգարյանը, թե՛ Սաթե Խաչատրյանը, թե՛ Տաթև Մելքոնյանը իրենց հետ բերում են նոր պիես, նոր բեմադրաոճ, նոր մեկնություններ։ Ներկայացման երաժշտական ձևավորումը ևս Տաթև Մելքոնյանինն է։

Տաթև Մելքոնյանն արդեն իսկ յուրահատուկ է, սա հստակ կարող եմ ասել։ Ես ինձ իրավունք կվերապահեմ ասել, որ վերջին շրջանում մենք ընդունում ենք Հայաստանի լավագույններին։ Եվ վստահ եմ, որ շատ լավագույններ դեռ չեն եկել, բայց գալու են։ Շատ կարևոր է նրանց մուտքը, որ թատրոնի ստեղծագործական խումբն ընկալի, ինչը մեզ մոտ շատ լավ է ստացվում թե՛ այս, թե՛ նախորդ տարիների դեպքում։


Տաթև Մելքոնյանը առաջին անգամ է մեր թատրոնում և մտածում էի, որ փոքր-ինչ բարդույթ կարող է լինել, բայց նա շատ մեծ հեշտությամբ կարողացավ ձուլվել ստեղծագործական խմբին, բացի այդ՝ ինքը ունեցավ երիտասարդական թիմ, որը հավատաց իրեն։ Չենք կարող չհավատալ, որովհետև գործ ունենք շատ պրոֆեսիոնալ, շատ համեստ, շատ բանիմաց մարդու հետ, որն իր հետ թատրոն բերեց սեր։ Իսկ եթե սեր են բերում մեր թատրոն, միանշանակ ստանում են սեր։ Եվ այդ երկու սերերի միաձուլումից ստացվեց ներկայացում։

-Թատրոնը նոր տեսքով է ներկայանում հանդիսատեսին: Որքանո՞վ է թատրոնի արտաքին թարմությունը նորություն բերել թատրոնի ներսում:

-Անզեն աչքով տեսանելի է, որ ոչ թե միայն արտաքինին ենք կարևորություն տալիս, այլ նաև ներքինին։ Վերջին շրջանում սկսվեցին պիեսներ գրվել հատուկ թատրոնի համար, մենք աշխատում ենք նաև ժամանակակից դրամատուրգների հետ, ինչպիսիք են Անահիտ Աղազարյանը, Բաբկեն Զաքարյանը, որը գրեց «Քեյսը» և «Քայլերը»։ Սթիվեն Կինգը, Ուիլյամ Ուորթոնը ժամանակակից հեղինակներ են, ժամանակակից մեկնություններ ունեն, նոր խոսք են ասում։ Շատ կարևորելով մեր ազգայինը՝ իհարկե թատրոնի խաղացանկում պիտի լինեն նաև ազգային բեմադրություններ, նաև ժամանակակից դրամատուրգիա ենք ներմուծել, որը, կարծում եմ 21-րդ դարի թատրոնի պահանջներից մեկն է, որտեղ շատ կարևորվում են նաև լույսը, դեկորացիան, դերասանը, պիեսը , ինչու չէ, նաև դերասանի մարմինը․ դա շատ կարևոր է։

Նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկիզբ թատրոնը պատրաստվում է իմ բեմադրությամբ ներկայացնել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»․ երկար ժամանակ թատրոնի խաղացանկում չի եղել Շանթ և կարծում եմ, որ որպես ազգային՝ պետք է։ Այստեղ զբաղված են միայն թատրոնի դերասանական խումբն ու ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողները։ Կարծում եմ, որ մեզ նորից սպասվում է շատ հետաքրքիր ներկայացում։

-Գյումրու թատրոնը վերջին տարիներին շատ ակտիվ մասնակցում է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը։ Մասնակցելո՞ւ եք այս տարվա «Արտավազդին», եթե այո՝ ի՞նչ նորություններ եք պատրաստվում ներկայացնել մրցանակաբաշխությանը։

-Ես ինքս շատ կարևորում եմ նման փառատոնները․ հատկապես երիտասարդների համար շատ կարևոր է՝ լինի դա միջազգային փառատոն, թե համահայկական փառատոն։ Շատ քաջ գիտակցում ենք, որ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ պետական մասշտաբով մրցանակաբաշխություններ չունենք, իսկ եթե ունենք էլ, դա մեկն է՝ «Արտավազդը»։ Մեկը հավանում է, մեկը չի հավանում․ յուրաքանչյուր թատերական փառատոն իր հետ բերում է նաև խնդիրներ։

Պարզ է, չի կարող բոլորի համար լավը լինել․ մի տարի Գյումրու թատրոնի համար է լավ, մյուս տարի՝ մեկ այլ թատրոնի համար։ Ամենակարևորը մրցանակաբաշխությունն ապրելն է ու կարևոր չէ, որ դու մրցանակ ունենաս, քանի որ սա թատերական տոն է և շատ խորհրդանշական է մրցանակաբաշխության անցկացման օրը՝ մարտի 27-ին։ Սա միակ օրն է, երբ հայ թատրոնի բոլոր երևելի ներկայացուցիչները միասին կարող են մասնագիտական տոնը նշել, ես էլ այն դիտում եմ որպես տոն, ոչ թե մրցակցություն։ Բայց մրցակցությունն էլ իր հերթին հատկապես երիտասարդների համար ոգևորիչ է։ Այս տարի թատրոնը երկու ներկայացումով մասնակցելու է․ թե որոնք են, չեմ կարող ասել, բայց մասնակցելու են հենց երիտասարդները։

Հոկտեմբերի վերջին թատրոնը պատրաստվում է նաև Երևանում անցկացվող թատերական միջազգային փառատոնին, որտեղ թատրոնը կներկայանա «Մաուգլի» ներկայացումով։ Առաջիկայում պատրաստվում ենք նաև Արտաշատում կայանալիք երիտասարդական փառատոնին ներկայացնել մեր երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանին» ներկայացումը։ Փառատոններին պիտի պարտադիր մասնակցություն լինի, և թատրոնի դռները ամենակարևոր, ամենավտանգավոր, ամենաթեժ պահերին՝ պատերազմներին անգամ չպիտի փակվեն․ մշակույթը միշտ պիտի գործի։

-Թատրոնը պատրաստվու՞մ է ընդունել Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած վարչական աշխատակազմերին և ստեղծագործական թիմերին։

-Կարծում եմ, որ Հայաստանում չկա մի թատրոն, որը սերտ համագործակցած չլինի Ստեփանակերտի մեր թատրոնի ստեղծագործական խմբի հետ։ Մենք շատ հաճախ հյուրախաղեր ենք ունեցել։ Իրենք էլ են մեզ հետ ակտիվ համագործակցում։ Որպես լավ բարեկամ ուզում եմ նշել, որ Կարինե Քոչարյանի կազմակերպմամբ՝ Ստեփանակերտի թատրոնը առաջիկա ամսվա ընթացքում մեկնելու է ԱՄՆ հյուրախաղերի, ինչին ընդգրկված է նաև մեր թատրոնի դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը։

Հիմա առավել ևս շատ ուրախանում եմ այդ հանգամանքով։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը շարունակում է գործել։ Հակոբ Ղազանչյանն էլ է նշել, որ նրանց պիտի տրամադրվի ստեղծագործական տարածք ամբողջ խմբով, գուցե՝ առանձին-առանձին։ Հստակ կարող եմ ասել, որ ինչպես մայրաքաղաքի թատրոնները, այս թատրոնի դռները բաց են ինչպես վարչական աշխատակազմի, այնպես էլ ստեղծագործական թիմի համար։ Այս ընթացքում ինքս խոսել եմ մի քանի արտիստների հետ։ Նրանք հիմա այն փուլում են, որ պիտի տեղավորվեն, հասկանան՝ ինչ են անում, որտեղ, բայց հասկացա, որ արդեն ի վիճակի են ստեղծագործել, ցանկություն ունեն, առավել ևս եթե աշխատանքի կարիք ունեն, հարցը չի կարող չքննարկվել։ Իրենք պիտի լինեն իրենց թատրոնում․ այս թատրոնը ևս իրենց թատրոնն է։ Խոսքս կավարտեմ խաղաղության կոչով․ ուզում եմ խաղաղ ապրենք ու լավ ապրենք։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ
15:26 Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. shamshyan.com
17:00 Ծնողները բողոքում են՝ Գորիսի դպրոցներում ծեծում և հայհոյում են աշակերտներին, տնօրենները հերքում են
21:30 «Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը
22:38 Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը
09:53 Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում․ shamshyan.com
12:47 Հորս հատուկ խցում են տեղավորել. 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա. Ռուբեն Վարդանյանի որդի
11:42 Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է
11:52 Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով Հ1-ի եթերը վերածվում է «քուչի բազարի»․ Սողոմոնյան
09:00 Սկսվում է քարոզչական պայքարը․ հաղթանակի շանս կա  

Ձեզ գուցե հետաքրքրի