Ներքին 3 տարի առաջ - 09:35 07-10-2023

Հացի հերթի հայտնի լուսանկարի տղան Ալավերդիում է

Հայտնի լուսանկարի՝ հացի հերթից տուն շտապող փոքրիկ տղան Ալավերդիում է։ Համացանցում սիրելի ու ճանաչված դարձած 8-ամյա Սպարտակին արցախցի Դավիթ Ղահրամանյանն էր ամիսներ առաջ լուսանկարել շրջափակված Արցախում։

«Սպարտակը, մի օր հացի հերթում կանգնած, հացը վերցրել, տուն ա բերում ինքը։ Մամաս հացի փռում էր աշխատում, կես հացով հասնում էր էրեխեքին, բայց դե մամաս նենց ա արել, որ գոնե մի հաց հասնի էրեխեքին էդ օրը։ Ինքը ուրախացած գալիս ա լինում, իրան նկարում ա Դավիթը։ Էկավ, ասավ՝ մամա, ինձ նկարել են։ Ես լուրջ չընդունեցի, ասի ոչինչ, որ նկարել են։ Մյուս օրն արթնացա, տեսանք իրա նկարը սաղ կայքերի մեջ ա»,- պատմում է 8-ամյա տղայի մայրը՝ Գրետա Սարգսյանը։

Փոքրիկ Սպարտակը հացի հերթից, իր նկարից և ընդհանրապես Արցախից չի խոսում։ Միայն ժպտում է ու խաղում քույր-եղբայրների հետ։ Իսկ ծնողները Արցախից բերած սակավաթիվ իրերն են տեղավորում նոր վարձակալած իրենց բնակարանում։ Այստեղ կմնան այնքան, մինչև որոշեն հետագա անելիքները։

Ավագյաններն իրենց 6 փոքրիկների հետ են Ստեփանակերտից տեղահանվել, հասել Ալավերդի։ Իսկ Ստեփանակերտում հաստատվել էին 44-օրյա պատերազմում Շուշին կորցնելուց հետո։

Ընտանիքի հայրը՝ Մնացական Ավագյանը, երեք պատերազմների կամավոր մասնակից է։ 44-օրյա պատերազմում հաշմանդամ է դարձել, բայց դա չի խանգարել ձեռնափայտը թողնել եւ զենք վերցնել նաեւ այս պատերազմում։

«Երկու օր իմ էրեխեքից տեղեկություն չեմ ունեցել։ Հետո, որ հրադադար տվին, ասին՝ սաղ տված ա, սկսել եմ էրեխեքիս ման գալ։ Էրեխեքիս գտել եմ, էկել ենք Ստեփանակերտի մեջ։ Մենք էլ ենք Ստեփանակերտում մնում, բայց դե առաջին օրը հենց թուրքը էկավ, մեր տան գլխին նստեց», – պատմում է Մնացականը։

Հիմա էլ խանգարող բան չի տեսնում։ Այսօր էլ պատրաստ է հայրենիքի համար կռվելու։ Արցախը հետ ենք բերելու, ասում է։

«Արցախը մերն ա ու լինելու ա մերը։ Դրանում կասկած չկա։ Ես անձամբ նորից պատրաստ եմ Արցախի համար պատերազմելու։ Մենք պատերազմ գնալիս չենք գնում մեռնելու, մենք գնում ենք մեր հողերն ազատագրելու», – ասում է Մնացականը։

Ավագյանների ընտանիքը բոլորի նման Արցախից դուրս է եկել առանց ոչինչ վերցնելու։ Միայն փաստաթղթերն են հանել տնից։ Հիմա նրանք հագուստի եւ առաջին անհրաժեշտության շատ իրերի կարիք ունեն։ Պետության տրամադրած գումարներով հետագայում իհարկե կստեղծեն ամեն ինչ, բայց այս պահին ոչինչ չունեն, ասում են։

Երեխաներից երեքը՝ 9-ամյա Վիտալին, 8-ամյա Սպարտակն ու 6-ամյա Անուշը դպրոցական են, իսկ Դավիթն ու Լյուսին մանկապարտեզ են գնալու։ Ամենակրտսերը՝ Վարդանը, երկու ամսական է․ շրջափակման օրերին է ծնվել։

Նոր հարևանները, բարերար մարդիկ արդեն հասցրել են նրանց աջակցել տարբեր հարցերով։ Տեխնիկա, հագուստ և էլի ուրիշ բաներ են նվիրել։ Բայց պակասը շատ է։

Մանրամասները՝ Անկյուն+3-ի տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է