Երևան +15°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:00 26-09-2023

Գուբերնիա՞, թե՞ թուրքական վիլայեթ. Փաշինյանը չի կարող առաջնորդել անկախության պահպանման շարժումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տասնամյակներ շարունակ Արցախյան հակամարտության հարցը Ռուսաստանին հնարավորություն է տվել Հայաստանը պահել իր ազդեցության գոտում, ինչպես նաև ամենատարբեր հարցերում ՀՀ-ին իր դիրքորոշումը պարտադրել։ Ասվածի լավագույն ապացույցը 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումն էր, որով Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, չնայած այն բանին, որ տևական ժամանակ բանակցում էր Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ։

Այն ժամանակ Հայաստանի իշխանություններն իրենց որոշումը հիմնավորում էին երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներով։ Չնայած այս ամենին երեք տարի անց՝ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, սակայն ի պատիվ հայկական ուժերի դիմադրության և օրվա իշխանությունների հմուտ դիվանագիտության պատերազմը հնարավոր եղավ կանգնեցնել չորրորդ օրը, հայկական կողմն ունեցավ 75 զոհ, ինչպես նաև չնչին տարածքային կորուստներ՝ 400-800 ՀԱ։

Ներկայումս ստեղծված իրողությունների պայմաններում, երբ Ադրբեջանին հաջողվել է տիրանալ փաստացի ամբողջ Արցախին, մի շարք փորձագետներ պնդում են, որ Հայաստանն իրական անկախություն ստանալու և Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու իրական հնարավորություն է ստացել։ Օրերս նման տեսակետ էր հայտնել նաև ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, լրագրող, ռեժիսոր Ալեքսանդր Նևզորովը՝ պնդելով, որ հիմնական միջոցը, որով Կրեմլը շանտաժ էր անում Հայաստանին Արցախն էր, այլևս չկա, Հայաստանը կորցրել է այն։

Կարծում ենք, որ նաև հենց այս հանգամանքի համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության: Փաշինյանը պնդում էր, որ ինքն առաջնորդում է անկախության պաշտպանության շարժումը: «Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից ՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,- հայտարարում էր նա:

Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել նաև ծայրագավառ ձևակերպմանը, որը թուրքական վիլայեթ բառի հայերեն տարբերակն է։ Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ իշխանությունն իր ընդդիմախոսներին մեղադրում է երկիրը ռուսական գուբերնիա դարձնելու ցանկության մեջ, ապա հավանաբար Փաշինյանն իր ուղերձով ակնարկում էր, որ իր հեռացումից հետո ընտրությունը լինելու է ռուսական գուբերնիա և թուրքական վիլեյթի միջև, իսկ ինքը պայքարելու է անկախության համար։ Այլ հարց է, թե ուր կտանի Փաշինյանի գլխավորած պայքարը՝ հաշվի առնելով Արցախյան 44-օրյա պատերազմի դառը փորձը։

Այս համտեքստում չափազանց մտահոգիչ է, որ Փաշինյանի կառավարման հինգ տարիների հետևանքով Հայաստանը բախվել է մի իրավիճակի, որտեղ անհրաժեշտ է առաջնորդել երկրի անկախության պաշտպանության շարժումը, ինչպես նաև ընտրություն կատարել գուբերնիայի և վիլայեթի միջև։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր պատրաստվում ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ վերջինիս ապաշնորհ կառաարման հետևանքով հինգ տարի անց մենք կկորցնենք ոչ միայն ամողջ Արցախը, այլ նաև անկախության 32-րդ տարում կբախվենք անկախությունը կորցնելու իրական վտանգի առաջ։

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող առաջնորդել անկախության պաշտպանության շարժումը։ Հիշեցնենք, որ վերջինիս կառավարման ընթացքում Հայաստանը նույնպես ունեցել է տարածքային և մարդկային մեծ կորուստներ, ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ից պահանջում է արտատարածքային միջանցք տրամադրել։

Այսպիսով Հայաստանը ներկայումս հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում, որտեղ մի կողմից իսկապես ռուսական ազդեցությունը նվազեցնելու իրական հնարավորություն է ընձեռնվել, իսկ մյուս կողմից երկիրը բախվել է անվտանգային լուրջ մարտահրավերների, որոնց պարագայում ցանկացած չհաշվարկված քայլ, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակը երկիրը ղեկավարող անձանցից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը ներկայիս իշխանությունների մոտ բացակայում է, քանի որ վերջիններս բազմիցս ապացուցել են, որ արտաքին և ներքին քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ թե պետական շահով, այլ սեփական ամբիցիաներով։ Այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանում իշխանափոխության և առողջ ուժերի առաջացման հրամայականը, որոնք իսկապես կարող են առաջնորդել անկախության պահպանման շարժումը։



Ձեզ գուցե հետաքրքրի