copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 22:30 09-09-2023

Գյումրին դարձել է մասնիկ-մասնիկ նկարելու քաղաք. գյումրեցի լուսանկարիչ

Գյումրեցի 30-ամյա Վազգեն Ասատրյանը քաղաքի առանձնահատուկ ձեռագիր ունեցող լուսանկարիչներից է։ Նրա լուսանկարներում Գյումրին ու գյումրեցիներն են, բայց ինչպես ինքն է ասում՝ փորձում է ամեն լուսանկարի մեջ պատմություն դնել։

Գյումրեցի տղան մասնագիտական կրթություն չունի, բայց այդ հանգամանքը նրան չի խանգարել հետքրքիր ու յուրօրինակ լուսանկարներ անել։
«Ես լուսանկարչական կրթություն չունեմ, բայց փոքր տարիքից ինձ համար հոգեհարազատ է եղել լուսանկարելը, մի քանի անհաջող փորձեր ունեցել եմ։ Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել մեր քաղաքի լուսանկարիչները, հետո արդեն համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչները։ Այն ժամանակ ինձ համար ֆանտաստիկ լուսանկարներ ուներ Գինոսյան Գուրգենը, Խաչիկ Էլոյանը, Արմեն Տեր-Մկրտչյանը։ Իմ լուսանկարչությունը ժամանակի ընթացքում փուլերի է բաժանվել՝ street լուսանկարչություն, նատյուրմորտ, հիմա նորից վերադարձել եմ street ժանրին։ Համավարակի ընթացքում լուսանկարել եմ բնանկարներ։ Քանի որ քաղաքում չէի կարող շրջել, գնում էի հեռավոր ինչ-որ գյուղ և հետաքրքիր բնանկարներ էի անում։

Լուսանկարներիս առանցքը Գյումրիի փողոցներն են, մարդիկ են։ Այս քաղաքը շատ մեծ դեր է ունեցել, իմ ստեղծագործական կյանքի վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Վազգենը։

Գյումրեցի լուսանկարիչն ընդունվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում, բայց ընդամենը 1 տարի ովորելուց հետո որոշել է կիսատ թողնել ուսումը, քանի որ իր կարծիքով՝ գեղարվեստական լուսանկարչության ասպարեզում այն իրեն ոչինչ չէր տալիս և անտեղի տարիներ է կորցնելու: Հիմա վստահ է, որ դա իր կայնքի ամենակարևոր և ճիշտ որոշումն է եղել․
«Գյումրին արդեն դարձել է, մասնիկ-մասնիկ նկարելու քաղաք, հիմա էլ ոչ ոքի դու չես զարմացնի լայն անկյուն օբյեկտիվով նկարած թատրոնի շենքով։ Հիմա պետք է ընկնես մասնիկների հետևից»,- շարունակում է գյումրեցի լուսանկարիչը։

Վազգեն Ասատրյանը պատերազմին նվիրված 2 շարք ունի՝ «Պատերազմ և խաղաղություն» և «Համաշխարհային բրենդները դեմ են պատերազմին»:

«44-օրյա պատերազմի օրերին լուսանկարիչ ընկերներիցս մեկը առաջարկեց գնալ Արցախ և այնտեղից ռեպորտաժ անել, ես հրաժարվեցի, չեմ կարող ասել ինչ պատճառներով հրաժարվեցի, բայց այդ ժամանակ երևի վատ կանխազգացում ունեի, որ չէի ուզում գնալ Արցախ ու այնտեղից լուսանկարներ անել։ Ընկերս մի քիչ նեղվեց, ես ասացի, որ կարելի է պատերազմի մասին նկարել ոչ թե հենց ռազմաճակատում, այլ նկարել թիկունքից, այսինքն՝թիկունքից ցույց տալ պատերազմի դեմքը։ Ու արեցի «Համաշխարհային բրենդները դեմ են պատերազմին» ֆոտոշարքը, համեմատական էի տարել, թե մարդը խաղաղ ժամանակ ինչ կարող է անել ու պատերազմի ժամանակ ինչ կարող է անել։ Օրինակ՝ խաղաղ ժամանակ կարող է Heineken գարեջուր վայելել, իսկ պատերազմի ժամանակ ճմրթված ալյումինե կամ երկաթե տարրայից ջուր խմել։ Մյուս օրինակը՝ խաղաղ ժամանակ մարդը կարող է առավոտյան Nutella վայելել, իսկ պատերազմի ժամանակ ուտել այն ինչ ձեռքն է ընկնում»,- ասաց Վազգենը։

Լուսանկարչի խոսքով՝ ստեղծագործող մարդու վրա պատերազմը շատ վատ է անդրադառնում, որովհետև չես կարող կենտրոնանալ ստեղծագործելու վրա, միտքդ անընդհատ փախչում է, այլ բան ես մտածում։
«Կամաց-կամաց հաղթահարվում է նաև անհաղթահարելին»,- ընդգծեց Վազգենը։


Ֆոտոշարք