Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:33 22-02-2023

Սրա իրավունքը չունեին․ այս մարդը երևում է, առանց ծանուցման իրեն իրավունք չունեին նկարելու. փաստաբանը՝ ԵԱՍՄ-ի տեսանյութի մասին

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեսբուքյան էջում մի ուշագրավ գրառում է տեղադրել․ «Ահավոր է.... Ձեզ ենք ներկայացնում մի երևույթ, որը տարածված է ամենուր։ Տեսագրությունում Մոսկովյան փողոցն է՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածը, որը մաքրվել է ԵԱՍՄ աշխատակիցների կողմից այս գիշեր։ Տեսագրությունը արված է ժամը 12-ի կողմերը։ Պատկերն ակնհայտ է, և այս տգեղ և անընդունելի տեսարանի հեղինակներից մեկը այս տաքսիի վարորդն է, որը ծխում է և ծխախոտի մնացորդը նետում ոչ սահմանված վայրում։ Լավ, ինչքան կարելի է նույն բաները ասել, խնդրել, հորդորել,պահանջել։ Մարդը այսքան, փաստորեն, չի սիրում իր երկիրը»։

Գրառմանը կից կա տեսագրություն, որում երևում են տաքսու վարորդը և վարորդի մեքենայի պետհամարանիշները։

Փաստաբան Նարինե Բեգլարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ անձի վերաբերյալ անձնական տվյալներ հավաքագրելու մասին տվյալ անձը պետք է տեղյակ լինի. «Երբ որ անձի վերաբերյալ անձնական տվյալ եք հավաքում, այդ անձի համաձայնությունը պետքէ է ունենաք, իր անձնական տվյալը հավաքելու և հետագա մշակելու համար։ Հետագա մշակելը նաև օգտագործել և տարածել է ենթադրում։ Իսկ անձի պատկերը, որտեղ նա նույնականացվում է, նույնպես անձնական տվյալ է, որովհետև դուք այդ պատկերի միջոցով իրեն նույնականացնում եք։ Իր աձնական տվյալը հավաքելու և հետագա մշակելու համար համաձայության մասով էլ՝ համաձայնություն ստանալու համար պետք է իրեն ծանուցել, որ իր անձնական տվյալները հավաքագրում եք, իսկ ծանուցման մասով պարտադիր օրենքը նշում է»,- ասաց Բեգլարյանը։

Խոսելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հրապարակած տեսանյութից՝ փաստաբանն ասաց. «Սրա իրավունքը միանշանակ չունեին, այս մարդը երևում է, առանց ծանուցման իրեն իրավունք չունեին նկարելու։ Ինչ-որ մեկը անձնական մեքենայով է նկարվել։ Մենք չգիտենք՝ իրենք ունեն անձի համաձայնությունը, թե չէ»։

Փաստաբանը նշեց նաև, որ այստեղ կան կոնկրետ տվյալներ, որոնցով մարդկանց նույնականացնում են. «Ես այստեղ տեսնում եմ անձին նույնականացնող անձնական տվյալներ, որ նա ինքը իր պատկերով կարող է նույնականացվել, և ավտոմեքենայի համարանիշներն ենք տեսնում, որով նույնպես կարող են մարդուն նույնականացնել։ Բնականաբար սրանք անձնական տվյալներ են, որոնք մշակվել, հրապարակվել են, և անձը, որի անձնական տվյալները այս տեսանյութում մշակվել են, պետք է տար իր համաձայնությունը, ծանուցվեր, որ իր անձնական տվյալները հավաքվում են, և որ իր անձնական տվյալները հրապարակվում էին, տար դրա համաձայնությունը։ Բայց չգիտեմ՝ այստեղ կա՞ համաձայնություն, թե ոչ, դա արդեն թողնենք այն հաստատությանը, որը հրապարակել է, թող մեկնաբանի, բայց այսպիսի տեսանյութով մարդու մասին տվյալ հավաքելը և հրապարակելը պետք է լինի այդ մարդու համաձայնությամբ»,- ասաց նա։