copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 16:03 08-09-2023

Իմ ամենաառաջին և գլխավորող բախտավորությունն այն է, որ ես Հայ եմ ծնվել․ Ռաֆայել Իսրայելյանի հիշատակի օրն է

«Մեր ստեղծածը պետք է էլ ավելի բարձրացնի հայ արվեստը, հայ մշակույթը և հասնի այնպիսի աստիճանի, որ շատ հեռուներից երևա։ Եվ դրան մենք կարող ենք հասնել միայն այն դեպքում , երբ կասենք մեր խոսքը, սեփական խոսքը, հայերեն խոսքը։ Դա կլինի, անշուշտ, ժամանակի ոգով ասված, ժամանակի հարստությամբ հագեցած, բայց անպայման հայերեն ասված. այլ կերպ մենք նորը ասել չենք կարողանա և կլինենք միայն ընդօրինակողներ` անդեմ, անսկզբունք, անհայրենիք»,- մի առիթով ասել է Ռաֆայել Իսրայելյանը։

Այսօր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հիշատակի օրն է։



Իսրայելյանը ծնվել է Թիֆլիսում, բայց իրեն միշտ արցախցի է համարել։ Հայրը՝ Սարգիսը, հայոց լեզվի և գրականության մասնագետ էր ու բանահավաք։ Նա Թիֆլիս էր եկել Շուշիից, իսկ Շուշիում գիտական և կրթական մեծ գործունեություն էր ծավալել, օգնել կրթական օջախների հիմնադրման գործին։ Հորից էր ժառանգել նվիրական հայրենաճանաչողությունը, որն էլ դարձել էր նրա ստեղծագործականության բանալին։

Իսրայելյանի էսքիզներից են ծնվել «Հաղթանակ» զբոսայգու հաղթակամարն ու նմանը չունեցող պատվանդանը, Ապարանի հերոսամարտի հուշահամալիրը, Մուսա լեռան հերոսական ճակատամարտի հուշահամալիրը, Նկարիչների միության շենքը, Արարատ կամարը, որն առավել հայտնի է Չարենցի կամար անունով, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին, բայց անհերքելի է, որ ժողովրդական ճարարապետի մտքի թռիչքը Սրադարապատի հերոսական հուշահամալիրն է։



Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը իր արժանի տեղն է զբաղեցնում ինչպես իսրայելյանական և ընդհանրապես հայկական ճարտարապետության, այնպես էլ համաշխարհային ճարտարապետական դասագրքային կոթողների շարքում:

Ի սկզբանե քանդակագործ Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատավոր զինվորի արձան պատվանդանի վրա: Այնուամենայնիվ քանդակագործը որոշում է խորհուրդ հարցնել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանից: Իսրայելյանը գտնում է, որ մտահղացումը նոր չէ, կրկնվող է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները ողջ Խորհրդային Միության տարածքով մեկ։ Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել՝ պետք է ստեղծել հզոր գործ: Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ իրականացնում է հոյակերտ հուշահամալիրի նախագիծը: Իսրայելյանի նախագծային տարբերակները բազում էին: Ռաֆայել Իսրայելյանի Սարդարապատի հուշարձանախմբի առաջարկած նախագծի առաջին տարբերակը ավելի պաթետիկ էր ստացվել. նա նախատեսել էր զանգաշտարակի տեղում 40 մետր բարձրությամբ վիթխարի, երկնասլաց թուր կանգնեցնել: Այս գաղափարը դուր չի գալիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին:



Քոչինյանն ասել էր. «Ռաֆո’, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»: Քոչինյանն ակնարկում էր, որ վրեժխնդրության ձգտում հիշեցնող որևէ բան չի կարող հաստատվել Կենտկոմում: Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակն արդարացված համարեց։ Զանգաշտարակի խորհրդանշական իմաստը մարտի կանչելն է, ինչպես 1918 թվականին բոլոր եկեղեցիների զանգերն են ղողանջել, կանչելով սուրբ պայքարի հանուն Հայաստանի գոյատևման: Բայց զանգերը բազմիմաստ են: Այս զանգերը նաև անմահ փառքի, հաղթանակի օրհներգման և երջանիկ կյանքի խորհուրդ են ստացել:

Իսրայելյանը ժողովրդական ճարտարապետ էր, որ հիանալի տիրապետում էր հայ մարդու կենցաղին ու բարքերին, պատմությանն ու արժեքներին, ուստի ստեղծում էր գործեր, որոնք ժողովրդի սրտից էին ելել։ Սիրում էր մանրակրկտորեն հետևել աշխատանքի ընթացքին, մտերմանում էր վարպետների հետ։ Հերթական աշխատանքի մասին մի հետաքրքիր հուշ է թողել Իսրայելյանը․


«Արարատ» կամարը

« ․․․Վերջին խոյակն էլ ավարտվեց։ Նրա վրա փորագրված էր մի հավք՝ թառած ծաղիկներին։ Եվ երբ մնում էր միայն թռչունի աչքը քանդակել, Վարպետ Գևորգը մուրճը վար դրեց և դիմեց շուրջը հավաքված դիտողներին․

- Է՛հհ, թռչունիս գլուխը շատ կարծր քարի է դեմ առել, գործիքս էսօր եմ սրել տվել՝ քարը չի վերցնում։ Երևում է հավքը կույր պիտի մնա։ Չէ՛, էս չեղավ, մի գնացեք կանչեք ընկեր Գարեգինին՝ աշխղեկին, կամ ճարտարապետին, թող գան մի ճար անեն։

Դիտողները թեև զարմացել էին, որ ողջ քարը քանդակելիս կարծր մաս չէր հանդիպել ու միայն այդ փոքրիկ տեղն էր, որ այդպիսի անհաջողության մատնեց գործը, բայց տեսնելով Վարպետ Գևորգի լրջությունը՝ ստիպված գնացին կանչելու։ Շուտով եկան երկուսը միասին։ Վարպետի հազիվ թաքցրած խորամանկ ժպիտը և ավարտված քանդակը իսկույն մատնեցին նրա դավադրությունը։


Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր

Կա մի սովորույթ մեր վարպետների մեջ։ Դա արվում է հատուկ նպատակով, ուրախության ժամին, սրամիտ կատակի ձև տալով նրան։ Վարպետը համեստ էր նիստուկացով, քչախոս, զուսպ իր կարծիքը հայտնելու մեջ։ Թեև կատակներ չէր անում, բայց չէր էլ սրտնեղում ուրիշների կատակներից։ Սակայն բոլորի համար էլ սովորույթը սովորույթ է, կարգը՝ կարգ։

- Ի՞նչ է պատահել, Վարպետ Գևորգ, այդ ինչի՞ն ես դեմ առել, սա օյի՞ն է, որ բերում ես մեր գլխին,- հարցրինք՝ չհասկանալու տալով մեզ։

- Չե՞ք տեսնում, հավքը մնացել է կույր, քարը չի տաշվում, սարսափելի կարծր է։ Կամ մի խելքը գլխին վարպետ բերեք, որ տաշի, կամ փորձեք թրջել քարը, որ միգուցե փափկի ու հնարավոր լինի քանդակել։ Էսպիսի քարի ես երբեք հանդիպած չկայի, շատ զալում է։ Չե՞ք հավատում՝ ինքներդ փորձեք, միայն հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ չհանեք։

Այստեղ չհասկացողներն էլ իմացան Վարպետ Գևորգի «փորացավը» և միաբերան ծիծաղեցին, աշխուժացան և հավանություն տվին Վարպետ Գևորգի պահանջին։



Շատ չանցավ բերվեց գինին։ Եվ պարզ է, որ գինու հետ և անհրաժեշտ ուղեկիցներ։

Ճարտարապետը թասը լցրեց Ոսկեվազի ոսկեգույն գինով։ Արևի ճառագայթները բեկվեցին թասի մեջ և գինին փոխարկվեց հուրհրատող բոցեղեն մի հեղուկի։

Թասը ձեռքից-ձեռք անցավ և ամեն անգամ խմողը բարեմաղթում էր Վարպետին ու թասը հանձնում հաջորդին․․․։»

Ցավոք, քանի՜-քանի՜ կիսատ էսքիզներ թողեց Իսրայելյանը, որոշներն էլ ավարտուն էին, սակայն սպասում էին իրենց մարմնավորմանը։ Նա չապրեց փառքի ու հարստության մեջ, թեև արժանի էր դրան, բայց ապրեց հայ․․․



« Ինչո՞ւմն է իմ առավելությունը, ի՞նչն է ինձ ոգևորում։ Այն, որ ես նախևառաջ Հայ եմ։ Իմ ամենաառաջին և գլխավորող բախտավորությունն այն է, որ ես Հայ եմ ծնվել։ Ինձ թվում է Հայեր շատ կան, բայց այդ չի նշանակում, որ ամեն մի Հայ բախտավոր է, որովհետև Հայ լինելու համար, բախտավոր լինելու համար պիտի հասկանալ, որ Հայ ես։ Այ երբ որ դու հասար այդ գաղափարին, որ դու Հայ ես, այդ դեպքում աշխարհը քոնն է։ Երբ ես հասկացա, որ Հայ եմ, զգացի, որ իսկապես բախտավոր եմ, բայց կրկնակի բախտավոր դառա 60 տարի քայլելով, խփվելով, ճանկռելով մեր ժայռերը, մեր չոր ու ցամաք այդ ապառաժները; Նրանց մեջ, այդ ժայռերի մեջ, այնքան նյութ տեսա։ Ես զգացի, որ մեր պատառ հողը անսահման հարստություն ունի։ Մեր պապերն այս հողին հրաշքներ են գործել, և մենք այսօր հանկարծ, Աստված մի արասցե, մոռանում ենք, մոռանում ենք․․․»։