Երևան +14°
copy image url
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:22 31-08-2023

Իրավիճակի ելքը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում ԼՂմուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը։Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հումանիտար ակ շարասյունն ուղեկցեց Կոռնիձոր։ Այսուհանդերձ, ոչ այս, ոչ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահների զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ-ի տարածքն ազատել հայերից։

Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է. Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում , կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն` ԼՂ֊ից թույլ տալ մարդկանց ելքը, բայց թույլ չտալ վերադարձը։

Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ։ Այսուհանդերձ ինչպես և նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքու֊Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը կենսականորեն անհրաժեշտ է։ Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել և այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրվել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: «Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկամ քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռները հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»: ​​​​