Երևան +12°
copy image url
Միտք 8 ամիս առաջ - 23:49 12-08-2023

Գայանե Շագոյանի՝ «Ակադեմիական քաղաք»-ի վերաբերյալ դիտարկումները չեն հանրայնացվել

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Գայանե Շագոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր 18 կետից բաղկացած դիտողություններն «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ:

Նա նշել է, որ օգոստոսի 6-ին այս դիտողություններն ուղարկել է e-draft-ում դրված նախագծի էջին։ Առաջարկներ թողնելու համար վերջնաժամկետը եղել է օգոստոսի 7-ը, բայց մինչև հիմա դրանք չեն հրապարակվել:

«Հետադարձ կապով հարցում արեցի՝ պարզելու, թե ինչի է բացակայում իմ նամակը հրապարակային քննարկման էջից, ինձ զանգեցին Արդարադատության նախարարությունից պարզելու հանգամանքները՝ երբ եմ ուղարկել, որ հասցեից, բայց մինչև հիմա իմ գրառումը չկա e-draft-ում: Ուստի ստիպված եմ ՖԲ-ի միջոցով այն հրապարակել: ԶԼՄ-ները ազատ են այն տարածելու», – գրել է Գայանե Շագոյանը, ներկայացնելով իր դիտողությունները.

1. Նախագծի հիմնավորումը համոզիչ չէ: Հղումը կառավարության որոշումն է, որն իր հերթին որևէ փաստաթղթով հիմնավորված չէ:
2. Ծրագրի Հայեցակարգի «Նկարագրում» չկա որևէ կետ, որն անհնարին լիներ իրականացնել ներկա պայմաններում Երևանի կենտրոնում գործող «ակադեմիական միջուկում», դրանցից ոչ մեկի համար նոր շենքերը կամ ինստիտուտները համալսարաններին կցորդ դարձնելը որևէ լուծում կամ առավել ևս երաշխիք չեն կարող լինել:
3. Կրթական և գիտական ծրագրերը ենթադրում են պարտադիր քաղաքական և սոցիալական կոնսենսուս, քանի որ դրանց ազդեցությունը մեկ կառավարության գործ չէ և, անկախ օրվա իշխանությունից, այդ ծրագրերը պիտի գործեն անխափան մի քանի կառավարությունների ղեկավարման ընթացքում: Այս դեպքում ծրագրերը ոչ միայն կոնսենսուսից հեռու են, այլև զուրկ են որևէ ներառականությունից, դրանք առանց որևէ խորհրդակցության պարտադրվում են դրա առաջնային ազդակիր համայնքին՝ գիտնականներին, դասախոսներին ևն:
4. Որոշումից հետո ծրագիրը դնել մի քանի օրում ընդհանուր կարծիք հավաքելու նպատակով՝ բացահայտորեն ցույց է տալիս ծրագրի համար ձևական լեգիտիմություն ապահովելու մասին: Իսկ, հետևելով բացարձակապես բասական քննարկումներին և դրական քվեարկությանը, հիմնավոր կասկած ունեմ քվեարկությունը էլեկտրոնային լցոնումով ապահովելու վերաբերյալ: Արդեն առկա բազմաթիվ բացասական հիմնավորումները արդյո՞ք որևէ ազդեցություն կարող են ունենալ կառավարության որոշումը փոխելու վրա: Նման գործընթացն անընդունելի է ժողովրդավարական տեսանկյունից, ավելի հարիր է ավտորիտար ռեժիմներին, որ իրենց կամքը պարտադրում են՝ առանց որևէ երկխոսության, կամ հիբրիդային ռեժիմներին, որ իմիտացնում են երկխոսությունը, երբ արդեն ամեն ինչ որոշել են:
5. Գիտական և կրթական ծրագրերը հարմարեցնելով միայն «տնտեսվարող սուբյեկտների» հետաքրքրություններին, առանց քննարկելու, թե այդ «սուբյեկտներից» կամ ոլորտներից որն է համարվելու երկրի ռազմավարական զարգացման ճյուղ, ինքնին խոսում է անհետևողական և անհեռատես հիմնավորման մասին:
6. Ոչ հիմնավորման մեջ, ոչ ծրագրում չկա որևէ խոսք ֆունդամենտալ գիտության զարգացման մասին: Այնպիսի տպավորություն է, որ ծրագրի կազմողների համար գիտությունը կարող է լինել միայն կիրառական կամ ծառայել երկրի պրեստիժի համար, բուն գիտական մտքի զարգացումը բացարձակապես անտեսված է:
7. Ոչ գիտական, ոչ կրթական համայնքների հետ չեն քննարկվել և լուրջ հիմնավորումներ չեն բերվել, որ Հայաստանի պարագայում համալսարանների և գիտական ինստիտուտների միացումը՝ բուհերի կտուրի տակ միակ կամ լավագույն լուծումն է կրթությունը կամ առավել ևս գիտությունը բարելավելու համար: 2019 թ. անցկացրած հետազոտությունը ցույց է տվել (<https://www.youtube.com/watch?v=3F36PaUDojs&t=9s>), որ նման լուծումը ամենասխալն է: Որ առնվազն կա երեք ճանապարհ.
a. որոշ ոլորտների համար համալսարանները կարող են կցվել իրենց մագիստրոսական ծրագրերով ինստիտուտներին (և ոչ հակառակը),
b. որոշ դեպքերում, թերևս ինստիտուտների առանձին բաժիններ կարող են դառնալ համալսարանների լաբորատորիաներ,
c. ավելի հավանական է և աշխատող է՝ համագործակցությունն առանձին ինստիտուտների և համալսարանների միջև՝ առանց դրանցից որևէ մեկի ենթակայության:
Հայաստանի և հետխորհրդային երկրների բուհական և գիտական ռեֆորմները խոսում են նրա մասին, որ ընտրված ճանապարհը՝ ինսիտուտները դարձնել համալսարանների կցորդ, ամենաչաշխատող և գիտության համար կործանարար ուղին է:
8. Գիտության և կրթության զարգացման տեսլականն ուղիղ կապված է երկրի զարգացման հայեցակարգի՝ տնտեսության որոշակի ոլորտներ զարգացնելու ծրագրերի հետ, որոնց առաջընթացին էլ կարող են նպաստել կրթական կամ գիտական նախագծերը: Այդ ոլորտներում աշխատատեղերի և մասնագետների անհրաժեշտությունը պիտի ծնի համալսարաններ միավորելու, բացելու կամ փակելու որոշումները: Նման ռազմավարական հայեցակարգային ծրագիր այս կառավարությունը չի ներկայացրել: Եղած ռազմավարության մեջ տնտեսական ոչ մի ճյուղի զարգացում հիմնավորված չէ, ոչ էլ փոխկապված է համապատասխան կրթության և մասնագետներ պատրաստելու խնդրի հետ: Հիմնավորման մեջ նշվում է մեկ շոշափելի և չափելի նպատակ՝ արտասահմանյան ուսանողների քանակը կրկնապատկելը (տե՝ս Հայեցակարգ 1.5.բ կետը): Սակայն դա խոսում է երկրի ռեսուրսներն այլ երկրների մարդկային կապիտալը բալերավելուն ուղղելու մասին, ինչը մեր երկրի զարգացման տեսանկյունից՝ պետական ռեսուրսների ուղղակի վատնում է: Գործ ունենք մի մոտեցման հետ, երբ տնտեսական զարգացումը ստորադասված է պրեստիժին՝ արտասահմանյան ուսանողներից այս երկրին շոշափելի և չափելի արդյունավետության մասին ունենք զրո ուսումնասիրություն՝ թե ընթացիկ, թե «սպասվող»: Մինչդեռ, բուհի հեղինակությունը լինում է հետևանք, այլ ոչ թե ինքնանպատակ: Նման նպատակների (տե՛ս 1.5. ա, բ կետերը) ձևակերպումն ավելի շատ հիշեցնում է «պատյոմկինյան գյուղը», այլ ոչ թե ոլորտի զարգացման ծրագիր:
9. Ծրագրում չկա նշված որևէ կապ երկրի զարգացման կոնկրետ որ խնդիրներն են լուծելու այդ 4 անհասկանալի բովանդակությամբ բուհերը՝ իրենց մեջ կլանելով երկրի բազմաթիվ գիտա-հետազոտական ինստիտուտներ: Ինչ ֆունդամենտալ գիտելիք և ինչ գործնական խնդիրներ լուծելուն պիտի միտված լինեն այդ բուհերը, որի ֆինանսավորողը պետությունն է, ուստի այդքան ռեսուրս ներդնել միայն աշխարհի 500 բուհերի ցանկում հայտնվելու կամ արտասահմանցի ուսանող կրթելու նպատակով հիմնավորելը ավելին քան համոզիչ չէ:
10. Եթե նույնիսկ ընդունենք, որ կարելի է ստեղծել փորձարարական «ակադեմիական քաղաք», ապա պարզ չէ, թե ինչի այն պիտի լինի Երևանին կից: Երևանի արվարձանները՝ 17 թաղամասում կամ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքում «նոր քաղաքի» հիմնումն ընդամենը քանդելու է Երևանի կենտրոնական հատվածում արդեն գործող ակադեմիական քաղաքը, որը միայն բարելավման կարիքն ունի: Իսկ անօրեն օտարված ուսանողական հանրակացարանները, որոնք վերածվում են հյուրանոցների, կարող էին ծառայել որպես կամպուսներ, եթե ողջ խնդիրը դա է: Պակասող ուսանողների քանակը որևէ վիճակագրական հիմք չի տալիս այդքան ներդրում անել շատ վատ հիմնավորված, նույնիսկ հակահիմնավորմամբ, առաջարկվող ծրագրի համար: Իսկ շինարարության վրա ծախսվող գումարը կարող էր գնալ սարքավորումների, բովանդակային բարելավման և անհրաժեշտ բարեփոխումների վրա: Այլապես, այս ծրագիրն ընթերցվում է որպես քաղաքի կենտրոնական շենքերը կամ դրանց տարածքները վաճառքի հանելու ծրագիր: Ոչ թե գիտության ներդրում, այլ գիտության և կրթության հաշվին այլ ծրագրեր իրականացնելու նախագիծ՝ լի կոռուպցիոն ռիսկերով, ինչպես սովորաբար լինում է մեծ շինարարական ծրագրերի դեպքում (Հյուսիս-հարավ ճանապարհը, կամ Հյուսիսային պողոտան, Ֆիրդուսի փողոցը և այլ նախագծրերի փորձը գալիս է դա հաստատելու):
Ուստի, եթե անպայման է ստեղծել որևէ այլընտրանքային «գիտակրթական» տարածք («քաղաք» ասելը բոլոր դեպքերում երևում է, որ ավելի շատ այլաբանություն է, քան բուն ծրագրի բովանդակություն), ապա ավելի ճիշտ կլիներ դա կցել ոչ թե Երևանին, այլ տեղադրել երկրի հեռավոր մարզերում՝ Սյունիքում, Շիրակում, Տավուշում:
11. Ծրագիր կազմողները պիտի հասկանան, որ ուսումնական հաստատություններն ու պետական գիտական կազմակերպությունները «ֆիզիկապես տեղափոխելով հատկացված տարածքներ» նշանակում է այդ կառույցների կոլապսը, տարիներ անաշխատունակ պայմաններում հայտնվելը, անխուսափելի կորուստներ: Այս հաստատություններից շատերի չեղարկումը՝ իրենց և՛ մարդկային, և՛ մտային ներուժով, լինելու է այս կառավարության պատասխանատվության հարցը: Տարիներ շարունակ ձևավորված գիտական ներուժն ու տարբեր ոլորտներ անհետանալու են Հայաստանից այս չմտածված ծրագրի պատճառով:
12. Եթե նույնիսկ ընդունենք, որ ծրագիրը հիմնավորված է, ինչն այդպես չէ, նախագծից ստեղծվում է տպավորություն, որ կառավարությունը բնավ չի պատկերացնում ինչպես է պետք կազմակերպել այդ տեղափոխությունը. «1.13. Միաժամանակ, ակադեմիական քաղաքը բաց է լինելու նաև այն միջպետական և ոչ պետական բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, որոնք նպատակահարմար կգտնեն իրենց գործունեությունը կազմակերպել ակադեմիական քաղաքի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը կխրախուսի նաև այդ կառույցների տեղափոխումը»: Ավելի շատ հիշեցնում է Արշակավանը, այն իմաստով, որ այնքան որ մի «քաղաք» լինի՝ անկախ բովանդակությունից, այլ ոչ թե որևէ հաշվարկ, կոնկրետ ուղղությունների զարգացմանը նպաստող նախագիծ: Ըմբռնելին մնում է միայն այն, որ սա, բացի Երևանի կենտրոնում եղած շենքերն ազատելուց, որևէ այլ կոնկրետ նպատակ չունի: Այսպիսով՝ եթե այս «քաղաքը» դառնում է յուրաքանչյուրի ցանկությամբ տեղափոխության տարածք, ապա ինչպե՞ս և ո՞ր ուղղությունն են պատրաստվում զարգացնել, ինչի՞ հաշվին և ու՞մ համար:
13. Կառուցվածքը, որը բաղկացած է 4 կլաստերից, որտեղ կրթականը առանձնացված է մյուսներից, ցույց է տալիս, որ նոր տարածքում որևէ ինտեգրացիա կրթականի և հետազոտականի միջև չի էլ նախատեսում: Այսինքն, Արվեստի և տեխնոլոգիաների ոլորտի ուսանողները նույն հաջողությամբ կրկին կտրված են լինելու իրենց լաբորատոր տարածքից:
14. Ոչ մի ակադեմիական քաղաք իր մեջ չի ներառում այդքան շատ քանակությամբ բուհեր: Սա նշանակում է, որ եղած ենթակառուցվածքները կորցնելով, բուհերը կստանան դրանց չափազանց փոքր հատվածը: Եվ սա այդ իմաստով լինելու է ոչ թե գիտության և կրթության զարգացման, ընդլայնման, այլ դրանց կտրուկ նվազեցման, եթե ոչ անհետացման նախագիծ: Ինչպե՞ս են 16 բուհից ստանում 8-ը և պնդում, որ հաշվարկել են եղած հզորությունը +30%, որը ենթադրաբար ի հաշիվ անհասկանալի պատճառով Հայաստան տեղափոխվող ուսանողների է լինելու: Հայաստանում կա շուրջ 60000 ուսանող, 25 պետական բուհերից առնվազն 19-ը Երևանում են, այդտեղ նախատեսված է տեղավորել, ըստ բերված թվերի՝ շուրջ 30000-35000: Ակնհայտ է, որ խոսքը գնում է ուսանողների քանակի կրճատման մասին, այլ ոչ թե ավելացման, և այս ոլորտին՝ շինարարությունը եթե հանենք (հաշվի առնելով վաճառվող շենքերը դեռ պարզ չէ կառավարությունը այս հարցում ներդրող է լինելու, թե շահույթ ստացող), ավելի քիչ բյուջետային ֆինանսավորում տրամադրելու, այլ ոչ թե ավելացնելու մասին է:
15. Պարզ չէ, թե այդ մեխանիկական միացման արդյունքում ինչի հաշվին է բարելավվելու կրթության որակը: Եթե գումարներ ունեն, որ բոլոր բուհերի համար դրսից մեծ աշխատավարձով հրավիրված դասախոսներ և արտոնյալ պայմաններով ուսանողներ բերեն, ապա ոչինչ չի խանգարում դա անել այսօր գործող բուհական շենքերում:
16. Եթե թանգարան պահոցն էլ է տեղափոխվում, արդյո՞ք սա նշանակում է, որ թանգարաններն էլ պիտի տեղափոխվեն: Պարզ չէ, թե մայրաքաղաքում այդ դեպքում ընդհանրապես ինչ մշակութային կառույցներ են մնալու: Իսկ եթե հնարավոր է թանգարանների միասնական պահոց կառուցել և կազմակերպել աշխատանքն այնպես, որ թանգարանները մնան քաղաքում իսկ սպասարկող պահոցները քաղաքից դուրս տարածքում լինեն, ապա ինչի չի կարելի նույն տրամաբանությամբ կազմակերպել համալսարանների հավելյալ ինստիտուտ լաբորատորիաների, ջերմոցների և այլ սպասարկող կառույցների աշխատանքը Երևանին կից տարածքներում, պահպանելով արդեն գործող ակադեմիական միջուկը բուն Երևանում, որը այս քաղաքի տնտեսական և մշակութային զարկերակն է ապահովում:
17. Բոլոր ուսանողներին մի տեղ հավաքելով՝ այս քաղաքը նաև ռազմավարական առումով դառնում է խնդրահարույց և անխոհեմ որոշում՝ անվտանգության տեսանկյունից: Ոչ մի ոլորտ չի կարելի բացարձկապես կուտակել մեկ վայրում, հատկապես Հայաստանի նման երկրում` հաշվի առնելով սեյսմիկ պատկերն ու պատերազմների բարձր հավանականությունը:
18. Բովանդակային առումով որևէ տեսլական չկա, բացի ինչ-որ քննարկումների 1-2 անգլիական համալսարանների հետ՝ անթափանցիկ բովանդակությամբ և խորությամբ: Փոխարենը շինարարության համար արդեն պարզ են նույնիսկ ճարտարապետական/շինարարական ընկերությունները, ինչը մեկ անգամ ևս գալիս է փաստելու, որ սա ավելի շատ շինարարության նախագիծ է, այլ ոչ թե կրթության կամ առավել ևս գիտության բարելավման: Այս ոլորտները բարելավելու հետ կապված այս նախագծում ոչ մի պարբերություն չկա, միայն կենացներ և երազանքներ՝ ոչ մեթոդ, ոչ տեսլական, ոչ հայեցակարգ, ոչ ճանապարհային քարտեզ, ոչ էլ գեթ մեկ հիմնավորող հետազոտություն:

Ամենից շատ դիտված