Արցախում արդեն 7 ամիս տեւող շրջափակումը օր օրի ավելի ողբերգական է դառնում։ Վերջին օրերին Արցախից եկող լուրերը հնարավոր չէ առանց հուզմունքի, առանց մեղավորության զգացումի կարդալ։
Անկախ նրանից, թե ով ես, ինչ հնարավորություն ունես, միեւնույն է, չես կարող հանգիստ հաց ուտել, երբ կարդում ես Արցախից Լիանայի նամակը։ Չես կարողանում քո զավակին գրկել, երբ կարդում ես, որ շրջափակման հետեւանքով մայրը մնացել է Երեւանում, հայրն է խնամում 4 երեխաներին։
Չգիտես՝ գլուխդ որ պատին խփես, երբ կարդում ես, թե ինչպես մանկահասակ երեխաները մահացան շոգ եղանակին փակված մեքենայում մնալու հետեւանքով, քանի որ մայրը նրանց թողել էր եւ գնացել սննդի հերթի։ Մորը ցանկանում են դատել, երկու երեխաների կորուստը իրավական տեսանկյունից քիչ պատիժ է ծնողի համար, պետք է նաեւ մեղադրյալի կարգավիճակ շնորհել․․․իսկ եթե երեխաները սովից մահանային, իսկ ինչ աներ մայրը, եթե սնունդ չկար, եթե տրանսպորտ չկար, որ երեխաներին իր հետ տաներ, եթե որեւէ մեկը չկար, որ երեխաներին նայեր․․․ մեղադրելը հեշտ է, իսկ դիմացինի կարգավիճակում ինքդ քեզ պատկերացնելը․․․։
Ամեն օր արցախցին նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ամեն օր Արցախին ապրելու համար բառիս բուն իմաստով կռիվ է տալիս, իսկ մենք ոչինչ չենք անում նրանց օգնելու համար, քանի որ համարում ենք՝ անզոր ենք․․․ թե ինչքան ողբերգություններ եղան այս շրջափակման հետեւանքով՝ դժվար է հաշվել, բայց ողբերգություն է նաեւ այն, որ այս իրավիճակը շարունակվում է, ողբերգություն է, որ մենք բոլորս դարձել ենք այս ամենի լուռ ականատեսը, վկան, մասնակիցը․․․։
Մենք չենք կարող լինել արցախցի, որովհետեւ մեզ համար 1-2 ժամ էներգիայի, ջրի, գազի բացակայությունը ողբերգություն է, իսկ արցախցին այսօր առանց հացի է, առանց սննդի է, առանց վառելիքի, առանց կոմունալ հարմարությունների․․․քանիսս կմնայինք նման տանը եւ հայրենիքում․․․։