copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 22:30 13-07-2023

Մոսկվան դասեր չի քաղում անցյալից. Էրդողանը կրկնու՞մ է Աթաթուրքի քաղաքականությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով վերջին տարիներին բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի Դաշնության և անձամբ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջին շրջանում մի շարք քայլեր է ձեռնարկում, որոնք, եթե շատ մեղմ ձևակերպենք, ապա դուր չեն գալիս Մոսկվային։ Մասնավորապես Էրդողանը օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հանդիպումից հետո հայտարարեց, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, նրան վերադարձրեց Ազով գումարտակի հինգ հրամանատարներին, որոնք մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը պետք է մնային Թուրքիայում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում համաձայնեց աջակցել Շվեդիայի անդամակցության հայտին, ինչը մեկ տարի շարունակ չէր անում, ինչպես նաև հայտարարեց, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է հեռանան տարածաշրջանից։

Այսպիսով եթե վերջին տարիներին Էրդողանը փորձում էր Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև հավասարակշռված քաղաքականություն վարել, ապա վերոհիշյալ զարգացումները ցույց են տալիս, որ վերջին առավելապես թեքվել է դեպի արևմուտք։ Ստեղծված իրավիճակում Թուրքիյայի նախագահի համար այդ հավասարակշռությունը պահպանելը չափազանց դժվար, իսկ շատերի համոզմամբ՝ անհնար է լինելու։

Նկատենք, որ վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերությունները զգալիորեն լարվեցին, սակայն 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո դրանցում կրկին ջերմացման միտում նկատվեց, քանի որ, ինչպես պնդում են բազմաթիվ թյուրքագետներ, իրականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է վերջին պահին Էրդողանին տեղեկացրել իր դեմ իրականացվող հեղաշրջման մասին, և եթե Պուտինի զգուշացումը չլիներ, ապա Էրդողանին մեծ հավանականությամբ չէր հաջողվի կանխել հեղաշրջումը։ Կարծում ենք այս տեսակետը համապատսխանում է իրականությանը, քանի որ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո զգալիորեն մեղմացրեց իր հակառուսական հռետորաբանությունը և սկսեց ջերմացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Միևնույն ժամանակ նշենք, որ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումից զգալի օգուտներ է քաղել, որոնք որևէ այլ պարագայում նրան չէր հաջողվի անել։ Մասնավորապես 2010 թվականին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով Թուրքիայի առաջին՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման իրավունքը շնորհվել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությանը, որի առաջին էներգաբլոկի բացման արարողությունը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին։ Ռուս-թուրքական փոխգործակցության արդյունքում Ռուսաստանը Թուրքիային վաճառեց S-400 զենիթահրթիռային համակարգերը, որն ըստ էության աննախադեպ երևույթ էր, քանի Ռուսաստանը նման գերհզոր սպառազինություն էր տրամադրում ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիային։ Բացի այդ Թուրքիայի ստացած օգուտների շարքում կարող ենք նշել այդ երկրի տարածքում գազային բաշխման հանգույց հիմնելու առաջարկը, ինչպես նաև տարեկան ՌԴ-ից Թուրքիա այցելող միլիոնավոր զբոսաշրջիկների փաստը, որոնք այդ երկրի համար զգալի եկամուտներ են ապահովում։

Սակայն Էրդողանի վերջին քայլերը և հայտարարությունները փաստում են, որ վերջինս մտադիր է Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածությունը թեքել դեպի արևմուտք։ Մասնավորապես ամերիկյան The Wall Street Journal պարբերականը նշել է, որ Էրդողանը իր արտաքին քաղաքականությունը շրջում է դեպի Արևմուտք, ինչը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայում ուժերի հավասարակշռության և Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա։ Պարբերականը Էրդողանի այս քաղաքականությունը պայմանավորում է երեք հանգամանքով. մասնավորապես Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության կողմից հունիսի 24-ին իրականացված ապստամբությունից հետո Էրդողանը Պուտինի թուլացած տեսավ, Թուրքիայի նախագահին որևէ կերպ չի հաջողվում հաղթահարել երկրում մոլեգնող տնտեսական ճգնաժամը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում նրա համար, ինչպես նաև նա հետևություներ է կատարում վերջին ընտրությունների արդյունքներից, որոնցում թեև իրեն հաջողվեց հաղթել, սակայն դա տեղի ունեցավ ձայների չնչին տարբերությամբ։

Այլ կերպ ասած Թուրքիայի նախագահը Ռուսաստանից կորզել է հնարավոր ամեն բան և այժմ սկսել է իր հայացքն ուղղել դեպի արևմուտք, որպեսզի այնտեղից նույնպես իր երկրի համար կորզի հնարավոր առավելագույնը։ Ուշագրավ է, որ բազմաթիվ փորձագետներ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման շրջանում համոզմունք էին հայտնում, որ դա երկար չի տևելու և առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան կրկին թեքվելու է դեպի արևմուտքի։

Հատկանշական է, որ ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական կողմը նման քաղաքականություն է վարում։

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը մեկուսացավ աշխարհից, ոչ մի պետություն չէր ճանաչում նրան, Անտանտի իր նախկին դաշնակիցները դարձել էին թշնամիներ, որոնք օժանդակում էին հակաբոլշևիկյան սպիտակգվարդիականներին, իսկ Օսմանյան կայսրությունը պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի էր ենթարկվել և կորցրել իր տարածքների զգալի մասը։ Սակայն Թուրքիայում 1919 թվականից Մուսթաֆա Քեմալը իր շարժումն էր ստեղծել, որը խնդիր էր դրել վերականգնել կայսրության գոնե ինչ-որ մասը:

Այս նպատակի համար Աթաթուրքին դաշնակիցներ էին անհրաժեշտ, որոնցից լավագույնը կարող էր լինել Բոլշևիկյան Ռուսաստանը, քանի որ վերջինս կարող էր օգնել ընդդեմ անգլոֆրանսիական դաշնակից երկրների և Հունաստանի, որոնք երկրի ամբողջ արևմտյան մասը վերցրել էին իրենց վերահսկողության տակ: Այդ ժամանակ Քեմալը նամակով դիմում է Լենինին, որում հայտնում է, որ Թուրքիան պարտավորվում է Սովետական Ռուսաստանի հետ համատեղ պայքարել իմպերիալիստական երկրների դեմ՝ ազատագրելու համար բոլոր ճնշվածներին, պարտավորվում է ազդել Ադրբեջանի հանրապետության վրա, որ այն մտնի սովետական պետությունների մեջ, պատրաստակամություն է հայտնում մասնակցել Կովկասում իմպերիալիզմի դեմ պայքարին և հույս ունի Սովետական Ռուսաստանի աջակցությանը Թուրքիայի վրա հարձակված իմպերիալիստական թշնամիների դեմ։

Լենինը չափազանց ոգևորվում է Աթաթուրքի նամակից և նրան ուղարկում է 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ, 17600 ական, 200 կգ ոսկի: Այս աջակցության շնորհիվ Աթաթուրքին հաջողվեց պատերազմներ մղել Հայաստանի և Հունաստանի դեմ, հաջողություններ արձանագրել դրանցում և հիմնադրել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը։ Սակայն Ռուսաստանի հետ համագործակցության կայացումից և հնարավոր առավելագույնը կորզելուց հետո Աթաթուրքը Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորն ուղղեց դեպի Արևմուտք։ 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Աթաթուրքը երկրի տարածքում արգելեց Կոմունիստական կուսակցության գործունեությունը, իսկ արդեն 1930-ին խզեց կապերը Խորհրդային Միության հետ: Ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիան Գերմանիայի լուռ դաշնակիցն էր և բարենպաստ իրավիճակում պատրաստվում էր հարձակում գործել ԽՍՀՄ-ի վրա, սակայն իրադարձությունների զարգացումը թույլ չտվեց դա անել։

Այսպիսով չնայած ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության որոշակի միտումներին, երկու երկրները շարունակում են պահպանել հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցության միտումները, սակայն հարաբերություններում հետագա լարումը չենք կարող բացառել։ Միևնույն ժամանակ կարող ենք փաստել, որ Մոսկվան դասեր չի քաղում իր անցյալի սխալներից և 100 տարի անց Թուրքիայի հետ հարաբերություններում կրկնում է նույն սխալները, որոնք ժամանակին արել են բոլշևիկյան իշխանությունները։

Ինչ վերաբերում է Էրդղանին, ապա վերջինս դեռևս ամբողջովին չի կրկնել Աթաթուրքի՝ ՌԴ-ից հնարավոր առավելագույնը կորզելուց հետո դեպի արևմուտք շրջվելու քաղաքականությունը, սակայն ներկայիս զարգցումների պարագայում չենք կարող բացառել, որ դա նույնպես տեղի կունենա։ Նկատենք նաև, որ Թուրքիան ներկայումս նույնպես Ռուսաստանի հետ համագործակցությունից զգալի օգուտներ ունի և որքան էլ իր հայացքն ուղղի դեպի արևմուտք, ամեն կերպ կփորձի չվնասել նաև ՌԴ-ի հետ հարաբերությությունները՝ այլ հարց է, թե դա որքանով կհաջողվի ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։