Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:10 10-07-2023

«Հայաքվե»-ն հաջողելու է, իշխանության շարքերում գտնվող մարդիկ թող եզրակացություն անեն․ Մենուա Սողոմոնյան

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

Երևանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում հունիսի 29-ին մեկնարկած ստորագրահավաքը լայն թափ է առել։

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքն այսօր մեկնարկել է նաև Բերդ և Ալավերդի համայնքներում, որտեղ ևս բնակիչների հետաքրքրությունը մեծ է․

«Չնայած այն հանգամանքին, որ այս համայնքներում նախապես գովազդային արշավ չի եղել, սկզբի օրերի համար հետաքրքրությունը բավականին մեծ է, մարդիկ գալիս են, մարդիկ համաձայն են, որ պետք է քրեորեն պատժելի դառնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող գործողությունը։ Այնպես որ մարդկանց կողմից կա հետաքրքրություն և համաձայնություն»։

Սողոմոնյանը նկատեց, որ մարդկանց ակտիվությունը պասիվ է լինում միայն պայմանավորված տարածքով․
«Այն համայնքները, որտեղ ընդառաջում և ավելի հարմարավետ տարածքներ են տրամադրում, շատ ավելի նպաստավոր են լինում, մարդկանց մուտքը ավելի շատ է լինում։ Օրինակ՝ Վանաձորում 3-րդ հարկում է տեղակայված սենյակը, ինչը ոմանց համար դժվար է, բացի այդ մարդիկ տուրնիկետի միջով են անցնում, ինչը նաև հոգեբանական բարդույթներ է առաջացնում․․․

Դիլիջան և Սպիտակ քաղաքներում խոչընդոտել են ստորագրահավաքը՝ դեռ տարածքներ չեն տրամադրել, ինչը մարդկանց իրավունքի լուրջ խախտում է։ Ստիպված սպիտակցիները գյուղերից պետք է երկար ճանապարհ անցնեն, հասնեն Վանաձոր, որ կարողանան ստորագրել»։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե «Հայաքվե»-ն պատերազմ է հրահրում, Մենուա Սողոմոնյանն այսպես արձագանքեց․

«Քանի որ իշխանությունը որևէ հոդաբաշխ հիմնավորում չունի, թե ինչու է մեր առաջարկած նախագիծը վատը, սխալ և այլն, իրենք դիմում են բնակչությանն ահաբեկելու էժանագին մեթոդների։ Երկու հիմնական թեզ են օգտագործում․ մեկը, որ այս նախաձեռնությունը պատերազմ է բերելու, երկրորդ, որ սա նախկինների պրոյեկտն է։

Ես ասեմ, որ ընդհակառակը, «Հայաքվե»-ն կանխելու է պատերազմը, որովհետև «Հայաքվե»-ի միջոցով համախումբ ձևով դրսևորվում է ազգի հավաքական կամքը՝ տեր կանգնելու Արցախի ճակատագրին, տեր կանգնելու մեր Անկախության հռչակագրով սահմանված անժամկետ նպատակին՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման վերաբերյալ։ Երբ մեր թշնամին այդ հարցում տեսնում է համախմբվածություն, նախ ավելի քիչ դրդապատճառ է ունենում դիմելու ագրեսիվ գործողությունների, իսկ, երբ տեսնում է պառակտվածություն, ապա ավելի շատ դրդապատճառ է ունենում դիմելու նման գործողությունների։ Այնպես որ սա իշխանությունների կողմից հերթական անգամ պատերազմի հանգամանքն այլ կողմի վրա բարդելուն ուղղված դրսևորումն է, ինչպես որ Ռուսաստանի և միջազգային հանրության վրա են սլաքներն ուղղում, իսկ իրենք ոչ մի գործողություն չեն կատարում։

Ավելին, եթե իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, դրանով զենք են տալիս Ադրբեջանին, որպեսզի Պաշտպանության բանակի նկատմամբ դիմի գործողությունների։ Եթե իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, նշանակում է, որ Արցախի հետ կապված ցանկացած բան ընդունում են որպես Ադրբեջանի ներքին գործ, իսկ Ադրբեջանն իր ներքին գործերը լուծում է կոշտ ձևով, հետևապես իշխանության ցանկացած հայտարարությունից հետո է Ադրբեջանն ավելի կոշտացրել իր դիրքորոշումը։

Հայաքվեն մեր ժողովրդի հավաքական կամքը արտահայտելու լավագույն միջոցն է, որ մարդիկ իրենց ստորագրությամբ քրեականացնում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ճանաչումից ու միջազգային դատապարտումից հրաժարվելը։

Մենք պետք է հասկանանք, որ այս 2 անժամկետ նպատակները մեր գոյութենական հարցերի հետ են կապված ու առժամանակյա վախերը, որոնք մեր շատ քաղաքացիների մոտ առկա են իրենց պաշտոնները կորցնելու հետ կապված, պետք է ստորադասվեն։ Չեն կարող հարյուր հազարավոր մարդկանց գործից հանել, պետք է մեր վախերը և ռիսկերը մի կողմ դնենք և մեր հայրենիքի համար պայքարենք»։

Oragir.News-ը պարբերաբար ինչպես քաղաքացիներից, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներից հետաքրքրվում է, թե արդյոք լսե՞լ են «Հայաքվե» նախաձեռնության մասին։ Եթե ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը պատասխանել էր, որ տեղյակ է, ապա ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր՝ տեղյակ չեմ։ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ դա խոսում է իշխանության վախերի մասին։
«Իշխանությունը միանշանակ վախենում է։ Սկզբում իրենք անտեսում էին, բայց, երբ «Հայաքվե»-ն սկսեց թափ առնել, Ֆեյսբուք սոցիալական տիրույթում մարդիկ սկսեցին նկարվել և լայնորեն տարածել ու այս գործընթացը դարձավ համաժողովրդական, այդ ժամանակ իշխանությունները սկսեցին լրջորեն վախենալ, որովհետև իրենք հասկացան, որ այն, ինչի համար իրենք եկել են իշխանության, իսկ իրենք եկել են Արցախը հանձնելու օրակարգով, իսկ «Հայաքվե»-ն ուղղված է ուղղված է հենց այդ օրակարգի դեմ։ Հետևապես, քանի որ իրենց իշխանության մնալու գրավականն Արցախի հանձնումն է, իրենք վախեր ունեն, քանի որ իրենք «Հայաքվե»-ի հաջողությունը կապում են իրենց իշխանազրկման հետ։ Եթե իրենք մի քիչ բարոյականություն ու հայրենասիրություն ունենան, կհասկանան, որ «Հայաքվե»-ն նպաստում է Հայաստանի բանակցային դիրքերի ամրապնդմանը։

Մենք գնալու ենք առաջ, «Հայաքվե»-ն հաջողելու է, թող իշխանության շարքերում գտնվող մարդիկ դրանից եզրակացություն անեն, թող առանձին պատգամավորներ, որոնք ներքուստ դեմ են Արցախն Ադրբեջանին հանձնելուն, բայց վախեր ունեն, չեն բարձրաձայնում, թող այս ամենի վերաբերյալ լուրջ մտորեն․․․»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի