Երևան +10°
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 15:00 08-07-2023

«Նոր Թուրքիայի» խորհրդանիշը. ինչու է Էրդողանը ձգտում ամեն գնով կառուցել Ստամբուլի ջրանցքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վերջինիս գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման երկու տասնամյակներում խոշոր ներդրումներ են կատարվել երկրում նոր ենթակառուցվածքների ստեղծման և առկա ենթակառուցվածքների զարացման ուղղությամբ։ Էրդողանը պարբերաբար հայտարարում է երկրում տարբեր մեգանախագծեր իրականացնելու մտադրության մասին, որոնցից, ինչպես թուրքական մամուլն է գրում, «ամենախելահեղը» Ստամբուլի նոր ջրանցքի կառուցումն է, որի նախնական արժեքը գնահատվում է 15-20 միլիարդ դոլար։

Իրականում առաջինը Էրդողանը չի եղել, ով մտադրություն է ունեցել Ստամբուլում նոր ջրանցք կառուցել, սակայն տարբեր պատճառներով այդ նախագիծը դեռևս չի հաջողվել իրականացնել։ Դեռևս 16-րդ դարում օսմանյան ամենաազդեցիկ սուլթաններից մեկը՝ Սուլեյման 1-ին Փառահեղը ցանկանում էր նման ջրանցք կառուցել և դրա նախագծումը հանձնարարել էր հայազգի ճարտարապետ Միմար Սինանին։ Սակայն այն ժամանակ նախագիծը չիրագործվեց պատերազմների պատճառով, որոնք դատարկել էին կայսրության գանձարանը։ Հետագայում տարբեր սուլթաններ նույնպես ցանկացել այս նախագիծն իրականացնել, սակայն նրանց նույնպես դա չի հաջողվել։

Ժամանակակից Թուրքիայի քաղաքական գործիչներից այդ երկրի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթը նույնպես ներկայցրել էր Ստամբուլում ջրանցք կառուցելու նախագիծ, և Էրդողանը հենց նրանցից է վերցնել իր այս գերխոշոր նախագիծը։ Էջևիթը Ստամբուլի համար սպառնալիք էր որակել Սև ծովի նեղուցների ծանրաբեռնվածությունը և որպես ելք նշում էր Սև և Մարմարա ծովերը կապող ջրանցքի կառուցումը։ Սակայն այդ շրջանում նույնպես Թուրքիան գտնվում էր ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ճգնաժամի մեջ, երկրում պարբերաբար կառավարություններ էին փոխվում, ինչի հետևանքով Էջևիթին չհաջողվեց իր նախագիծն իրագործել։

Այսպիսով, նոր ջրանցքը պետք է միավորի Սև և Մարմարա ծովերը, ինչպես նաև շրջանցի Բոսֆորի նեղուցը՝ զգալիորեն թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը։ Ստամբուլի ջրանցքի կառուցման մտադրության մասին Թուրքիայի այն ժամանակվա Էրդողանն առաջին անգամ հայտարարեց 2011 թվականի ապիլին՝ նույն թվականի հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա նշում էր, որ ջրանցքի երկարությունը պետք է կազմի 45-50 կմ, լայնությունը՝ 145-150 մ, խորությունը՝ 25 մ։ Բացի այդ Թուրքիայի վարչապետը պնդում էր, որ նոր ջրանցքի կառուցումը կնվազեցնի նեղուցների ծանրաբեռնվածությունը, իսկ Ստամբուլը կփրկվի խոշոր աղետից։

Ստամբուլի ջրանցքի կառուցումը 2011 թվականի ընտրությունների ավարտից հետո չիրականացվեց։ Այս գաղափարն ակտիվորեն շահարկվեց հաջորդ բոլոր համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան 2014, 2015, 2018, 2019 և 2023 թվականներին։ Միանշանակ կարող ենք պնդել, որ նախագծի չիրականացումը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Էրդողանը չի ցանկանում այն իրագործել, և դրա մասին հիշում է միայն ընտրություններից առաջ՝ առավել թվով ձայներ ստանալու համար։ Նախագծի գաղափարը Թուրքիայում բավականին մեծ դժգոհություններ է առաջացրել՝ մասնավորապես բնապահպանների շրջանում, որոնք պնդում են, որ ջրանցքի կառուցումը կործանարար հետևանքներ կունենա ծովային ֆլորայի ու ֆաունայի վրա, ինչը կազդի ոչ միայն Ստամբուլի, այլ նաև ողջ Թուրքիայի և Սև ծովի ափին գտնվող մյուս երկրների վրա։

Ինչպես արդեն նշեցինք, Ստամբուլի ջրանցքի թեման ակտիվորեն շահարկվել է Թուրքիայում վերջին տարիներին կայացած բոլոր ընտրությունների ժամանակ, և իշխանության և ընդդիմության միջև լուրջ բանվեճերի պատճառ է դարձել։ Ջրանցքի կառուցմանը կողմ արտահայտնվողները վստահ են, որ այն կնվազեցնի Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նեղուցում նավերի և հատկապես լցանավերի մասնակցությամբ վթարները, Բոսֆորում կմնան միայն զբոսանավերը, ինչը զգալիորեն կնվազեցնի նրա աղտոտվածության մակարդակը և դրականորեն կազդի ձկնատեսակների պահպանման վրա, կստեղծվեն նոր աշխատատեղեր ու վճարովի ենթակառուցվածքներ, ջրանցքի շուրջ ստեղծվելիք հանգստի գոտին և արհեստական կղզիները կառաջացնեն ներդրումների ու զբոսաշրջիկների հոսք։ Բացի այդ, վերջիններս կարծում են, որ ջրանցքը կարող է ընդգրկվել Չինաստանի «Մեկ ուղի, մեկ գոտի» նախաձեռնությունում, Թուրքիան ջրանցքով նավերի անցումից կվաստակի խոշոր գումարներ, ինչպես նաև վերջապես հնարավորություն կստեղծվի բարձրացնելու Մոնտրեի կոնվենցիայի վերանայման հարցը, ինչը Էրդողանի գլխավոր ցանկություններից մեկն է։

Ջրանցքի կառուցմանը դեմ գիտական և քաղաքական շրջանակները պնդում են, որ այն կխախտի տաք և աղի ջրերով Մարմարա ծովի և ավելի պակաս աղի ու ավելի սառը ջրերով Սև ծովի միջև բնական հաշվեկշիռը, Սև ծովը կսկսի կորցնել իր ջրերը, իր բացառիկ ֆլորան ու ֆաունան, քանի որ աղի հարաբերակցությունն էապես կաճի, դա կազդի Սև ծովը սնող գետերի՝ Դանուբի, Դնեպրի ու Դնեստրի վրա, կփոխվեն Մարմարա ծովի ջրերի ջերմաստիճանն ու աղիությունը, կնվազի թթվածնի մակարդակը, ջրի նոր հոսքերը կառաջացնեն ջրի մասշտաբային նեխում, ինչն էլ կործանարար հետևանքներ կունենա ծովային ֆլորայի ու ֆաունայի, ինչպես նաև Ստամբուլի վրա, անհետացման վտանգի տակ կհայտնվեն մի շարք ձկնատեսակներ։ Վերջիններս կարծում են, որ ջրանցքը կարող է հանգեցնել Ստամբուլի արևմուտքում ընկած անտառների ոչնչացմանը, ինչը կարող է կլիմայական փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ ջրանցքը կառուցվելու է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը հավելյալ ռիսկեր է ստեղծում։ Բացի այդ ջրանցքի կառուցումը կնպաստի Ստամբուլի գերբնակեցմանը՝ դրանից բխող բոլոր խնդիրներով։ Բնապահպանները նաև կարծում են, որ ջրանցքը կարող է հանգեցնել արևմտյան Ստամբուլում քաղցրահամ ջրերի աղբյուրների ոչնչացմանը, քանի որ ջրանցքն աղի ջրով կլցնի ստորգետնյա աղբյուրները, ջրանցքի երթուղին անցնելու է Սազլըդերեի ջրամբարով, որը ջրով ապահովում է 13 թաղամաս։ Մասնագետների կարծիքով՝ այդ բոլոր փոփոխությունների վտանգն այն է, որ դրանք լինելու են անդառնալի։

Բացի աշխարհաքաղաքական նպատակներից Էրդողանի համար Ստամբուլի ջրանցքի կառուցումն ունի նաև խորհրդանշական իմաստ։ Թուրքիայի ներկայիս նախագահը հեռակա մրցակցության մեջ է ինչպես հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, այնպես էլ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ազդեցիկ սուլթանների հետ։ Երկու դեպքում էլ Էրդողանի խնդիրն իրականում ավելի է բարդանում, քանի որ վերջինս հնարավորություն չունի սուլթանների և Աթաթուրքի նկատմամբ հետապնդումներ իրականացնել, ինչպես նաև վարկաբեկել նրանց, և միակ տարբերակը, որով նա կարող է գերազանցել վերջիններիս պետության համար ավելի մեծ և աշխարհաքաղաքան նշանակություն ունեցող նախագծերի իրականացումն է։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված Էրդողանը համառորեն չի հրաժարվում այս ջրանցքի կառուցման նախագծից, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին և քննադատություններից։

Միևնույն ժամանակ Էրդողանի համար չափազանց կարևոր էր, որ ջրանցքի կառուցումն ավարտվի 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տարում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էրդողանը իր Նոր Թուրքիայի տեսլականով փորձում է հակադրվել Աթաթուրքի Հին Թուրքիային՝ փորձելով հետագա սերունդների մոտ իր համար ավելի մեծ հեղինակություն ապահովել, քան դա ունեցել է Հանրապետության հիմնադիր նախագահը։ Սակայն ներկայիս հաշվարկներով ջրանցքի կառուցումը կավարտվի 2027-2028 թվականներին՝ հավանաբար հաջորդ համապետական ընտրություններին ընդառաջ, իսկ ջրանցքի բացման օրը կհամապատասխանեցվի երկրի համար կարևոր նշանակություն ունեցող որևէ պատմական օրվա հետ։


Այսպիսով Ստամբուլի ջրանցքը կոչված է կոչված է դառնալու Նոր Թուրքիայի խորհրդանիշը, որն Էրդողանը ամեն գնով փորձում է իրականություն դարձնել իր կենդանության օրոք։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը, որն իդեպ ստեղծվել է պետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կողմից, դեմ է արտահայտվում այս նախագծի իրականացմանը։ Կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով վերջին նախագահական ընտրություններում գործող նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցն էր, խոստանում էր, որ հաղթանակի դեպքում կկասեցնի ջրանցքի կառուցումը, սակայն, ինչպես հայտնի է վերջինս պարտվեց, և Էրդողանը ևս 5 տարով երկիրը ղեկավարելու և իր ծրագրերն իրականացնելու հնարավորություն ստացավ։

Միևնույն ժամանակ նկատենք, որ նախագծի իրականացման ձգձգումը պայմանավորված է նաև ֆինանսական խնդիրներով, քանի որ Թուրքիան վերջին տարիներին պարբերաբար գտնվում է տնտեսական ճգնաժամերի մեջ, և այս երկրի իշխանությունների համար չափազանց դժվար է պետբյուջեից նման խոշոր գումար հատկացնել ջրանցքի կառուցման համար։ Հենց այս նպատակով Էրդողանը փորձում էր գտնել համապատասխան ներդրողներ արաբական երկրներից, ինչպես նաև փոփոխություններ էր կատարում ջրանցքի երթուղու ու պարամետրերի հարցում՝ կապված ջրանցքի կառուցման հանդեպ առկա լուրջ հակազդեցության հետ։