Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 22:00 07-07-2023

Ադրբեջանն Արցախի հետ պատրաստ է բանակցել բացառապես «ինտեգրման օրակարգով»

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ ամերիկյան կողմն Արցախի իշխանություններին առաջարկել է երրորդ երկրի տարածքում բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ այսպես կոչված ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելու հարցերով։ Նույն աղբյուրները պնդում էին, որ Վաշինգտոնը Արցախի պատկան մարմիններին սպառնացել է, որ եթե իր առաջարկը չընդունեն, ապա Ադրբեջանը Արցախի տարածքում «հերթական հակաահաբեկչական գործողությունը կիրականացնի»։

Նույն օրը իր մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ առաջին անգամ է տեսնում, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա կարգավորման գործընթացի մասնակցին՝ իր միջնորդական դերի իրագործման համար: Զախարովան միևնույն ժամանակ կոչ էր արել Վաշինգտոնին՝ պաշտոնապես մեկաբանել այս տեղեկատվությունը։ Իր հաջորդ ասուլիսի ժամանան Զախարովան ափսոսանք էր հայտնել և նշել, որ մամուլում հրապարակված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։

Միևնույն ժամանակ ռուսական աղբյուրը հայտնել էր, որ Արցախում «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգն իրականացնում է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի «շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։

Արցախի իշխանությունները շաբաթներ շարունակ չէին մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն հուլիսի 3-ին տևական լռությունից հետո Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հաստատել էր, որ ամերիկյան դիվանագետների կողմից իսկապես նման առաջարկ եղել է, և Ստեփանակերտը մերժել է այն։

Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև նման երկխոսության փորձեր տեղի էին ունեցել նաև այս տարվա փետրվար-մարտ ամիսներին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Կողմերի բանակցություններն ընթացել էին Արցախում տեղակայված ռուս-խաղաղապահների հրամանատարական կետում։ Այս բանակցություններն Արցախի իշխանություններն արդյունավետ չէին որակել, իսկ ավելի ուշ Ադրբեջանն առաջարկել էր բանակցություններ վարել Բաքվում՝ ադրբեջանական հասարակությանն Արցախի այսպես կոչված Արցախի «ինտեգրման հարցով»։ Այս առաջարկից հետո Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ դեմ չեն բանակցելու առաջարկին, սակայն այդ բանակցությունները պետք է ընթանան միջազգային միջնորդների մասնակցությամբ, դրանք չպետք է տեղի ունենան Բաքվում, իսկ գլխավոր հարցերը պետք է վերաբերեն հումանիտար և կոմունիկացիոն խնդիրներին, այլ ոչ թե Արցախի «ինտեգրմանը»։

Այսպիսով կարող ենք փաստել, որ ամերիկյան առաջարկը բավարարում էր Արցախի իշխանությունների երեք պահանջներից երկուսը, սակայն անտեսում էր ամենագլխավոր խնդիրը և ըստ էության՝ համապատասխանում էր ադրբեջանական կողմի այն պահանջին, համաձայն որի՝ բանակցությունները պետք է ընթանան Արցախի «ինտեգրման օրակարգով»։ Կարծում ենք՝ Արցախի իշխանությունների կողմից այս բանակցություններից հրաժարումը պայմանավորված էր հենց այս հանգմանքով, քանի որ եթե Ստեփանկերտը համաձայնվեր «ինտեգրման օրակարգով» Բաքվի հետ բանակցություններ սկսել, ապա դրանով կճանչեր, որ Արցախի տարածքը հանդիսանում է Ադրբեջանի մաս, և որևէ պարագայում՝ անգամ տարիներ կամ տասնամյակներ անց, հայանպաստ կարգավորման անգամ տեսական հնարավորություն չէր լինի։

Միևնույն ժամանակ, կարծում ենք՝ Արցախի իշխանություններն իրենց որոշումը կայացնելիս հաշվի են առել նաև այս հարցում Մոսկվայի դիրքորոշումը, որը բավականին կոշտ էր արտահայտվել Վաշինգտոնի միջնորդական ջանքերի մասին։ Չի բացառվում, որ Մոսկվայից Արցախի իշխանությունների նկատմամբ որոշակի ճնշումներ նույնպես գործադրվել են, սակայն Արցախում շատ լավ հասկանում են, որ ադրբեջանական տոտալ շրջափակման պայմաններում իրենց կողքին ռազմական ներկայություն ունի հենց ռուսական կողմը և ադրբեջանական հնարավոր սադրանքը հենց ռուսական կողմն է իզորու կանխել։

Բացի այդ՝ մինչև այժմ կողմերի միջև կար չհայտարարված կոնսենսուս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով բանակցությունները պետք է ընթանան վաշինգտոնյան և բրուսելյան, իսկ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, սահմանազատման, ինչպես Արցախի հետագա կարգավիճակի մասին քննարկումները՝ մոսկովյան հարթակներում։ Փաստացի Վաշինգտոնն իր այս քայլով առաջին անգամ փորձեց ներգրավվել Արցախի վերաբերյալ քննարկումներում, որն առաջացրեց Մոսկվայի կոշտ արձագանքը։

Ըստ էության՝ Միացյալ Նահանգների շահերից է բխում, որ Արցախի հարցը լուծվի որքան հնարավոր է շուտ և ցանկացած՝ թեկուզ ամբողջ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գնով, քանի որ միայն այդ դեպքում ռուս խաղաղապահները կլքեն տարածաշրջանը և Մոսկվան կզրկվի այս տարածաշրջանում իր ռազմաքաղաքական ներկայությունը շարունակելու հնարավորությունից։ Այս մասին օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գրեթե բացահայտ հայտարարեց, որ ԱՄՆ-ում չեն կարծում, որ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության խաղաղ կյանքը բացառված է, և դրան կարող է որևէ բան խանգարել, եթե կողմերն այս ուղղությամբ լուրջ աշխատանք կատարեն։ Սա բխում է նաև Ադրբեջանի շահերից, որը Արցախի հետ երկխոսությունը պատկերացնում է բացառապես «ինտեգրման օրակարգով», և վերջինս ամեն կերպ օգտվում է ստեղծված իր համար բարենպստ աշխարհաքաղաքական իրավիճակից՝ Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու և Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու համար։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում