Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:30 29-06-2023

Ինչո՞ւ է Փաշինյանը միայն Թուրքիային շնորհավորում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհավորել վերջինիս Կուրբան բայրամի (Զոհաբերության տոն-խմբ) կապակցությամբ։ Պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Էրդողանն իր հերթին շնորհավորել էր Փաշինյանին առաջիկա Վարդավառի կապակցությամբ, մինչդեռ թուրքական կողմի պաշտոնական հայտարարությունում այդ մասին ոչինչ չէր նշվում։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, ցանկացած առիթով առաջիններից են լինում, որ շնորհավորում կամ ցավակցում են թուրքական կողմին։ Մասնավորապես փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանն անմիջապես ցավակցեց և հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա, ընտրություններում Էրդողանի վերընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես շնորհավորեց նրան, երբ այդ ժամանակ նրան շնորհավորել էին միայն Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները, ավելին, հունիսի 3-ին հայկական կողմն ամենաբարձր մակարդակով Անկարայում մասնակցեց Էրդողանի երդմակալության արարողությանը։

Այս համատեքստում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև փորձագիտական և վերլուծական շրջանակների մոտ մտահոգություն է առաջանում առ այն, թե ինչու են Հայաստանի իշխանություները նման շտապողականության դրսևորում և ցանկացած առիթի դեպքում առաջինը շնորհավորում կամ ցավակցում Թուրքիայի պաշտոնյաներին և անձամբ նախագահ Էրդողանին։ Հաշվի առնելով պաշտոնական Երևանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ շատերը լրջորեն սկսել են անհանգստանալ, որ Հայաստանի վարչապետը կարծես թե առիթ է փնտրում, որպեսզի շփվի Թուրքիայի նախագահի հետ և շնորհավորի վերջինիս։

Նկատենք, որ եթե երկրաշարժերի ժամանակ Թուրքիային ուղղված ցավակցությունները, ինչպես նաև հումանիտար օգնության տրամադրումը տեղավորվում է մարդասիրական մոտեցումների տրամաբանության մեջ, և անգամ շատուշատ երկրներ, որոնք միմյանց հանդեպ Հայաստանից և Թուրքիայից ավելի մեծ թշնամանք ունեն, նման իրավիճակներում ցավակցում են միմյանց և օգնություն տրամադրում, իսկ ընտրություններում տարած հաղթանակից հետո Էրդողանին ուղղված շնորհավորանքը և վերջինիս երդմնակալության մասնակցելու որոշումը մեկնաբանվում է որպես հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական քայլ, և նախկինում նույնպես նման քայլեր ձեռնարկվել են, իհարկե ոչ ամենաբարձր մակարդակով և նման արագությամբ, ապա կարող ենք փաստել, որ նախկինում Հայաստանի ոչ մի ղեկավար Կուրբան բայրամի կապակցությամբ Թուրքիային չի շնորավորել, և այս հարցում չկա որևէ նախադեպ, որին Նիկոլ Փաշինյանը կարող է հղում կատարել։ Այլ կերպ ասած՝ նախկինները Կուրբան բայրամի կապակցությամբ Էրդողանին չեն շնորհավորել, և այս պրակտիկան հիմնադրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով նախորդ տարի կրկին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ և շնորհավորել վերջինիս։

Հատկանշական է նաև, որ Փաշինյանը շտապել է շնորհավորել Էրդողանին այն դեպքում, երբ նույն օրը Ադրբեջանն Արցախի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայկական կողմ ունեցել է չորս զոհ։

Բացի այդ՝ Հայաստանի վարչապետը Կուրբան բայրամի կապակցությամբ շնորհավորել է միայն Թուրքիայի նախագահին, այն դեպքում, երբ նույն տոնը նշվում է բոլոր մուսուլմանական երկրներում՝ այդ թվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը մեր երկրի հետ ունի բարեկամական հարաբերություններում։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույց է ունեցել հունիսի 26-ին, որի վերաբերյալ պաշտոնական Երևանը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ և ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը։ Հայտարարության մեջ բացակայում է որևէ տեղեկություն, որը կփաստեր, որ Փաշինյանը շնորհավորել է նաև Էբրահիմ Ռայիսիին։

Կարծում ենք, որ Հայաստանի իշխանություններն այնքան են ցանկանում կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, որ ցանկացած առիթի առկայության դեպքում փորձում են այն օգտագործել՝ հույս ունենալով, որ դա կգնահատվի Թուրքիայի կողմից, և այդ երկիրը որոշակի զիջումներ կկատարի և օրինակ՝ կբացի հայ-թուրքական սահմանը։ Սակայն վերջիններս չեն գիտակցում մի պարզ իրողություն, որ նման քայլերը Անկարայում դիտարկվում են բացառապես որպես քծնանք, և որևէ կերպ չեն նպաստում հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Համենայն դեպս, դատելով վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից՝ կարող ենք նման եզրահանգում կատարել։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ եթե Փաշինյանն այնուամենայնիվ տոնի կապակցությամբ պետք է շնորհավորեր Էրդողանին, ապա հայկական կողմը նախևառաջ պետք է շնորհավորեր իսլամական աշխարհին՝ մասնավորապես բարեկամ Իրանին, ընդգծեր, որ մուսուլմանների համար անթույլատրելի է նման նվիրական օրը ներկել խաղաղ մարդկանց արյունով՝ նկատի ունենալով Ադրբեջանի վերջին սադրանքը։ Այս քայլերը կատարելուց հետո որոշ չափով ընկալելի կլիներ նաև Թուրքիայի նախագահին ուղղված շնորհավորանքը, որն այսքան դժգոհություններ և մտահոգություն չէր առաջացնի։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան