Հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից բարձրացվեց ռազմական ապստամբության։ Պրիգոժինը առավոտյան հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ, և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։ Նույն օրը ուշ երեկոյան Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ինչի արդյունքում դադարեցվեց «Վագներ»-ի մարտիկների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։
«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը
Oragir.News-ի հետ զրույցում նկատեց. «Վերջի իրադարձությունների, այդ միջուկային շանտաժից հետո, երբ ԱՄՆ-ն հստակ մեսիջ հղեց, և Լինդսի Գրեմը ասաց՝ մենք ռուսական էլիտային դիմում ենք՝ ասելով, որ եթե հանկարծ Զապառոժայի ատոմակայանում որևէ բան կատարվի, ՆԱՏՕ-ն դա կգնահատի որպես հարձակում իր վրա, ռադիացիան կանցնի ՆԱՏՕ-ի տարածք, և մենք կոչնչացնենք ձեզ բոլորիդ։ Գասպարյանը նկատում է, որ ռուսական էլիտայի այս թևը հասկացել է, որ այլևս իրենք իրավունք չունենք հապաղելու և պետք է անցնեն կոնկրետ քայլերի։ Կոնկրետ քայլերը հենց այդ Պրիգոժինի արշավն էր, քանի որ Պրիգոժինը ընդամենը գործիք է շատ ազդեցիկ մարդկանց ձեռքերում, որոնք կանգնած են նրա մեջքի հետևում։ Ես կարող եմ մի քանի անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած Պրիգոժինի մեջքի հետևում»,- ասաց Գասպարյանը։
Մեր զրուցակիցը նկատեց, որ Պրիգոժինը մինչև իր գործողությունները սկսելը ծավալուն հարցազրույց է տվել. «Նա ասաց, որ պատերազմը իրականում ավանտյուրա էր, և պատերազմի բուն նպատակը ամբիցիաներն ու թալանն էին Շոյգուի համար, օլիգարխների համար, որոնք արդեն ինը տարի Դոմբասը թալանում էին և հիմա ուզել են ավելին։ Այսինքն՝ ինքը պատերազմի բուն նպատակները ասելով հոդս ցնդեցրեց ռուսական հողեր միացնելու այդ վեհ գաղափարը, որի անվան տակ Պուտինը նախատեսել էր այս ավանտյուրան։ Եվ սա խոսում է այն ամենի մասին, որ ինքը այդ պատվավոր կապիտուլիացիայի ձեռքերում գործիք է, որտեղ ինքը բարձրաձայնում է այդ թևի կարծիքը, որ հանդես է գալիս հօգուտ պատվավոր Կապիտուլիացիայի և պատերազմի վերջացման»։
Գասպարյանի խոսքով՝ այս արշավի բուն նպատակն այն է, որ Պուտինը վախենա։
«Բուն նպատակը արշավի Պուտինին վախեցնելն է, Պուտինին ցույց տալ, որ ինքը չունի լուրջ սատարում ո՛չ ի դեմս բանակի, ո՛չ ի դեմս ռուս գվարդիայի, ո՛չ ի դեմս ФСБ-ի, և մենք դա տեսանք, 700 կիլոմետր ճանապարհ անցնելու ժամանակ ճանապարհին դիմադրություն չեղավ, բոլորը փախան, բանակի ստորաբաժանումները անցնում էին «Վագների» կողմը, վագներականները հիշտությամբ, առանց կրակոցի գրավեցին 1 մլն-անոց Ռոստովը և այլն»,- ասաց Գասպարյանը և ավելացրեց, որ ինքը այս ամենը անելուց հետո իր առաքելությունը կատարել է, շրջվել, վերադարձե է։
«Հիմա արդեն Պուտինը վախեցած է, ինքը արդեն հասկացել է, որ չի կարող շարունակել պատերազմը, որովհետև կզրկվի ոչ միայն պաշտոնից, միգուցե նաև կյանքից։ Այն թևը, որը հովանավորում է Պրիգոժինին, իր նպատակին հասել է, որովհետև աշխարհը և Ռուսասատանի բնակիչները տեսան, որ Պուտինը այլևս այն ամենակարող թագավորը չէ, Պուտինի այդ պինդ ձեռքի և իշխանական բուրգի հզորության և կայունության միֆը հօդս ցնդեց, և Պուտինը հասկացավ, որ ինքը ուզի թե ոչ, պետք է գնա զիջումների։ Այս թևը պատրաստ է Պուտինին փափուկ ձևով հեռացնել, այսինքն՝ հնարավոր է՝ հղում անեն առողջական վիճակին, և նա գնա Չինաստան բուժվելու, և դա կարվի Արևմուտքի հետ համաձայնությամբ։ Պուտինը եթե մնա նույն ճամբարում և պատերազմը շարունակի, նրան լավագույն դեպքում կսպասի կա՛մ Հաագայի դատարան, կա՛մ վատագույն դեպքում ճակատի փլուզումից հետո գազազած զինված ապստամբություն, քաղաքացիական պատերազմ կլինի, որի ժամանակ ինքը կարող է զրկվել ոչ միայն պաշտոնից, այլ նաև կյանքից»։