Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով և Արցախի Հանրապետության տարածքների շուրջ 75%-ի կորուստով, Ադրբեջանը ոչ միայն չի դադարում զինվել, այլ նաև շարունակում է տարեցտարի մեծացնել իր ռազմական բյուջեն և գերժամանակակից սպառազինություն ձեռք բերել։ Թվում էր՝ պատերազմում փաստացի հաղթանակ տարած կողմը չպետք է նման խնդիր ունենար, սակայն Ադրբեջանը լավ գիտի, որ ցանկանած հաղթանակ կարող է պարտության վերածվել, և հենց սրանից ելնելով՝ այս երկիրը շարունակում է զինվել՝ նախքան Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը պետք է լեգիտիմացնի պատերազմի արդյունքները, և Արցախը վերջնականապես թողնի Ադրբեջանի կազմում։
Հատկանշական է, որ պատերազմի ավարից անմիջապես հետո Բաքվում հայտարարեցին երկրի ռազմական բյուջեն շուրջ 500 միլիոն դոլարով ավելացնելու մասին։ Ադրբեջանի 2021 թվականի բյուջեով ավելացվեցին երկրի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական եւ իրավապահ մարմինների պահման ծախսերը: Մասնավորապես, այդ ոլորտների ծախսերը 2020 թվականի համեմատությամբ ավելացան 16.3 տոկոսով՝ կազմելով մոտ 4 մլրդ դոլար: Բացի այդ՝ Ադրբեջանի կառավարությունը շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դոլար հատակացրեց Արցախի օկուպացված տարածքների այսպես կոչված վերականգնմանը, որը պետք է ուղղվի այդ բնակավայրերում ենթակառուցվածքների, ինչպես նաև պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը:
2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, երբ պատերազմից անցել էր մի քանի ամիս, Ադրբեջանը հայտնվել է Թուրքիայից սպառազինություններ գնող երկրների ցանկի երկրորդ հորիզոնականում։ Այս համատեքստում Ադրբեջանը հետպատերազմական առաջին տարվա չորս ամիսների ընթացքում միայն Թուրքիայից ձեռք է բերել շուրջ 117.315 միլիոն դոլարի սպառազինություն, որոը 13.3 անգամ գերազանցել է 2020 թվականի ցուցանիշները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է սպառազինություն ձեռք բերել, քանի որ չնայած պատերազմն ավարտվել է, սակայն բանակաշինության գործընթացը չի ավարտվել։ 2021-ի դեկտեմբերին օկուպացված Հադրությում Ադրբեջանի նախագահը նշել էր, որ նոր պայմանագրերի հիման վրա մեկնարկել է ամենաժամանակակից սպառազինության և տեխնիկայի մատակարարումներն Ադրբեջան։
Ադրբեջանը 2022-2023 թվականների ընթացքում նույնպես շարունակել է գերժամանակակից սպառազինություն ձեռք բերել, որոնց հայկական կողմն ականատես եղավ հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունների ժամանակ։ Չնայած պաշտոնական Բաքուն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ տեսակի սպառազինություն է ձեռք բերում, սակայն ակնհայտ է, որ դրանց շարքում գերակշռում են անօդաչու թռչող սարքերը՝ հիմնականում թուրքական և իսրայելական արտադրության։ Նման տեսակի սպառազինությամբ ադրբեջանական կողմը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, քանի որ նաև Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2021-2023 թվականներին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ պարզ դարձավ, հայկական ուժերի հիմնական բացթողումը պայմանավորված է օդային պաշտպանության հետ։
Ալիևը նաև այսօր իր հերթական ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է զինել բանակը նոր սպառազինություններով, այդ թվում՝ մեծ հեռահարության հրթիռներով։ Նրա խոսքով՝ շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ մեծ հեռահարության հրթիռների մատակարարման մասին։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ադրբեջանի բանակի հետագա ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է մնում։ «Պատերազմից հետո նախաձեռնվում են բանակաշինության քայլեր, և դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր սպառնալիքներ, Հայաստանում գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժերը»,- նշել է նա։
Հատկանշական է նաև, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չպետք է սպառազինություն ձեռք բերի, և որ երկրները Հայաստանին սպառազինություն վաճառեն, Բաքուն դա կդիտարկի ոչ բարեկամական քայլ իր նկատմամբ։ Բաքվից նմանատիպ հայտարարություններ հնչեցին հատկապես այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը Հնդկաստանից սպառազինություն է ձեռք բերում, ինչպես նաև մամուլում հրապարակումներ եղան, որ հետաքրքրված է իրանական սպառազինության ձեռքբերմամբ։
Այսպիսով, չնայած Ադրբեջանը պարբերաբեր հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ցանկության մասին, սակայն չի դադարում գերժամանակակից սպառազինություն ձեռք բերել, քանի որ շատ լավ պատկերացնում է, որ ռազմի դաշտում իր արձանագրած հաջողությունները կարող են ցանկացած պահի փոխվել։ Այլ կերպ ասած՝ Բաքուն իր պատկերացրած խաղաղության պայմաններում մինչև ատամները զինվում է գերժամանակից սպառազինությամբ, իսկ Երևանից պահանջում է չզինվել։